«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեսնում եմ իշխանության նպատակահարմարության շրջանակներում», – այսօր «Դեբատ» ակումբում հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրագետ Արամ Օրբելյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց. «Եթե այսօր լինեն ընտրությունները, Փաշինյանը 75-80 տոկոս ձայն կհավաքի, բայց չեմ կարող ասել՝ ինչքան կհավաքի, ասենք, հոկտեմբերին, դեկտեմբերին կամ ապրիլին: Դա կախված է շատ բաներից: Շատ ներողություն, բայց Վաչագան Ղազարյանի կամ Մանվել Գրիգորյանի միսը չի ուտելու էս ժողովուրդը, ուտել են ուզում: Տնտեսական բլոկ առայժմ չի երեւում, չի երեւում այն տնտեսական տեսլականը, որը կհանի այն վիճակից: Նոր կառավարությունը մեղավոր չի այս վիճակի համար, բայց նոր կառավարությունը զբաղված է այսօր միայն հակակոռուպցիոն եւ նախընտրական պրոցեսներով, որը, ըստ իս, չի խանգարում, որ զուգահեռ տարվի նաեւ տնտեսական բլոկի աշխատանքը: Բայց այդ բլոկի աշխատանքը, բացառությամբ երեկվա ՊԵԿ-ի ասուլիսի, որ այսքան գումար է հավաքվել, չի երեւում: ՊԵԿ -ը կարա քերի, հավաքի, բայց տնտեսական զարգացման տեսլական չկա, չի երեւում աշխատանք, ինչը եւս օբյեկտիվ է, կառավարությունը ժամանակավոր է, պետք է հիմա պահպանել վարկանիշ, հետո նոր ձեւավորել տնտեսական բլոկ»:
Ավելի ուշ Aravot.am-ը Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ եթե ասում եք ժողովրդին չեն կարող երկար կերակրել «Վաչագան Ղազարյանի կամ Մանվել Գրիգորյանի մսով», այսինքն, ժամանակը Նիկոլ Փաշինյանի դե՞մ է աշխատում՝ նա պատասխանեց. «Առայժմ, իհարկե, դա աշխատում է, վարկանիշ է բարձրացնում, դա չի նշանակում, որ վատ է անում, պետք էր դա անել եւ շատ լավ է անում, որ անում է, բայց դա չի բացառում, որ տնտեսական բլոկը զուգահեռ զարգացնի, մեկը մյուսին պետք է լրացնեն»:
Մեր դիտարկմանը, որ տնտեսական առումով էլ որոշ ուղերձներ եղան, որ մենաշնորհներ չեն լինելու, ներդրումներ անելու՝ Կարեն Քոչարյանը արձագանքեց. «Մենաշնորհներ, ներդրումներ ասվել է, այո, բայց այստեղ, ի տարբերություն տնտեսական հատվածի, ասվածը դառնում է գործ շատ արագ: Այստեղ ասվեց մենաշնորհներ եւ ի՞նչ, Սամվել Ալեքսանյանն էլ չունի՞ մենաշնորհներ»: Դիտարկմանը, որ համենայնդեպս, ասվում է, որ ով ինչ ուզենա, կարող է ներկրել, որեւէ խնդիր չի ունենա՝ Քոչարյանը պատասխանեց. «Չէ, դա այդպես չի, տնտեսությունն ունի իր կանոնները: Հասկանալի է, որ այսօր, եթե որեւիցե մեկը փորձի ներկրի շաքար, նրան չեն ասի, որ մի՛ ներկրի: Բայց ես հենց բերեցի, ինքը ունի ռեսուրս դեմպինգ անելու: Ես միանգամից տակ կտամ: Որպեսզի մոնոպոլիան վերացնեն, դա միայն այն չի, որ ասեն՝ ով ինչ ուզում է՝ թող ներկրի: Պետք է մեխանիզմ ստեղծել դրա համար, որ մոնոպոլիան վերացվի»:
Արամ Օրբելյանի դիտարկմամբ, մենք պետք է ընդունենք, որ անցել ենք արդեն խորհրդարանական կառավարման համակարգի, մինչեւ հիմա մենք միշտ մտածել ենք՝ նախագահը փոխվեց՝ ամեն ինչ փոխվեց. «Մտածում ենք՝ խի՞ չեն դատավորներին փոխում,, խի՞ չեն քննչականին փոխում, դատախազին փոխում, ոստիկանին փոխում, մանկապարտեզի այս տնօրենին փոխում, հարեւանին փոխում, քիչ է մնում ասենք՝ նախագահը փոխվել է, խի՞ չենք կնոջս ամուսնուն փոխում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ