Տաշքենդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցահարթակը վերջինը տրամադրվեց տղաների գերծանր (+105 կգ) քաշայիններին, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Վարազդատ Լալայանը: Հայաստանցի ծանրորդը Ուզբեկստանի մրցահարթակում երեք մեդալ նվաճեց: Պոկում վարժությունում Վարազդատը 177 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, հրումում՝ 222 կգ, փոքր բրոնզի, իսկ երկամարտի 399 կիլոգրամով Վարազդատ Լալայանը նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը:
Այսպիսով, Հայաստանի պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց երեք ծանրորդով ու բոլորն էլ տուն են վերադառնում մեդալով:
Մինչ այդ, բրոնզե մեդալ նվաճել էին Ռաֆիկ Հարությունյանը (324 կգ) եւ Սամվել Բաբակյանը (362 կգ):
Տղաների ութ քաշային կարգերից մասնակցելով երեքին՝ Հայաստանը թիմային պայքարում 43 երկրների մեջ տեղ զբաղեցրեց 13-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ