Սթափության կոչ
Սիրելի՛ հայորդիներ, հարգելի՛ իրավապահ մարմինների ծառայակիցներ,
Մեկ ամսից ավել է, որ հայ օջախից դուրս եկած մի խումբ մարդիկ անհասկանալի եւ պառակտիչ շարժում են ձեւավորել՝ իրենց ներկայացնելով «Թավշյա հեղափոխության» գործի շարունակողներ, սակայն իրենց նպատակն ու մղումը Հայոց Ազգը տակնուվրա անելն է՝ հային հավատքից կտրելով եւ զանազան այլասերություններ հրահրելով։
Ժամանակն է սթափվելու եւ տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջն առնելու։ Բոլորիս աչքի առջեւ նախաձեռնողները բազմաթիվ սուտ եւ անհիմն տեղեկություններով, զրպարտություններով արդեն իսկ մի քանի տասնյակ անձերի մոլորեցրել են եւ իրենց կամքից անկախ դուրս են բերել ընդդեմ մեր Եկեղեցու։
Սա Եկեղեցին թուլացնելու, եւ դեպի անդունդ տանելու հստակ պատվեր է։
Շուրջ 2000 տարի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եւ ողջ հոգեւոր դասն անձնվեր կերպով ծառայել է համայն հայությանն ու ազգային արժեքների պահպանմանը։ Եկեղեցին առաջին իսկ օրվանից ունեցել է իր Սրբազան Ավանդությունն ու ժողովական կանոնները եւ մշտապես առաջնորդվել ըստ ընդունված կարգի, սակայն այսօր մի խումբ մարդիկ, անտեսելով ե՛ւ Սրբազան Ավանդությունը, ե՛ւ ժողովական կանոնները, իրենց կամքն են ուզում թելադրել հնամենի մեր Եկեղեցուն։
«Նոր Հայաստան նոր հայրապետ» խմբավորման պարագլուխ համարվող անձինք (որոնք ի դեպ Հայոց եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կողմից կապվեցին եւ դուրս դրվեցին Հայոց Եկեղեցուց, իսկ դա արդեն իսկ խոսուն վկայությունն է նրանց աղանդավորական կամ ընդդեմ լինելու) բազում եկեղեցականների՝ եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, սարկավագների, քրիստոնյա հավատավոր հայորդիների յանուն Եկեղեցու միասնության եւ անսասանության հնչեցրած կոչերն ու հորդորներն անտեսեցին՝ մեկ անգամ եւս փաստելով, որ իրենք հետապնդում են միայն մեկ նպատակ՝ քանդել եւ խալխլել մեր դարավոր Սրբությունը, պառակտել եւ ամբողջ աշխարհով մեկ անվանարկել Հայոց Եկեղեցին։
Այսօր առավոտյան Մայր Տաճարի դիմաց կազմակերպված այդ ամոթալի հավաքը եւս վկայում է նրանց ունեցած ատելությունը եւ թշնամությունն առ Հայրենիս եւ Հայոց Եկեղեցին։ Այս ամենի կողին է՛լ ավելի ցավալի է այսօրվա մեր իշխանությունների գործելակերպը, որն առավել մտահոգիչ եւ անհանգստացնող է, միթե՞ վերադարձել է եկեղեցամերժության եւ Եկեղեցին հալածելու ժամանակաշրջանը։ Ինչպե՞ս կարող է հայ ոստիկանը թույլ տալ, որ Եկեղեցու, այն էլ Միածնաէջ տաճարի առջեւ ցույց կամ բողոքի ակցիա կազմակերպվի։ Սա անընդունելի է, դատապարտելի։
Եւ այս ամենի լուսանցքում ի հայտ է գալիս սարսափեցնող մի իրականություն․ այն Եկեղեցին, որ դարեր շարունակ պետականության բացակայության եւ թշնամիների դեմ մեն մենակ մնալով՝ մեր մի բուռ հողին ու ջրին կյանք էր տալիս, մեր սրբազան ինքնությունը պահպանելու համար միայնակ մարտնչում էր բոլոր արհավիրքների՝ պարսիկ, թուրք, մոնղոլ, թաթար, արաբ փաշաների եւ ոստիկանների առաջ, այսօր պետականության պայմաններում Եկեղեցին մնացել է անպաշտպան եւ արհամարված՝ արդեն իսկ հայ ոստիկանի եւ մի խումբ, թեեւ հայ, սակայն հայրենադավ եւ ազգակործան անձանց կողմից․
-Հայ ոստիկա՛ն, այսպե՞ս ես ապահովվում Մեր Մայր Եկեղեցու պահպանությունն ու անդորրը։ Այսպես ես պաշտպանում քեզ հանձնված Սրբությունը։
Սիրելի՛ հայորդիք, ժամանակն է, որ բոլորս ոտքի ելնենք եւ հայ հոգեւորականի կողքին կանգնած պատրաստ լինենք պաշտպանելու մեր ունեցած սրբությունը, հավատքը եւ պատիվը։
Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն
Եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ․ Քերովբե քհն․ Բարսեղյան
ժամանակն է, որ բոլորս ոտքի ելնենք եւ եկեղեցուն դնենք իր արժանի տեղը՝ պատմության աղբակույտում: Պատրաստ լինենք պաշտպանելու հայկական պետությունը հետամնաց կղերի քարոզներից: Հավաքենք մեր հին ու նոր կաթողիկոսներին, ընչաքաղց ու կիսագրագետ վեղարավորներին ու վերջապես անջատենք պետությունից: Հերիք է բթացնենք ու թալանենք խեղճ մարդկանց՝ ծննդից սկսած մինչեւ գերեզման: “Սուրբ” պորտաբույծների դասակարգը 21-րդ դարում այլեւս անելիք չունի. կրոնը ընդամենը մարդկանց տգիտությունը շահագործող բիզնես է…
Կողմ եմ այն բանին, որ Եկեղեցին հանգիստ թողնեն, իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր բռնության կոչեր են հնչեցնում սոցցանցերում պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով: Հուսով եմ, որ համապատասխան հոդվածներ կան և դրանք կկիրառվեն: Եկեղեցին ինքը պետք է կարգավորի իր հարցերը՝ ըստ իր ներքին կարգի և օրենքների, իսկ դրսից ուղղորդելը, խառնվելը, խառնակչություն անելը անտրամաբանական է և բոլորովին հավատ չի ներշնչում: