Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել ՀՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Սարգսյանը, որը Կապանի քաղաքապետի նախկին տեղակալն է (վերջերս քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականից հետո նա էլ է հրաժարվել պաշտոնից) եւ որոշակի ժամանակահատվածով եղել է նաեւ Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մեզ հետ հեռախոսազրույցում նա հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել:
Տեղեկություններ ունեինք նաեւ այն մասին, որ Ռոմիկ Սարգսյանը պատրաստվում է անդամակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Եթե ՀՀԿ-ից դուրս չեմ եկել, բնականաբար, դա էլ ճիշտ չէ»,-կրկին հերքեց Ռոմիկ Սարգսյանը: Նա նաեւ նշեց, որ ՀՀԿ-ի հետ որեւէ խնդիրներ կամ հակասություններ չունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ