Լրահոս
Օրվա լրահոսը

Անմահները չեն շտապում

Հուլիս 14,2018 16:01

Եթե գրողը, նկարիչը, երաժիշտը տեսիլք-երազի տերերն են, ապա քննադատները պետք է որ երազահաններ լինեն, որ քրքրեն նրանց գործերը և գտնեն այն, ինչի մասին հեղինակները լռել են իրենց ստեղծագործությունների մեջ: Եվ եթե երևելի հեղինակներն իրենց ճանաչած աշխարհը ներկայացնում են գթությամբ, մի տեսակ անդառնալի ափսոսանքով, ապա քննադատներն իրենց փնտրտուքների մեջ դատելիս պիտի որ գոնե արդար լինեն, իսկ ստեղծագործ հեղինակներին հետևող աշակերտները՝ ուշիմ:

Նոր աշխարհի, այսինքն թե՝ Ամերիկայի քաղաքակրթության զարմանալի ամուր հիմքերը դրեցին ոչ միայն այդ երկրի օրենսդիրները, այլև երեք երևելի մարդ՝ Հերման Մելվիլը, Ուոլթ Ուիթմենը և Ջեկ Լոնդոնը: Չի կարելի ասել, թե ժամանակի քննադատները նրանց հանդեպ պահպանեցին արդարության խոստումը, բայց վստահ տեսանելի է, թե որքան ուշիմ եղան նրանց հետևողները:

Չնայած դատավորներին չեն դատում, բայց դատավորն ինքն է դատվում ժամանակներում դատվածների կողմից, երբ որ չի էլ ենթադրում, թե ինչպես մեկ մարդը կարող է ձևավորել, թելադրել մի ամբողջ ժողովրդի մշակույթ, որի վրա էլ ձևակերպվում, հաստատվում են ազգի, Ամերիկայի դեպքում՝ պետության, պետության քաղաքացու անցնելիք հոգևոր ճանապարհի ուղենիշները:

Անգլիան ստեղծեց համաշխարհային գաղութատիրություն՝ ոչ միայն մեծն թագուհի Վիկտորյայի, այլև իր գրողների՝ Դանիել Դեֆոյի, Ջոնաթան Սվիֆտի, Հենրի Ռայդեր Հագգարդի շնորհիվ, ովքեր, ի դեպ, անգլիական տերության գաղտնի ծառայության անդամներ էին…

Իսկ մենք, փոխանակ հետևելու Մովսես Խորենացու հորդորներին՝ պահպանել ունեցածը և ծավալվել մինչև մեր հին տերության երերացող սահմանները, որտեղ վերջանում էր հայոց լեզուն, մեր հին փառքեր ունեցող պետությունը ներփակեցինք՝ ապավինելով Ագաթանգեղոսի Հայոց պատմությանը, որն, ըստ էության, Գրիգոր Լուսավորչի տոհմի պատմությունն էր և քիչ առնչություն ուներ հայոց իրական պատմության հետ:

Եվ ահա այսօր, համոզված եմ, եկել է Խորենացուն վերադառնալու ժամանակը՝ որպես դասագիրք և միասնական կամքով պետություն կառուցելու ուղենիշ, եկել է նաև ժամանակը՝ չափ դնելու դատավորների խոսքին և լռությանը՝ ընդունելով, որ հազար հինգ հարյուր տարի լինելով մեր թիկունքում՝ Խորենացին է այսօր մեր առաջնորդը:

Մտածում եմ ու հիանում նաև, թե ինչպես կարողացան մեզանից շատ ավելի ջահել այդ տերություններն իրենց գրողների միջոցով ստեղծել իրենց պետությունները, իսկ մենք չկարողացանք ամբողջացնել:

Խորենացու անունը հնչեցնելով՝ կարծում եմ, որ մեր մտավորականը ժամանակն է, որ արթնանա՝ ստեղծելու, ներկայացնելու, գրի մեջ համոզելու այն, ինչը մեր ժողովրդի՝ դեռևս բառերով չարտահայտված ամենախորին նվիրական ցանկությունն է՝ ձևակերպել մեր տեսակը և հայրենիքը մեր:

Չնայած մենք այնքան հին ենք, որ ոչ մի տեղ չենք շտապում: Այո՛, անմահները շտապելու տեղ չունեն:

Իսկ մեր ազգն անմահ է այլևս… և մեր անպետականության վեց հարյուր տարիներին այնքան է լսել մտավորականին, որ այսօր, թերևս, ուրիշ ձայնի է սպասում- Խորենացու ձայնին, որը հնչեց հազար հինգ հարյուր տարի առաջ: Հնչեց, և արձագանքը նշանառու նետի պես անցավ մեզանից առաջ…

Նետն արդեն արձակված է, մեզ մնում է գնալ նետի հետևից:

Մերուժան ՏԵՐ ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

14.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031