Նկատի ունենալով վերջին շրջանում ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումները և դրանց հասարակական հնչեղությունը,
Համոզված լինելով, որ Հայաստանում առկա նոր իրողությունները, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են ենթադրում նաև ԵԿՄ կառույցում,
Փաստելով, որ Ազատամարտիկների Դաշինքի մեջ համախմբված բազմաթիվ հրամանատարներն ու ազատամարտիկները վերջին տասը տարիների ընթացքում (2014 թվականից արդեն որպես կազմակերպություն) հետևողականորեն պայքարել են հանցավոր վարչախմբից երկիրն ազատագրելու և զարգացման բնականոն հուն վերադարձնելու համար,
Արձանագրելով, որ մինչև Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու հայտնի տեսանյութի հրապարակումը, Ազատամարտիկների Դաշինքը պաշտոնապես հայտարարել էր մանվելի ու մանվելականության ամոթալի էջը փակելու իր պատրաստակամության մասին և առաջարկել էր Մանվել Գրիգորյանին կամավոր հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից և արտահերթ համագումար հրավիրել՝ ապահովելով ԵԿՄ կառույցից դուրս ձևավորված բոլոր վետերանական կառույցների և անհատ ազատամարտիկների մասնակցությունը,
Հարկ ենք համարում, հասարակությանը տեղյակ պահել, որ Ազատամարտիկների Դաշինքը որոշում էր կայացրել ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ և ազնվորեն մասնակցել է դրա աշխատանքներին:
Ազատամարտիկների դաշինքն առաջարկել է կասեցնել
1. Մանվել Գրիգորյանի լիազորությունները,
2. ԵԿՄ վարչության բոլոր փոխնախագահների լիազորությունները,
3. ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը:
4. Անցկացնել անկախ աուդիտ՝ ներգրավելով ՊՆ և ԱՆ ներկայացուցիչների:
Նկատի ունենալով ԵԿՄ կառավարման դառը փորձը, ինչպես նաև Ազատամարտիկների Դաշինքի կոլեգիալ կառավարման արդյունավետությունը, մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Մենք ընդունել ենք նաև, որ կարիք կա ինչպես մեր, այնպես էլ իրենց (նախագահական մոդելի) առաջարկությունները, առանց անուններ շեշտելու, ներկայացնել ԵԿՄ մարզային խորհուրդների քննարկմանը՝ բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը հասկանալու համար:
Ցավոք, ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցկացումն անտեսվել է, իսկ ԵԿՄ վարչության որոշ անդամներ և փոխնախագահներ, իրենց հին գործելակերպին հավատարիմ, համատեղ խորհրդակցություների ընթացքում մեզ հետ համաձայնելով, կուլիսային բանակցություններ են վարել տրամագծորեն հակառակ ուղղությամբ` իրենց կողմից առաջարկված կառավարման մոդելը ներկայացնելով որպես այլընտրանք չունեցող տարբերակ, ինչն այս փուլում անհնարին է դարձրել հետագա համագործակցությունը:
Ելնելով վերը շարադրվածից Ազատամարտիկների Դաշինքի վարչությունը լիազորված է հայտարարել, որ.
1. Կասեցնում է համակարգող խորհրդում Ազատամարտիկների Դաշինքի մասնակցությունը:
2. Մինչև արտահերթ համագումարը, մեր առաջ քաշած սկզբունքային խնդիրների շուրջ համապատասխան առաջարկ լինելու դեպքում, պատրաստ է շարունակել քննարկումները:
Ինչպիսի հասունություն և ազնվություն։ Այլ բան չի մնում ասել, քան․
Կեցցե՛ Ազատամարտիկների Դաշինքը․․․