Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում ռուսաստանաբնակ հայ գործարար Մեխակ Նադարյանը եւ «Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը քննարկում են, թե ինչ մտահոգություններ կան հայաստանյան բիզնես միջավայրի հետ կապված, եւ ինչպես կարող է աջակցել ներդրումների եւ արտահանման ազգային մարմինը դաշտին անծանոթ գործարարներին:
Հ. Ջեբեջյան.- Նախ ասեմ, որ Մեխակ Նադարյանը հեղափոխությունից հետո եւ հեղափոխությամբ ոգեւորված՝ որոշել է գալ Հայաստան եւ այստեղ նոր բիզնես սկսել: Մինչ հաղորդումը նա պատմում էր, թե ինչպես են ընտանիքով այն «Դուխով» շապիկները, գլխարկները դրած հուզմունքով հետեւել հայաստանյան իրադարձություններին ու հենց այդ ժամանակ էլ որոշել, որ նոր Հայաստանում նոր իրողություններ են, եւ իրենք ուզում են մասնիկը դառնալ այս ամենի, իրենց հող ու ջրում բիզնես սկսել եւ ներդրումներ անել: Պարոն Նադարյան, առաջին հարցս ուղղեմ Ձեզ, Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք հայաստանյան բիզնես միջավայրի հետ կապված, ի՞նչ ակնկալիքներ ունեք, եւ հաշվի առնելով, որ բնակվում ու գործունեություն եք ծավալում Ռուսաստանում, որն ունի մեծ շուկա, հայաստանյան շուկան ինչո՞վ է գրավիչ Ձեզ համար:
Մեխակ Նադարյան.- Առաջվա մտահոգությունների հետ համեմատած՝ հիմա մեր մտահոգություններն ուրիշ են: Հիմա ես ծանոթ չեմ Հայաստանի օրենսդրական դաշտին, ուզում եմ ծանոթանալ: Շատ ոգեւորված եմ, իհարկե, նոր քաղաքական բարեփոխումներով: Կցանկանայի վերադառնալ ընտանիքով Հայաստան, բիզնես դնել եւ շարունակել ապրել Հայաստանում, աշխատել մայր հողում: Հայրենիքի կանչն իրոք մեծ է ընտանիքիս բոլոր անդամների համար, ուզում ենք վերադառնալ Հայաստան:
Հ. Ջ.- Հայաստանյան շուկան ինչո՞վ է գրավիչ Ձեզ համար, մոտավոր պատկերացում ունե՞ք՝ ինչ բիզնեսով եք ուզում զբաղվել:
Մ. Ն.- Շուկայի գրավչությունն այդքան կարեւոր չի, իրոք, առաջին հերթին հայրենիքի ձայնն է կանչում: Աշխատող ենք, կաշխատենք, եկամուտներն էական չեն, կուզենամ վերադառնալ Հայաստան, կաշխատեմ, բիզնես ծրագրեր ունեմ, գաղափարներ ունեմ, առաջիկայում պլաններ կան վերադառնալու: Անպայման վերադառնալու եմ: Հիմիկվա իմ այցը Հայաստան նպատակ ունի զուտ ծանոթանալ Հայաստանում բիզնես պլաններին, որ հետագայում կարողանամ ճիշտ կողմնորոշվել՝ որ բիզնեսով զբաղվել:
Հ. Ջ.- Պարոն Միրզոյան, Ձեր առջեւ գործարար է, որը դեռ չի կողմնորոշվել՝ որ ոլորտում ներդրումներ անել, ինչ բիզնես սկսել, հայաստանյան դաշտին անծանոթ գործարարին ներդրումների եւ արտահանման ազգային մարմինը ինչպե՞ս կարող է աջակցել, ի՞նչ խորհուրդներ կարող է տալ:
Հայկ Միրզոյան.- Ես նախ ողջունում եմ, որ մեր հայրենակիցը որոշում է կայացրել Հայաստան տեղափոխվելու: Դա շատ լավ միտում է հայրենադարձության, որը պետք է ողջունվի բոլորիս կողմից, ինչ վերաբերում է «Բիզնես Արմենիայի» գործառույթներին՝ կապված գործարարներին աջակցելու հետ, մենք գործարարին, որը գալիս է Հայաստան ներդրումներ անելու, հենց առաջին փուլից սկսած աջակցություն ենք ցուցաբերում, մինչեւ բիզնեսը հիմնելը եւ գործունեություն ծավալելը: Ինչ վերաբերում է պարոն Նադարյանին, ինչպես հասկացա, դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ուղղությամբ գործունեություն պետք է ծավալի, մենք կարող ենք ներկայացնել հարկային եւ ներդրումային միջավայրը Հայաստանի, գործարար միջավայրը, իրեն հետաքրքրող բոլոր տեղեկատվությունը տրամադրել, մեզ մոտ եղած գործարար ծրագրերը ներկայացնել՝ որպես կողմնորոշիչ՝ ինչ բիզնեսով կուզի զբաղվել: Բայց յուրաքանչյուր գործարար ինքը պետք է ընտրի՝ ինչ ուղղությամբ բիզնես է ուզում հիմնել Հայաստանում: Մենք կտրամադրենք տեղեկատվություն, խորհուրդներ կտանք, բայց իր տեղը չենք կարող ասել, թե ինքը ինչ բիզնես սկսի: Գաղափարը ինքը բերի՝ մենք ամեն փուլում իրեն կաջակցենք՝ սկսած բիզնես ծրագիր կազմելուց, ընկերություն գրանցելուց, եթե ինչ-որ գործունեություն է, որ հատուկ լիցենզիաների կարիք ունի, պետական կառույցների հետ աշխատել, եթե սարքավորումներ պետք է ներմուծի, կօգնենք համապատասխան հայտեր ձեւակերպելու եւ կառավարությանը դիմելու՝ աջակցության գործիքներից օգտվելու: Մենք «Բիզնես Արմենիայի» ներքո ստեղծել ենք գործարար ակումբ, որի մեջ ներդրված են նեղ մասնագիտական խորհրդատվական ընկերություններ՝ իրավաբանական, հաշվապահական, մաքսային բրոքերների ընկերություններ կան, անշարժ գույքի գործակալություններ, որի նպատակն է, որ նման մարդկանց, եթե պարոն Նադարյանը վաղը ավելի նեղ խորհրդատվության կարիք ունենա, մենք նեղ մասնագիտացված ընկերությունների միջոցով էլ հնարավորություն ունենք իրեն աջակցելու, ու մեր հաճախորդներին այդ ընկերությունները զեղչով կամ որոշ ժամանակահատված անվճար ծառայություններ են մատուցում:
Հ. Ջ.- Մինչ հաղորդումը պարոն Նադարյանը պատմում էր, թե ինչով է ՌԴ-ում աշխատելն իր համար գրավիչ եղել, ասում է, որ 4-5 տարի առհասարակ հարկային մարմինների հետ չի շփվել, մտավախություն ունի, որ փաստաթղթերը, վարչարարությունը այստեղ շատ են:
Հ. Մ.- Ես հակված չեմ կարծելու, որ Ռուսաստանում վարչարարությունը ավելի քիչ է, քան Հայաստանում: Ես կասեի հակառակը՝ պարզեցված ընթացակարգեր են, կապված է, թե ինչ գործունեության տեսակ կընտրի եւ հարկային ինչ ռեժիմով կաշխատի: Երբ որ ինքը որոշի ներդրումներ իրականացնել, մենք խորհրդատվություն կտանք, թե հարկային ինչ ռեժիմով աշխատի: Չեմ կարծում, որ ՀՀ-ում հարկային կամ մաքսային ընթացակարգերը բարդ են, մանավանդ վերջերս ավելի դյուրացվել են, ու կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, այդ թվում՝ հարկային-մաքսային օրենսդրության մեջ:
Մ. Ն.- ՌԴ-ում անհատ ձեռներեցներին սկզբնական շրջանում մեծ արտոնություններ են տրվում, հարկերը մուծվում են, ոչինչ չես թաքցնում, բայց ամեն ինչ անում են, որ զբաղվենք մեր ներդրումներով, սկզբնական աշխատանքները թողած՝ չվազենք փաստաթղթերով զբաղվենք: Ես սկզբի տարիներին ընդհանրապես հարկային մարմինների երեսը չեմ տեսել, եռամսյակը մեկ հաշվետվություն եմ տվել ու վսյո, ուրիշ մարմնի չեմ հանդիպել: Եթե ՀՀ-ում էլ այդպես է՝ ավելի լավ:
Հ. Մ.- Հայաստանում էլ էլեկտրոնային համակարգերը ներդրված են, Դուք կարող եք Ձեր հաշվետվություններն էլ, վճարումներն էլ էլեկտրոնային կատարել, ինչ վերաբերում է ստուգումներին, մեզ մոտ ներդրված է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգը, դա ավտոմատ ծրագիրն է ընտրում՝ ինչքանով եք դուք ռիսկային, նոր ձեզ մոտ այցելում են:
Հ. Ջ.- Պարոն Նադարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց հետո մի քանի անգամ ասել է, նաեւ օրեր առաջ Սիսիանում կոչ արեց ոչ թե օգնություն ուղարկել, այլ ներդրում անել, աշխատատեղ ստեղծել մեր երկրում, ու ասաց՝ երաշխավորում եմ՝ ոչ մեկը փայ չի մտնի ձեր բիզնեսին: Միաժամանակ վարչապետն ասաց, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, եւ ստվերում գործելը, հարկեր թաքցնելը պատժվելու է, Ձեզ այս պայմանները գոհացնո՞ւմ են, եւ վարչապետի երաշխավորությունը գործարարների համար կարո՞ղ է հիմք լինել:
Մ. Ն.- Ես ուշադրությամբ հետեւում եմ վարչապետի բոլոր ելույթներին, շատ տրամաբանական է, ընդունում ենք, եւ մեր վարչապետի խոսքերի հիման վրա մտածում ենք շուտափույթ վերադառնալ Հայաստան եւ մեր բիզնեսը դնել Հայաստանում:
Հ. Ջ.- Իսկ նախկինում ի՞նչն է խանգարել գալ, ասացիք՝ հայրենիքը կանչում է, առաջ չէ՞ր կանչում, ինչո՞ւ առաջ չէիք գալիս՝ բիզնես սկսելու ՀՀ-ում:
Մ. Ն.- Փորձեր արել եմ, եկել եմ որոշ ժամանակ, բայց հիասթափություն եմ ապրել ամեն մի մանրուքից: Շատ բաներ են եղել, տեսել եմ: Իմ աշխատանքը չի եղել մեծ մասշտաբների, փոքր ու միջին բիզնեսի հետ կապված Հայաստանում չեմ տեսել այդպիսի հնարավորություն, որ կարող եմ ներդնել եւ հանգիստ աշխատել, հիմա հույս են ներշնչում մեր վարչապետի խոսքերը, կցանկանամ վերադառնալ: Փոքր ու միջին բիզնեսը պետք է լինի, որ ժողովուրդն ապրի, այստեղ մենաշնորհներ էին, առավելությունը տրվում էր խոշոր բիզնեսմեններին, որը ժողովրդին օգուտ չի բերում: Հիմա հույսեր ունենք:
Հաղորդումը վարեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ
Մանրամասները՝ տեսանյութում: