ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ներկայումս որոշ կարևոր գործիքներ ու փոփոխություններ կան, որոնք փորձարկվելու, իրենց քննությունը բռնելու խնդիր ունեն:
«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը նշեց. «Կարծում եմ՝ այս զորակոչը և դրան հաջորդող զորակոչի շրջանը կլինի դիտարկումների շրջան: Ամենակարևոր խնդիրը նախորդ տարի՝ 2017-ի նոյեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից ընդունված զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի հետ կապված որոշ դրույթների կիրառումն է այս զորակոչի ընթացքում՝ մասնավորապես ի կատարումն օրենքի պահանջի: Երեկ ԱԺ-ն փոփոխություն կատարեց նշված օրենքի մեջ, մասնավորապես վերադարձանք հին կարգավորմանը կապված զոհվածի ընտանիքի միակ արու զավակին չզորակոչելու հարցին»:
Պարոն Հարությունյանի տեղեկացմամբ՝ մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ հանրակրթական ծրագիրը չավարտած և 19 տարեկանը չլրացած զորակոչիկին հնարավորություն ընձեռվի կրթությունն ավարտել. «Կառավարությանը տրվել է հնարավորություն, որպեսզի կառավարությունն իր որոշմամբ մեկ տարի երկարաձգի ուսումը: Կան նման 13 զորակոչիկներ, հնարավոր է՝ դրանց թիվն ավելանա»:
Տեղի է ունեցել նաև զինկոմիսարիատների միավորման գործընթաց: Գեղամ Հարությունյանը պարզաբանեց. «20 զինկոմիսարիատների բազաների վրա 7 խոշոր զինկոմիսարիատներ են ստեղծվել, որոնցից հինգը մարզային կոմիսարիատներ են՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատներ և երկու խոշորացված զինկոմիսարիատներ Երևանում: Երևանում լինելու է չորսը, բայց այս զորակոչի ընթացքում կլինի երկուսը»:
Գեղամ Հարությունյանի տեղեկացմամբ՝ կա պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ այսուհետ բուժհետազոտումը կիրականացնի պոլիկլինիկայի զորակոչային հանձնաժողովը. «Նախկինում բուժհետազոտությունը, փորձաքննությունն իրականացնում էին զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները, օրենքով նման իրավասություն է տրվում տարածքային պոլիկլինիկաներին կից զորակոչային հանձնաժողովներին: Այսինքն՝ կարող է զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովը չիրականացնի այդ ֆունկցիան, այլ պոլիկլինիկային կից զորակոչային հանձնաժողովը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ