Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կտավատը կուտակվել է պահեստներում, քանի որ որոշ մարդկանց արտոնություն են տվել ներկրելու»

Հուլիս 14,2018 13:00

Ահազանգում է Առափի համայնքի ղեկավարը

Շիրակի մարզի Առափի գյուղի գյուղապետ Ալբերտ Այվազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում դժգոհեց, որ իրենց արտադրած կտավատը, չամանն ու կանաչեղենի սերմերը մնացել են գյուղացիների վրա, քանի որ որոշ մարդկանց արտոնություն են տվել դրսից՝ առանց մաքսատուրքերի ներկրելու ու հայկական շուկայում հենց իրենց ներմուծածն իրացնելու։
«Մեր համայնքն, այսպես ասած, սպեցիֆիկ է դեռևս կոմունիստական ժամանակներից՝ կոլխոզ, սովխոզների ժամանակվանից էլ մեր համայնքի ժողովուրդը զբաղվել է այս կուլտուրաների արտադրությամբ։ Հիմա էլ ենք զբաղվում, արտադրում ենք մեծ քանակությամբ կտավատ, չաման, բանջարանոցային կուլտուրաների՝ համեմի, սամիթի, ծիտրոնի սերմնացուներ և էլի շատ-շատ տեսականի։ Մի քանի տարի առաջ գյուղացիները կարողանում էին իրենց արտադրածն իրացնել հանրապետության շուկայում, արդեն 4-5 տարի է՝ մեծ պրոբլեմ կա իրացման։Միայն համայնքում, իհարկե, թվերը ստույգ չեն, մոտավոր են, կարող է մի 2-3 տոննայի տարբերություն լինի, կարող եմ ասել, որ 30-40 տոննա գյուղատնտեսական մթերքների սերմեր կան, որոնք կուտակված են։ Գյուղացին վարկով գումար է վերցրել, արտադրել, արդեն 4-5 տարի է, չի կարողանում իրացնել, որի հետևանքով էլ կանգնած է պրոբլեմների առաջ։ Մենք այս հարցը բազմաթիվ անգամ բարձրացրել ենք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարության համապատասխան մարմինների, կառավարության առաջ, որ օգնեն մեզ, գոնե չթողնեն ներկրելու կամ քիչ քանակությամբ թույլատրեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Ալբերտ Այվազյանի վստահեցմամբ՝ իրենք կարող են արտադրել այնքան, որքան կարիք կա հանրապետությունում։ «Կան արտադրատեսակներ, որոնք մեր գյուղացիները կարող են արտադրել և հանրապետության ազգաբնակչության պահանջարկը բավարարել։ Կոնկրետ չաման ինչքա՞ն է պետք մեր երկրին, մենք կարող ենք արտադրել, կտավատ ինչքա՞ն է պետք, մենք կարող են արտադրել։ Բանջարաբոստանային սերմերի առանձին տեսականի ինչքա՞ն է պետք, մենք կարող ենք արտադրել։ Ինչո՞ւ են թույլատրում, որ ներկրեն, ներկրում են Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, ընդհուպ հասել են Դուբայ։ Դուբայից չաման են ներկրում, երբ մեր տեղական արտադրանքը լցված է մեր հանրապետությունում, և մենք չենք կարողանում իրացնել։ Թե ինչու մերը չեն գնում, նրանց ներկրածն են գնում, դա արդեն ինձ համար տարօրինակ է»,- ասում է գյուղապետը։

Թե ինչո՞վ է ներկրածը տարբերվում տեղականից՝ որակո՞վ, թե՞ գնի մատչելիությամբ, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ որակով նրանցն ավելի լավ չէ, քան հայրենական արտադրանքը։ «Առանձին մարդիկ հնարավորություն ունեն, երևի խուսափում են մաքսատուրքերից և այլն, ավելի էժան են ներկրում հանրապետության տարածք և իրենց բերածը վաճառվում է, մեր արտադրածը մնում է պահեստներում։ Վերջերս ճշտել եմ, իրենք ոնց որ մի 100-200 դրամ ավել են վաճառում։ Մենք մեկ կիլոգրամ կտավատը սրանից 2-3 տարի առաջ վաճառել ենք 800-1200 դրամ։ Հիմա չենք կարող նույնիսկ 500 դրամով վաճառել։ Իսկ դրսից եկածը թանկ վաճառվում է, ներկրողները երևի այնպիսի ազդեցիկ մարդիկ են, որոնք ինչ-որ տեղ նաև պարտադրում են վերամշակող կառույցներին, որպեսզի իրենց ներկրածը գնեն, մեր արտադրածը մնա։ Ես այդպես եմ հասկանում, ուրիշ ձև չկա», -ասաց մեր զրուցակիցը։

Ալբերտ Այվազյանը նշում է, որ բանջարաբոստանային կուլտուրաների սերմերն էլ 2-3 տարի առաջ հեշտությամբ վաճառվում էր, նույնիսկ տարիներ էր լինում, երբ իրենց արտադրածը չէր բավարարում հանրապետությանը։ «Իսկ այսօր Վրաստանից համեմի սերմի մեծ քանակ են ներկրում, վերջերս ոնց որ մի քիչ կտավատի վաճառքի շարժ սկսվեց, մարդիկ զանգում, հետաքրքրվում էին՝ կա՞, չկա՞, գինն էին հարցնում և հանկարծ իմանում ենք, որ ինչ-որ մեկը 30 տոննա Ռուսաստանի Դաշնությունից նորից կտավատ է ներկրում հանրապետության տարածք։ Դե Ռուսաստանի Դաշնությունում երևի ինքնարժեքն էժան է նստում ֆերմերի վրա, այնտեղ պարարտանյութը էժան է, դիզավեռելիքն էժան է, նրանք գրեթե ոռոգման ջուր չեն օգտագործում, բնությունը տալիս է։ Մենք այս դժվարին պայմաններում արտադրում ենք, գյուղապետերից մեկը խոսում էր ցորենի արժեքի համար, գալիս է բերքահավաքը, ցորենը սկսում են մթերել 90-100 դրամով կամ 80 դրամով, այն դեպքում, երբ այդ ցորենի ինքնարժեքն արդեն գյուղացու վրա 100-110 դրամ է նստած է։ Նման քաղաքականությամբ փակում են մեր ֆերմերային տնտեսությունների ճանապարհը»,-ասում է Ալբերտ Այվազյանը։
Մեր զրուցակիցն ասում է, որ գյուղացիները վարկերի տակ են, կոնկրետ ինքն այս պահին 10-12 միլիոնի վարկ ունի ձևակերպված։

Գյուղապետը նաև նշում է, որ կառավարությունը որոշակի օգնություն տրամադրել է գյուղացիներին, օրինակ՝ էժան գներով սուբսիդավորված դիզառելիք, թեև այս պահին դադարեցված է այդ ծրագիրը։ «Շուկայում՝ բենզալցակայաններում դիզվառելիքը 9400 դրամ է, պետությունը մեզ տալիս էր 7600 դրամով, շուրջ 1800 դրամի տարբերություն կար մի տարայի մեջ։ Միակ լուրջ խնդիրն իրացման խնդիրն է, չի կարող այսպես շարունակվել, մարդիկ ապրանքն ունեն, չեն կարող փողի վերածեն, որ և՛ իրենց վարկերը փակեն, և՛ տնտեսությունները պահեն։ Միայն մեր համայնքում, նորից եմ կրկնում, 30-40 տոննա թվարկածս կուլտուրաների սերմեր կան, դա բավական լուրջ գումար է։ Մարդիկ այնքան են հիասթափվում։ Պիտի կանոնակարգեն, հանրապետություն պիտի ներկրեն այնքան, ինչքան որ մենք քիչ կարտադրենք։ Հացահատիկի օրինակով ասեմ, հանրապետությանը պետք է մեկ միլիոն տոննա հացահատիկ, մենք ունենք 300 հազարը, թող 800 հազար ներկրեն, բայց մեկ միլիոնի փոխարեն մեկ ու կես միլիոն են ներկրում, եղավ որ մեր արտադրածը մնալու է»,- ասում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, ապրիլին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ, երբ ներկա էր այն ժամանակվա գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, Առափիի գյուղապետը դարձյալ բարձրաձայնեց այս հարցը, և երբ գյուղնախարարը հարցրեց, թե ովքե՞ր են այդ արտոնյալները, որոնք ներկրելով՝ վնասում են գյուղացիներին, անուններ հնչեցրեք, պատժենք, գյուղապետն ասաց․ «Ինչի՞ դուք չգիտեք, ես պիտի հնչեցնեմ հա՞»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Անվճար հուշում․
    1․ Սառը ճզմած կտավատի ձեթի մեկ լիտրը սուպերմարկետում արժե մոտ 8000 դրամ․
    2․ Սառը ճզմամբ կարելի է կորզել առնվազն 20% որակյալ ձեթ,
    3․ Կտավատի 500 դր/կգ ինքնարժեքի դեպքում ձեթի 1 լիտրը կարժենա մոտ 2500 դրամ։
    Արդյունք․ ավելի քան 300 տոկոսանոց մրցունակություն․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031