Մոտակա ժամանակահատվածում (խոսքը մինչեւ 2020թ. մասին է), Հայաստանում աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, որովհետեւ պետական բյուջեն չունի նման հնարավորություն։
Հասարակության եկամուտների ավելացման հարցում անշուշտ կարեւոր դեր ունի ոչ միայն աշխատավարձի աճը, այլեւ նոր աշխատատեղերի բացումը։ Եթե չկան ներդրումային ակնկալիքներ, անիմաստ է խոսել գործազրկության կրճատման կամ մարդկանց աշխատատեղերով ապահովելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման մասին։
Եկամուտների ավելացման մյուս աղբյուրը աշխատանքի արտադրողականության եւ, այսպես ասած, բիզնեսի արդյունավետության բարձրացումն է։ Ասենք, գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման ներդրումը կամ գյուղացու բերքը բնական աղետներից հնարավորինս պաշտպանելը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի դրան հասնելու համար։
Հասարակության վճարունակությունը բարձրացնելու հարցում, իհարկե, միայն կառավարությունը չէ, որ անելիքներ ունի։ Պակաս կարեւոր չէ նաեւ բանկային հատվածի դերը։
Հարկավոր է մտածել ոչ թե տույժ-տուգանքներից վարկառուներին ազատելու, այլ վարկերի պայմանները բարելավելու եւ մատչելիությունը բարձրացնելու մասին։ Չնայած վերջին երկու տարում նկատվող էժանացմանը, այնուհանդերձ վարկային պրոդուկտների գինը չի համապատասխանում հասարակության վճարունակությանը։ Տոկոսադրույքները Հայաստանում շարունակում են բարձր լինել։
Իհարկե դա ունի իր պատճառները։ Մի կողմից բանկային համակարգի կայունության ապահովման նպատակով կիրառվող խիստ պահանջները, մյուս կողմից՝ ներգրավող միջոցների սղությունն ու թանկությունը բացասաբար են ազդում վարկերի մատչելիության վրա։
Լուրջ խնդիր կա թաքնված վարկային գնի հետ կապված։ Երբեմն տրամադրվող վարկերն այնպիսի մութ պայմաններ են պարունակում, որոնք զգալիորեն ավելացնում են դրանց սպասարկման ծանրաբեռնվածությունը։ Շատ դեպքերում տեղեկացված չլինելով նման խութերի մասին, վարկառուները հետագայում կանգնում են դժվարին կացության առաջ։
Բանկերը լուրջ անելիք ունեն նաեւ տրամադրվող միջոցների նպատակային օգտագործմանը հետամուտ լինելու հետ կապված։ Քիչ չեն դեպքերը, երբ հատկացված գումարները, ասենք, գյուղվարկերը, ծախսվում են ոչ թե գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, այլ ուրիշ նպատակների, այդ թվում՝ կենցաղային խնդիրների լուծման համար։ Չապահովելով վերարտադրություն՝ հետագայում։ Դրանց վերադարձելիության հետ կապված դժվարություններ են առաջանում։
Սրանք են այն հիմնական խնդիրները, որ գոյություն ունեն վարկային շուկայում։ Դրանք պետք է լուծեն կառավարությունն ու բանկերը՝ մի կողմից հասարակության վճարունակությունը բարձրացնելու, մյուս կողմից՝ վարկերի մատչելիությունն ու տեղաբաշխման նպատակայնությունը ապահովելու միջոցով։
Թե մոտակա ժամանակահատվածում որքանո՞վ է իրական այս խնդիրների լուծումը, այլ հարց է։ Մի բան անկասկած է, որ առանց դրանց, տույժ-տուգանքների ներումը որեւէ շոշափելի նշանակություն չի կարող ունենալ։ Կարճ ժամանակ անց վարկային շուկայի մասնակիցները դարձյալ կանգնելու են նույն անհաղթահարելի փաստի առջեւ։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում