Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներքաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են անդրադարձել ՀՀ բնակարանային շուկայի զարգացումների վրա. «Հայոց աշխարհ»

Հուլիս 14,2018 11:40

Ներքաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Հայաստանի անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայի զարգացումների վրա։ Տարեսկզբի ակտիվությունը ապրիլ-մայիսին ոչ միայն դանդաղել, այլեւ հետընթաց է ապրել։ Ընդ որում՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։

Բնակարանային շուկայի պասիվացումն արտահայտվել է առք ու վաճառքի գործարքների անկման տեսքով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ մարտին հաջորդող շրջանում բնակարանների առք ու վաճառքի գործարքները նվազել են։ Խոսքը մասնավորապես բազմահարկ շենքերի բնակարանների մասին է, որոնց բաժին է ընկնում շուկայի հիմնական մասը։

Կադաստրի կոմիտեի տվյալները հիմք են տալիս ասելու, որ մարտին բնակարանների առք ու վաճառքը ակտիվ է եղել։ Կատարվել է վաճառքի 1400 գործարք։ Արդեն ապրիլին գործարքների թիվը կրճատվել է 211-ով (կամ 15 տոկոսով), ինչը լուրջ անկում է։

Չնայած մայիսին շուկայի ակտիվությունը որոշ չափով վերականգնվել է, այնուհանդերձ այն դեռեւս զգալիորեն զիջում է մարտի ցուցանիշը։ Շուկան պասիվացել է 9,5 տոկոսով։ Մայիսին մարտի համեմատ բնակարանային գործարքների թիվը պակասել է 133-ով։

Բնակարանային շուկայի պասիվացումը վերջին ամիսներին մայրաքաղաքում առարկայական է եղել։ Ապրիլից շուկան մտել է անկման փուլ։

Տարեսկզբի երեք ամիսների ակտիվությունից հետո այդ ամսին Երեւանում 145-ով պակաս բնակարան է վաճառվել։ Այլ կերպ ասած, գործարքները կրճատվել են գրեթե 15 տոկոսով։ Միտումը պահպանվել է նաեւ մայիսին։ Մարտի համեմատ գրեթե 11 տոկոսով նվազել է բնակարանների վաճառքը։

Համեմատաբար ակտիվ է եղել մայրաքաղաքի կենտրոնի բնակարանային շուկան, որին բաժին է ընկել կատարված գործարքների ավելի քան 19 տոկոսը։ Ակտիվության առումով այն գերազանցել է նույնիսկ մարտի ցուցանիշը, որը 17 տոկոսից ցածր էր։ Ինչպես տարեսկզբին, այնպես էլ ապրիլ-մայիս ամիսներին բնակարանների վաճառքը առավել պասիվ է եղել Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական տարածքներում։

Հասկանալի է, որ այս դրսեւորումները կապված են հիմնականում ներքաղաքական սրացումների հետ։ Անշարժ գույքի շուկան սովորաբար շատ արագ է արձագանքում նման վիճակներին։ Ձեւավորվում են որոշակի սպասումներ ապագայի նկատմամբ, ինչն էլ անմիջականորեն արտահայտվում է գործարքների վրա։ Ինչպես սովորաբար լինում է, այդպիսի դեպքերում շուկայի մասնակիցները հետաձգում են իրենց քայլերը։

Շուկան այդպիսի ազդեցություններից զերծ չի եղել նաեւ ապրիլ-մայիսի ընթացքում։ Դա անշուշտ անսովոր երեւույթ չէ։ Բայց դեռ որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի հասկանալու համար, թե ներքաղաքական վերջին իրադարձություններն ինչպիսի մտադրություններ են ձեւավորել շուկայում փոքր-ինչ ավելի երկարաժամկետ հատվածի համար։ Միայն բնակարանային շուկայի առաջիկա զարգացումները հնարավորություն կտան գնահատելու հասարակության շրջանում ի հայտ եկած սպասումների դրական կամ բացասական լինելը, այդ թվում՝ նոր իշխանությունների գործողությունների եւ դրանց հետ կապված ակնկալիքների առումով։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031