Այս տարվա հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում փոքր ու միջին բիզնեսով զբաղվող 11 ընկերություն չի կատարել հարկային պարտավորությունը` պետությանը պատճառելով 16 միլիոն 808 հազար 660 դրամի վնաս: Այսպես` «Էյ Էմ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` ՍՊԸ-ն, առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման համար պետական բյուջե չի վճարել 3 միլիոն 64 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների հրապարակած փաստաթղթերից: Նույն խախտումը կատարել է նաեւ «Ռ.Տ. Թրեյդինգ» ընկերությունը: Այս ՍՊԸ-ն էլ 10 միլիոն 500 հազար դրամի է պետությանը վճարելիք հարկերից խուսափել:
«Լուսարբիլդ» ընկերությունը նույնպես առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման համար հայտնվել է հարկայինի «սեւ» ցուցակում` խուսափելով 164 հազար դրամ հարկային պարտավորություններից: «Պրոֆֆ-Կոսմետիկ» ՍՊԸ-ն էլ պետական բյուջե չի վճարել 13 հազար 320 դրամ` կրկին ապրանքը մատակարարելով կամ տեղափոխելով առանց ուղեկցող փաստաթղթերի: «Էլ-Ին-Առ» ընկերությունը 122 հազար դրամի հարկային պարտավորությունից է խուսափել: ՊԵԿ-ի ցուցակում է նաեւ հայտնի «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ընկերությունը, որը հունիս ամսին առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքները մատակարարել կամ տեղափոխել է՝ պետական բյուջե չվճարելով 1 միլիոն 234 հազար դրամ:
«Բիզնես Միքս» ընկերությունը թույլ է տվել նույն խախտումը՝ չվճարելով 1 միլիոն 64 հազար դրամ հարկ: Ապարանի պանրի գործարանն էլ 57 հազար դրամ հարկ է թաքցրել: «Վոլֆենգրուպ» ընկերությունը 4000 դրամի խախտում է կատարել: ՌԱՖԱՆԺ ՍՊԸ-ն մոտ 600 հազար դրամի հարկ չի վճարել` ապրանքները տեղափոխելով կամ մատակարարելով առանց ուղեկցող փաստաթղթերի:
«Եղիկյաններ» արտադրական կոոպերատիվը հարկայինի ցուցակում է հայտնվել 25 հազար դրամ հարկայաին պարտավորությունը չկատարելու համար:
Հունիսի առաջին կեսին եւս երեք ընկերություն միասին վերցրած իրենց ապրանքներն առաքելով կամ մատակարարելով առանց ուղեկցող փաստաթղթերի՝ պետությանը պատճառել են 5 միլիոն 94 հազար դրամի վնաս: «Կոկա Իմպորտ» ընկերությունը 5 միլիոն դրամ է թաքցրել պետությունից:
«Զեյթուն Սվիթը» պետական բյուջե չի վճարել 31 հազար դրամ: «Սամվելյան» դիզայնի եւ արվեստի կենտրոնը խուսափել է 3 հազար 300 դրամ հարկային պարտավորությունից:
Պետեկամուտների փաստաթղթից տեղեկանում ենք, որ ապրիլ ամսին այս խախտումների քանակն աննախադեպ է եղել. նույն խախտումը կատարել են 100-110-ից ավելի ընկերություն, որոնք պետական բյուջե չեն վճարել մոտ 75 միլիոն 650 հազար դրամ հարկ: Այս ժամանակահատվածը համընկնում է ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2018