Գործող Քրեական օրենսգրքի 311 հոդվածը սահմանել է, թե ինչ է կաշառքը:
Այդ արարքը կարող է կատարվել շորթմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով, դատավորի կողմից:
Նշյալ հոդվածի 1-ին կետի համաձայն` Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն էլ, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Ամփոփենք հունիս-հուլիսը, թե քննիչների վարույթներում հատկապես որ գործերով են նախաքննություն իրականացվում: Կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի հանգամանքների հետ կապված հունիսի 20-ին մեղադրանք առաջադրվեց 3 անձի: Լրատվամիջոցներում տարածվեցին լուրեր, պաշտոնական տեղեկություններ էլ այն մասին, որ Երեւանի երկու բնակիչներ հայտնել էին, թե ճանապարհային ոստիկանությունում ունեն ազդեցիկ կապեր, կարող են ազդել գործի ելքի վրա, եւ 34-ամյա տղամարդուց մաս-մաս՝ 2500 և 500 ԱՄՆ դոլար գումար են վերցրել ու հափշտակել այն:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն այն մասին, որ իրենց ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում էր պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Կաշառքի գործով թերեւս ամենաաղմկահարույցը հունիսի 27-ի մեղադրանքն էր, երբ այն առաջադրվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին՝ «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու համար։
Նախաքննություն իրականացնող մարմինը տվյալներ էր ձեռք բերել, որ այս տարվա մայիսի 3-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրեն Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և առաջարկել կաշառք՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու և պարտվելու համար։ Ըստ նախաքննական մարմնի, հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ Ա.Հարությունյանին պատկանող ավտոմեքենայի մեջ։
Խոսքն առանձնապես խոշոր չափերի հասնող` 5.000 ԱՄՆ դոլարի մասին էր: Ի դեպ, 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակն» իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։
Մարզաշխարհի աղմկահարույցին հետեւեց հունիսի 28-ի «ուսումնական» քրեական գործը` Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, պարզվել է, որ 2016-ից 2018թ. մայիսի 23-ը «Երևանի թիվ 132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գործառույթներն իրականացրել է Վ. Սուքիասյանը, ով նույն դպրոցի զինղեկի օգտին, իր լիազորությունների շրջանակներում, գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել։ Զինղեկը 2018 թվականի ապրիլի 3-17-ը Դիլիջան քաղաքի առողջարանում վերականգնողական բուժման գտնվելու պատճառով չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակաները չարձանագրելու և կարգապահական պատասխանատվության չենթարկելու համար տնօրենը, գործավարի միջնորդությամբ, 2018 թվականի ապրիլի 27-ին պահանջել և 2018 թվականի մայիսի 3-ին դպրոցում՝ գործավարի միջոցով, ստացել է որպես կաշառք նախապես պահանջված 70.000 ՀՀ դրամ գումարը:
Ըստ էության, տնօրեն Վ. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու համար, իսկ գործավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդության համար։ Զարմանալի զուգադիպությամբ, նույն այդ օրը մեկ այլ դպրոցի տնօրենի առաջադրվեց մեղադրանք: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը չարաշահումներ էր բացահայտել «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Այս տնօրենն էլ, ըստ նախնական տեղեկությունների, 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին, իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը, անձամբ բանկոմատից կանխիկացրել է գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս էլեկտրիկին տվել 20.000 դրամ, իսկ մնացած մասը՝ յուրացրել: Յուրացումը կաշառք չի, բայց` ինքնակաշառք է:
Հուլիսի 6-ին աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ որոշ տվյալներ ձեռք բերվեցին այս անգամ բուժհաստատություններից մեկում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործն առնչվում է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումներին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, մեկն էլ գտնվում է կասկածյալի կարգավիճակում։
Նախաքննության մարմնի համաձայն, նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին 2015 թ. հունվարից մինչև 2018 թվականի ապրիլը ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքի վրա և յուրացման եղանակով հափշտակել աշխատավարձի գումարը՝ 3.200.000 ՀՀ դրամ։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2018