Aravot.am-ն այսօր կառավարության պատասխանատուներից հետաքրքրվեց, թե կառավարության նիստերի դահլիճի համակարգիչները, որոնք փոխարինվեցին հայկական արտադրության համակարգիչներով, որքա՞ն արժեցան կառավարությանը: Հարցրել էինք նաեւ, թե հին համակարգիչները, որոնք հայտնի բրենդի էին եւ բավականին թանկարժեք, ո՞ւմ տվեցին, եւ արդյոք նախատեսո՞ւմ են կառավարության աշխատակազմի համակարգիչներն էլ փոխարինել հայկականով:
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մատնացույց անելով կառավարության պաշտոնյաների առաջ դրված հայկական արտադրության համակարգիչներն ասաց, որ այդ քայլը ոչ թե իմիջի փոփոխություն է, այլ՝ մոտեցման, եւ որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը կառավարության համար համար առաջնահերթություն է:
Մեր հարցերին ի պատասխան` կառավարության լրատվական վարչությունից հայտնեցին, որ նախկին համակարգիչները, որոնք, ի դեպ, հայտնի բրենդի արտադրանք էին, գտնվում են կառավարության աշխատակազմի տրամադրության տակ, եւ հետագայում կշարունակեն օգտագործվել կառավարության համար: Ինչ վերաբերում է ողջ կառավարությունը հայկական համակարգիչներով համալրելուն, կառավարությունից նշեցին, որ նման մտադրություն այս պահին չկա:
Հայկական արտադրության համակարգիչները ներդնելու համար էլ կառավարությունը ոչ մի լումա չի ծախսել, դրանք նվեր են ստացել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ