Երկնքին մոտիկ, հողից հեռու,
Անթափանց թանձր, ոչ ոքի տես:
Ո՞ւր ես, խավար աչք ամենատես,
Ե՞րբ ես բացվելու, որ հարատև
Եվ մխիթարես, և փարատես
Իմ կասկածները հազարաթև:
Ե՞րբ ես ինձ լույսով ողողելու:
Այլևս երբեք: Էլ ոչ մի դուռ
Չի բացվի ինքնին: Պիտի բախես,
Որ շնչառության պես բաբախես՝
Ինչքան էլ փորձեն քեզ առկախել,
Ինչ սալաքար էլ ոտքիդ կախեն,
Շարունակվես ու թևաբախես՝
Ինքնասույզ, զուլալ ու ձեռքիդ նուռ:
Նա ինձ չտեսավ՝ նա ինձ նշեց
Լույս ակունքներում բառ ու բանի,
Ասաց՝ սիրիր ու փառաբանիր
Հող-օդ-կրակը-ջուրը, քանի
Իմ թողությունն ես տառապալի,
Որ պիտի ջանա, պիտի բանի
Ադամամութից մինչ կեսգիշեր:
-Տուն կգաս շուտով: Էլ՝ անմարմին՝
Այլուրում թողած սրտիկդ բոց,
Քեզ շատ սիրեցին ու քարակոծ
Եղար երբեմն՝ ամբոխը հոծ
Դեռ դաշտերում է արածելոց:
Խաղաղ ջրերում իմ ալեկոծ
Այլևս վառվիր կանաչ-կարմիր:
Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթի մշակութային հավելվածում: