Հյուսիսային պողոտայում տեղակայված «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունից հետո արագ սննդի այս կետը կրկին աշխատում է եւ սպասարկում մեծ թվով հաճախորդների:
Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 2-ին` երեկոյան, ինչի արդյունքում տուժել էին 8 քաղաքացի, այդ թվում` երեխաներ: Տուժածները տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ մի երեխայի վիճակը գնահատվել էր ծանր, մյուսներինը՝ բավարար:
Նախնական վարկածով՝ պայթել էր լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը: «Բուրգեր Քինգ»-ի գործն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում: Երեկ «Առավոտի» հարցին, թե ինչ ընթացքում է գործի քննությունը, ի՞նչն էր պայթյունի պատճառը, ի վերջո ո՞վ է մեղավոր, Քննչական կոմիտեից պատասխանեցին, որ նոր են ստացել քննչական գործողությունների եզրակացությունը եւ առաջիկայում կհրապարակեն. «Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառը, եւ ձեռնարկված ապացույցների հիման վրա տրված իրավական գնահատականների մասին առաջիկայում մանրամասն կտեղեկացնենք»:
Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած բարոյական ու ֆինանսական վնասները՝ պարզ կլինի գործը դատարան գնալուց հետո:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2018