Լրահոս
Օրվա լրահոսը

98-ամյա ամերիկահայ բժիշկն իր ծննդյան օրը մեծ անակնկալ մատուցեց գյումրեցիներին  (Տեսանյութ)

Հուլիս 13,2018 21:27

Այսօր Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, որտեղ գտնվում են Օյունջյան դպրոց-վարժարանը, «Վարդուհի»  արվեստի դպրոցն ու «Աղավնի» արհեստի կենտրոնը, տեղի ունեցավ համերգասրահի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Գյումրիին ֆիլհարմոնիայի դահլիճ  նվիրողն ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանն է, որն իր ողջ կարողությունը ներդրել է Գյումրիի զարգացման համար․ երկրաշարժից հետո կառուցելով վերոնշյալ դպրոցներն ու արհեստի կենտրոնը՝ դրանք կրում են իր ծնողների ու երկու քույրերի անունները։

Այսօր բժշկի ծննդյան տոնն է: Տեսարանը հուզիչ էր․ Հովհաննես Օյունջյանը՝ Հայոց եռագույնն ու անմոռուկը կրծքին խփած ու սայլակին նստած, եկել էր իր ձեռքով ֆիլհարմոնիայի դահլիճի առաջին  քարը դնելու։

Մասնակիցներն, իհարկե, շատ տխրեցին՝ տեսնելով, որ նա վատառողջ է։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ գոհունակությունն արտահայտելու խոսքեր չի գտնում ասելու այս մեծ մարդուն, բարերարին, որը ԱՄՆ-ում վարկեր վերցնելով՝ բերում է Գյումրի, որպեսզի բարեգործություն անի։

«Մի օր հարցրեցի, դոկտոր, ո՞նց որ եկար Գյումրի, ի՞նչն է պատճառը, որ սկսեցիր այսպիսի շենքեր կառուցել, ասաց՝ սրանով ես ուղղակի հպարտանում եմ և հանգստանում»,-պատմեց Սամվել Բալասանյանը։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ, հատ հատ թվարկելով բժիշկ Օյունջյանի բարեգործությունները Գյումրիում ու նրան առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով, ասաց․«Ունենալ նման հրաշք կառույցներ, նշանակում է ջանք ու եռանդ չխնայել այս կրթօջախներում պատրաստելու Նոր Հայաստանին արժանի, գրագետ, բանիմաց հայորդիներ»։

Բժիշկ Օյունջյանին միայն ու միայն քաջ առողջություն մաղթեցին։

«Օյունջյան» հիմնադրամի տնօրեն պարոն Լաճիկյանն էլ նշեց, որ ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին ինքնաթիռ նստել, սակայն նա  որոշել էր իր ծննդյան օրը նվեր մատուցել գյումրեցիներին։

«Ուզում եմ նոր շենք կառուցել նոր Հայաստանում, կուզեմ ապրել այնքան, որ նոր բեմի վրա տեսնեմ մեր երեխաների պարը, նրանց ելույթը»,-բժիշկը գրել էր իր ելույթում, որն ընթերցեցին հիմնարկեքի արարողության ժամանակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031