Բուհական ընդունելության քննություններին այս տարի մասնակցել է 5087 դիմորդ՝ նախորդ տարվա ցուցանիշից կրկնակի պակաս: «Այս խնդիրը պայմանավորված է 12-ամյա կրթության համակարգով, բայց եկող տարվանից էլ չենք ունենա թվի նման անկում: Մյուս տարի մոտ 12 000 դիմորդ կլինի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարո Նասիբյանը:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն էլ նշեց, որ դիմորդների թվի աճ է նկատվել Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի գծով: Կարո Նասիբյանն էլ ավելացրեց, որ 29 մասնագիտությունների համար մի շարք բուհեր այս տարի ուսանողներ չեն ունենա. «Խոսքը հիմնականում Մանկավարժական համալսարանի մասին է: Դիմողներ չեն եղել նաեւ Բրյուսովի անվան համալսարանի եւ Շիրակի պետական համալսարանի որոշ մասնագիտությունների համար, այդ թվում՝ բնագիտություն, լրագրություն, սուրդոմանկավարժություն: Որոշ դեպքերում դիմողներ եղել են, բայց չեն ընդունվել»:
Բանախոսները նաեւ տեղեկացրին, որ այս տարի Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի համար դիմել է 269 անձ. 18-ը չի հաղթահարել սահմանված շեմը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ