Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրին՝ վառվռուն, շլացնող գույներով․ վաճառքի են հանվել 14-ամյա տաղանդների՝ Հոբի, Մկրտիչի ու Փաշիկի նկարները (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 14,2018 17:59

Այսօր «Շալե-Գյումրիի» սրահում բացվեց տնակներում բնակվող 14-ամյա պատանի տաղանդներ՝ Հոբի, Մկրտիչի, Փաշիկի և նրանց վարպետի՝  ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։

Մենք մի քանի ամիս առաջ  անդրադարձել էինք պատանիների ստեղծագործություններին՝ այցելելով Գյումրու ամենաաղքատ ու ցեխոտ թաղամասում՝ Սավոյան փողոցում գտնվող նրանց արհեստանոց: Նրանք ստեղծագործում են տնակային պայմաններում, ճիշտ այնտեղ, որտեղ բնակվում է նաև իրենց տաղանդավոր վարպետը։

Պատանիներին հայտնաբերել էր «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը և 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Հրաշքները տնակներում» ծրագրի շրջանակում օգնել էր կազմակերպել այս ցուցահանդես վաճառքը։ Այսօր ներկայացվեցին պատանի նկարիչների և նրանց վարպետի տասնյակ աշխատանքները:

Նկարներում հիմնականում պատկերված է Գյումրին` իր տնակներով, փողոցներով, բակային ավանդական խաղերով, սակայն երկրաշարժ տեսած քաղաքը լրիվ այլ գույներով է՝ լուսեղ, վառվռուն, պայծառ, ճիշտ այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել պատանիները։

Ցուցահանդես վաճառքի բացման արարողության ժամանակ ասաց Վահան Թումասյանն ասաց․ «Ճիշտ է՝ հայկական իրականության մեջ  շատ գովելը մի քիչ կարող է վնասակար երևույթ լինել , բայց վեց ամիս է՝  մենք աշխատում ենք, վերջին գովեստի խոսքերը կհնչեն իմ կողմից, դրանից հետո ես դադար կտամ։ Գիտեմ, որ նրանց շատերն են ճանաչում։ Ինչպես կասեր Սարյանը՝ շաբաթ օրը ոչ ոք չէր ճանաչում, երկուշաբթի ամբողջ աշխարհը ճանաչեց, նկատի ուներ, որ երկուշաբթի թերթերը լույս են տեսնում։ Հիմա  նրանց շատ-շատերն են ճանաչում, համացանցով կապի մեջ են, ուզում են նկարներ գնել։

Վեց ամիս առաջ՝ նախքան մեր գործողությունները սկսելն, ասում էի՝ այս քաղաքը չի կարող այսքան ընդմիջում տալ, այս քաղաքը պիտի տաղանդներ տա, չի կարող չտալ՝ անկախ վայրիվերումներից, իշխանության տեսակից, աղքատության տոկոսից»։ Վահան Թումասյանը նաև շեշտեց,  որ նրանց վարպետը Հայաստանի ժամանակակից ամենատաղանդավոր նկարիչներից է։

Վարպետը՝ Սամվել Գալստյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատանիների նկատմամբ հետաքրքրասիրությունը շատ մեծ է, արհեստանոց այցելողները շատ են,  սակայն գնորդները քիչ են։ «Ոնց որ թանգարան մտնեն, նայում են, դուրս են գալիս, զրո արդյունք», -ասաց վարպետը։

«Սովետական Միության մտածելակերպով մարդիկ կան, որոնք ասում են՝ գուցե փողը պետք չէ երեխաներին, բայց ինչի՞ պետք չէ, գիտեք այսօրվա պայմանները՝ էդ ո՞ր մեկի ծնողը որտե՞ղ է աշխատում, իհարկե, շատ մեծ պրոբլեմներ ունեն։Գումարն էլ  մեծ գումար չէ, բայց ես գիտեմ, որ իրենք վաճառված նկարների գումարով ներկեր էին առել, վրձիններ էին առել, մի  խոսքով՝ ուզում եմ ասել, որ իրենք պրոցեսի մեջ են մտնում, գումարը դնում են պրոցեսի մեջ՝ թուղթ առնել, վրձին առնել, ներկ առնել»,- ասում է վարպետը։

Ցուցահանդես-վաճառքից առաջինը վաճառվեց Փաշիկի առաջին գործերից մեկը, գնորդը չցանկացավ ներկայանալ, նա նաև գինը չսակարկեց՝ ասելով՝ առաջին անգամ եք նկար վաճառում, մնա մյուս անգամ կսակարկեմ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել