Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի ձեւավորենք ազատ մրցակցային շուկայական հարաբերություններ, անհրաժեշտ է կատարելագործել հակամենաշնորհային քաղաքականությունը

Հուլիս 14,2018 14:30

Ազատ մրցակցային շուկայական հարաբերությունների ձեւավորման եւ կայացման հիմնախնդիրները

Բարձր գնահատելով երկրում իրականացվող կոռուպցիայի դեմ իրական պայքարը՝ միաժամանակ առաջնակարգ նպատակ պետք է համարել տնտեսության զարգացումը եւ դրա հիման վրա հզոր Հայաստանի ստեղծումը: Այս նկատառումով 2-3 ամիսների ընթացքում «Առավոտ» օրաթերթում հրատարակել եմ վեց հոդվածներ, որոնք ներառում են տնտեսության զարգացման հիմնախնդիրները: Դիցուք, մենք դեռեւս չենք վերականգնել 2008 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Այսօր մենք մոտ 3 միլիարդ դոլարի պակաս համախառն ներքին արդյունք ենք արտադրում, քան 2008 թ.: Եթե մեր տնտեսությունը զարգանա 3-4% տնտեսական աճով, ապա եւս 8-10 տարի անհրաժեշտ կլինի, որպեսզի վերականգնենք նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակը:
Շուրջ երեք տասնամյակ ձեռնամուխ ենք եղել ձեւավորելու ազատ մրցակցային շուկայական հարաբերություններ, սակայն մենք դեռեւս շատ հեռու ենք դրանից: Մենք ավելի շատ կառուցել ենք կոռումպացված, օլիգոպոլ, թալանչիական տնտեսություն, որի հիմնական մեղավորները նախորդ երեք նախագահներն են:

Մեր երկիրը հիմնականում կանգնած է եղել անդունդի, կործանման եզրին: Արամ առաջինի խոսքերով ասած` Հայաստանը պարբում է: Հետեւաբար մեր կառավարության հիմնական նպատակը պետք է լինի ազատ, կատարյալ շուկայական հարաբերությունների ստեղծումը եւ դրա հիման վրա երկրի տնտեսական զարգացման ապահով ու բնակչության համար արժանապատիվ կենսամակարդակի ստեղծումը:

Հիմնական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել գիտականորեն հիմնավորված տնտեսական վերափոխումներ: Եթե դա դիտարկենք զուտ տնտեսական եւ սոցիալական զարգացման դիրքերից, ապա պետք է ունենալ գիտականորեն հիմնավորված հայեցակարգ (նոր դասական կամ նոր քեյնսյան), որը պետք է ներառի իրական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը եւ դրանց միաժամանակյա զուգահեռ օգտագործումը: Սակայն մինչ այսօր մեր կառավարության նիստերը հիմնականում ներառել են առօրյա խնդիրների լուծումը, որը հաճախակի հակասական բնույթ է կրում, ինչպես, օրինակ, ճգնաժամային իրավիճակում, վերջին հարկային օրենսդրությամբ նախատեսվում է եկամտահարկի բարձրացում:

Որպեսզի ձեւավորենք ազատ մրցակցային շուկայական հարաբերություններ, առաջին հերթին անհրաժեշտ է կատարելագործել հակամենաշնորհային քաղաքականությունը: Դեֆակտո մենաշնորհները այսօր հանդես են գալիս գին թելադրողների դերում: Տնտեսական մրցակցության պաշտպանող պետական հանձնաժողովը (կոմիտեն) չի կարող լիարժեք ձեւով վերահսկել երբեմնի անհիմն գների բարձրացումը: Այդ հանձնաժողովը չի ծառայում իր նպատակին եւ հիմնականում դարձել է բյուջեն փող լցնելու (տուգանքների ձեւով) լրացուցիչ միջոց:

Իրականում փակվեցին հազարավոր փոքր եւ միջին գործարարների օբյեկտներ: Հետեւաբար հակամենատիրական քաղաքականությանը կատարելագործելու համար անհրաժեշտ է վարչաիրավական միջամտություն, մասնավորապես մենաշնորհների նկատմամբ ժամանակավորապես սահմանել գների վերին եւ ներքին սահմանները՝ հաշվի առնելով արտադրական ծախսերը եւ շահույթը:

Նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակը վերականգնելու եւ տարեկան 6-7% տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ են 2-3 մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ: Որտեղից հայթայթել այդ գումարը: Կրկին դիմել օտարերկրյա վարկերին՝ բավականին ռիսկային է, քանի որ այսօր մեր արտաքին պարտքը ( 6 մլրդ դոլար) կազմում է ՀՆԱ-ի 60%, որը Հայաստանի համար թույլատրելի սահման է, որից ավելին կարող է պայմանավորել դեֆոլտ: Ընդ որում, 6 մլրդ դոլար արտաքին պարտքից ոչ մի դոլար ներդրված չէ երկրի տնտեսության իրական հատվածում: Այդ գումարը հիմնականում խժռել են պետական այրերը:

Հետեւաբար արտաքին պարտքը փակելու եւ տնտեսական աճ ապահովելու համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է օգտագործել առաջին՝ բնակչության ներքին խնայողությունները, երկրորդ՝ պետական ծախսերի կրճատումը, երրորդ՝ կոռուպցիայի կրճատումից առաջացած միջոցները եւ չորրորդ՝ սփյուռքահայության ներդրումները:

Քանի որ Հայաստանում ներդրումները ունեն բարձր ռիսկայնություն, հետևաբար արտաքին գործերի կամ սփյուռքի նախարարությունում պետք է ստեղծել մի կառույց, որը պետական մակարդակով ապահովի ներդրումների անվտանգությունը: Պետական ծախսերի կրճատման տեսակետից անհրաժեշտ ենք համարում կրճատել նախարարությունների թիվը: Օրինակ՝ Լիտվայում, որը թե՛ բնակչությամբ, թե՛ տարածքով մոտ 2 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանը, նախարարությունների թիվը 2 անգամ ավելի պակաս է, քան Հայաստանում: Վրաստանում նույնպես կրճատելով նախարարությունների թիվը՝ այն կազմում է ընդամենը տասը նախարարություն: Շատ նախարարություններ կարելի է միացնել կամ կրճատել: Պետական ծախսերի բարձրացման համար անհրաժեշտ է նաև կրճատել կառավարությանը սպասարկող ավտոմեքենաների քանակը և դրանցում հատկացվող վառելանյութը, պահեստամասերը, աշխատավարձը եւ այլն: Օրինակ` Բելգիայում կառավարական մեքենաների թիվը կազմում է մոտ 10 անգամ պակաս, քան Հայաստանում: Բնակչության զբաղվածությունը ապահովելու եւ գործազրկության ու աղքատության մակարդակը կրճատելու համար անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերության նախարարություն: Բնականաբար, այսօր մենք չենք կարող ունենալ բազմաճյուղ արդյունաբերություն, հետևաբար այն պետք է հիմնականում հենվի գիտահենք արտադրության, մասնավորապես՝ տեղեկատվակամ տեխնոլոգիաների արտադրության վրա, որը միաժամանակ կնպաստի ռազմարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Արդյունաբերության մյուս ճյուղը պետք է հենվի հանքահումքային ռեսուրսների, մասնավորապես՝ ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ կոմպոնենտների օգտագործման վրա: Աշխարհում մոլիբդենի ամենամեծ պաշարները (6-7%) գտնվում են Հայաստանում, սակայն մենք հիմնականում արտահանում ենք դրա խտանյութը, եւ յուրաքանչյուր մեկ տոննայի դիմաց պետական բյուջե է մտնում ընդամենը 600 դրամ: Հետեւաբար անհրաժեշտ է հումք արտահանող երկրից դառնալ միջանկյալ կամ պատրաստի արտադրանք արտահանող երկիր, որը մի քանի անգամ ավելի շահավետ կլինի: Այս տեսակետից Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել պետական և մասնավոր սեփականության միջոցների համատեղ օգտագործման բաժնետիրական ընկերություններ՝ ներգրավելով նաև սփյուռքի ներդրումները:

Գյուղատնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ ենք համարում միավորել մանր տնտեսություններ խոշոր ֆերմերային տնտեսություններում՝ ապահովելով գյուղատնտեսությանը մատակարարող տեխնիկական միջոցների կայան, և կազմակերպել հակակարկտային ցանցերի արտադրությունը Հայաստանում:

Կոռուպցիայի դեմ պայքարը ամրապնդելու համար անհրաժեշտ է աստիճանաբար անցնել անկախ դատաիրավական համակարգի ստեղծման:

Սահմանադրության օրենքները խախտելու համար կիրառել համապատասխան վարչական մեթոդներ՝ ընդհուպ մինչև աշխատանքից հեռացումը և քրեական պատասխանատվության ենթարկումը:

Գիտության զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ է գիտության զարգացման պետական կոմիտեն միացնել կրթության և գիտության նախարարությանը: Գիտությունների Ազգային ակադեմիան դարձնել հասարակական կազմակերպություն: Դրանցում ազատված ֆինանսական միջոցները կենտրոնացնել բուհական համակարգում: Ընդլայնել տնտեսագիտական թեքումով բուհական համակարգում ազգային տնտեսության եւ անցումային տնտեսության տեսության ժամաքանակը:

Երկրի տնտեսական ու սոցիալական զարգացումը ծրագրավորելու ու կանխատեսելու համար անհրաժեշտ եմ համարում կառավարության աշխատակազմին կից ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման հանձնաժողով (հասարակական կարգով), որը ներառի հանրապետության լավագույն տնտեսագետներին և սոցիոլոգներին:

Վերը շարադրված վերափոխումներից առաջացած ֆինանսական միջոցների հաշվից երկու անգամ բարձրացնել մինիմալ աշխատավարձը եւ կենսաթոշակները, որն էլ իր հերթին կնպաստի աղքատության եւ արտագաղթի կրճատման եւ բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի կառուցմանը:

Վոլոդյա Հովսեփյան
Տնտեսագետ, ԵՊՀ պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

13.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031