Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հանրապետության 37 համայնքներից ստացվել է սուբենցիայի 42 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1,598 մլրդ դրամ։ Նախարարի զեկուցմամբ նշված գումարից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 980,3 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը` 642,8 մլն դրամ, իսկ 598,4 հազար դրամը մասնավոր հատվածի միջոցներն են:
Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 38 ծրագիր: Նշված ծրագրերը նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մշակութային տների, հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր իրականացնելու համար։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն