Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքս բուշլատ հագած եղել եմ այդ սառնարանում, հինգ րոպեից ավելի անհնար է այնտեղ կանգնել»

Հուլիս 14,2018 12:30

Սառեցված թռչնամսի դրոշմապիտակավորման հարցը լուծվել է

2018-ի հունվարից ակտիվ քննարկվում է ներկրվող սառեցված հավի դրոշմապիտակավորման հարցը: Խնդիրը սկսվեց նրանից, որ տեղական թռչնամիս արտադրող ընկերությունները դժգոհություն էին բարձրաձայնել դրոշմապիտակավորման մասով: Տնտեսվարողները դժգոհել էին, որ տարբեր քաշերի ապրանքների համար իրենց մոտ խնդիր է առաջանում դրոշմապիտակների հարցում: Բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ էին ստեղծվում ներկրվող սառեցված թռչնամսի պարագայում: Ներկրվող սառեցված թռչնամիսը չի դրոշմապիտակավորվում: Տնտեսվարողները պնդում էին, որ -18 եւ -20 աստիճանի պայմաններում հնարավոր չէ դրոշմապիտակներ փակցնել: Քննարկումների արդյունքում որոշվեց հանձնաժողով կազմել, որում ընդգկված կլինեն ՊԵԿ, ֆինանսների նախարարության, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները եւ գործարարներ: Հանձնաժողովի խնդիրն էր տեղում`սառեցված հավի պահեստներում իրականացված աշխատանքային շրջայցի արդյունքում հասկանալ`հնարավո՞ր է այդ պայմաններում դրոշմապիտակներ փակցնել, թե`ոչ:

«Վերջերս մենք խմբով եղել ենք այն սառնարանում, որտեղ պահվում են այդ ներմուծված հավերը եւ ապացուցեցինք, որ -18 աստիճանի տակ պահվող հավը կարելի է դրոշմապիտակավորել: Բայց խնդիրն այլ էր, այդ պայմաններում հինգ րոպեից ավելի ոչ ոք չի կարող աշխատել: Հետեւաբար, հարց է առաջանում`ինչպե՞ս մենք տվյալ ձեռներեցին պարտադրենք տեխնոլոգիական գործընթացն իրականացնել. հինգ րոպեն մեկ մարդ փոխել հնարավոր չէ, ընդ որում վտանգելով նրա առողջությունը: Ինքս բուշլատ հագած եղել եմ այդ սառնարանում, հինգ րոպեից ավելի անհնար է այնտեղ կանգնել»,- Aravot.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Տարբերակ է առաջարկվել`դրոշմապիտակավորել ավելի բարձր ջերմաստիճանում գտնվող աշխատասենյակում, հետո տեղափոխել սառնարան: Դիմել են Սննդի անվտանգության տեսչությանը: Վերջինս այդ տարբերակը վտանգավոր է համարել, քանի որ սննդի այնպիսի որակական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որոնք վտանգավոր կլինեն մարդու առողջության համար: Քննարկվել է այլ տարբերակ`արտադրողին հորդորել`դրոշմապիտակավորումը եւ սառեցումը համատեղ կատարել: Պարզվել է, որ դա էլ է անհնար, քանի որ այն երկրներում, որտեղից ներմուծվում է սառեցված թռչնամիսը`ՌԴ, Բելառուս, Ղազախստան, դրոշմապիտակ չի կիրառվում եւ արտադրողը պարտավորված էլ չէ մեկ ընկերության ներկրումների պատճառով, որոնք այդքան էլ մեծ ծավալ չեն կազմում, տեխնոլոգիական փոփոխություններ կատարել:

«Պայմանավորվեցինք`սեփական թռչնամիս արտադրողներին տալ հնարավորություն`հավի «քաշ-գումարած-հանած 10 տոկոս» դրոշմապիտակավորում իրականացնել, քաշի շեղման գործոնով պայմանավորված: Ներմուծված սառեցված հավի մասով էլ պայմանավորվեցինք, որ առայժմ դրոշմապիտակ կփակցվի արկղի վրա: Այսինքն, տեղական թռչնամսի պարագայում, անպայման ապրանքի վրա պետք է լինի դրոշմապիտակ, ներմուծվածի դեպքում`ապրանքի վրա չի լինի դրոշմապիտակ»,- մանրամասնեց Խոսրով Հարությունյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031