Իր իրավունքների պաշտպանության նպատակով 2018 թ.-ի հունիսի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել նախկին պայմանագրային զինծառայող Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում իր ծառայության ընթացքում և դրանից հետո առնչվել է մի շարք խնդիրների։
2003-2005 թթ. նա անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն Կապանի զորամասում։
2008 թ.-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2014 թ.-ին ծառայել է որպես սերժանտական ուսուցման ջոկի հրամանատար։ Սերժանտական դպրոցի փակվելուց հետո իր դիմումի համաձայն՝ ընտանեկան դրությունից ելնելով (անչափահաս երեխաներ, վատառողջ ծնողներ), տեղափոխվել է նույն զորամասի մեկ այլ տեղակայում` նշանակվելով որպես դիզվառելիքի սպասարկման բաժնի աշխատակից՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստապետ։ 2015 թվականի սեպտեմբերին աշխատանքային պարտավորությունների հանձնման-ընդունման ընթացքում բացահայտել է 718 կգ (ավելի քան 1000 լ) բենզինի պակասորդ։ Պարզվել է, որ նախկին պահեստապետը հանձնում-ընդունման ընթացքում բենզինի պակասորդը կոծկելու նպատակով բենզինի տարայի մեջ ջուր է ավելացրել, հետագայում այդ պակասորդը փորձել են վերագրել Արմեն Մարգարյանին: Ի դեպ, 2016 թ. հունիսին փոխհատուցելով իր կողմից զորամասին պատճառված վնասը նախկին աշխատակիցը նշանակվել է այլ պաշտոնի։
Զորամասը, ըստ Արմեն Մարգարյանի, բենզինը ստանում է Երևանում տեղակայված «Ֆլեշ» ՍՊԸ-ից։ 2015 թ.-ի նոյեմբերին բենզին ստանալուց հետո հայտնաբերվել է 1700 կգ (մոտ 2300լ) պակասորդ։ Այդ մասին հեռախոսազանգով տեղեկացնելով տվյալ պահին առողջական խնդիրների կապակցությամբ Մոսկվայի զինվորական հոսպիտալում գտնվող ծառայության իր պետին՝ մայոր Կոկչյանին, Մարգարյանին հանձնարարվել է պակասորդի փաստը ստուգելու նպատակով բենզինը դատարկել այլ տարայի մեջ, քանի որ, ըստ ծառայության պետի, հնարավոր է խնդիրը կապված լինի զորամասում առկա տարայի չափերի հետ։ Արդյունքում, ըստ Մարգարյանի, պակասորդն էլ ավելի է մեծացել։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ