Հաշմանդամություն և ներառական զարգացում ՀԿ-ի ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանի կարծիքով, եթե սկզբունքները մատչելի չեն, ապա դրանք արդար համարվել չեն կարող:
«Մեդիա կենտրոնում» «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները թեմայով հրավիրված քննարկմանը Մուշեղ Հովսեփյանը հայտնեց, թե քաղաքական կամքի պարագայում կարելի է մի շարք բարեփոխումներ իրականացնել. «Տարբեր առաջարկներ կարող են լինել, սակայն Կոնվենցիան պիտի լինի այն առանցքային փաստաթուղթը, որի ուղղությամբ պիտի շարժվի պետությունը: ԿԸՀ-ն այս պահին պատրաստ չէ ապահովել ընտրությունների մատչելիություն և ամբողջ իրավական հիմքերը ընտրությունների մատչելիության համար: ԿԸՀ-ն պիտի սկսի բաց աշխատել ՀԿ-ների հետ և կարևոր սկզբունք ամրագրի մատչելիությունը»: Մուշեղ Հովսեփյանի վստահեցմամբ՝ եթե չբարելավենք ԿԸՀ ողջ համակարգը, շատ դժվարությունների կհանդիպենք:
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրվելու իրավունքներից՝ Մուշեղ Հովսեփյանը նշեց. «Կուսակցությունները չեն ներկայացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ձայնը և չեն ապահովում մասնակցությունը: Դա նաև բխում է տեխնիկական խնդիրներից՝ սկսած կուսակցությունների գրասենյակների մատչելիությունից, վերջացրած վերաբերմունքից: Խնդիրն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ իրավասուբյեկտ չեն դիտարկում: Կուսակցությունները ներառական չեն, նրանք դեռ պատրաստ չեն: Եթե փորձում էլ են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել, ապա միայն ներգրավում են այն պատճառով, որ անձն ունի հաշմանդամություն. հաշվի չի առնվում փորձն ու քաղաքական հմտությունները: Կան կարծրատիպային մոտեցումներ»:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի փաստմամբ՝ ոչ միայն օրենսդրական, այլև օրենքի կիրառման խնդիրներ ունենք. «2003-ից ի վեր միակ շոշափելի արդյունքը վերաբերմունքի փոփոխությունն է: ԿԸՀ-ն և մյուս մարմիններն ի տարբերություն 2003-ի, չեն համարձակվում ասել, թե հաշմանդամություն ունեցող անձինք թող գան տեղամաս, մի բան կանենք: Այստեղ կոմպրոմիս լինել չի կարող: Օրենսդրորեն պետք է սահմանվի ժեստերի լեզվի թարգմանության պահանջը գոնե ընտրական քարոզարշավների ժամանակ: Բոլոր տեղամասերը պիտի լինեն հարյուր տոկոսանոց մատչելի, դրա համար անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց: Հասկանանք, որ այսինչ թվականին կբացառվի ցանկացած ոչ մատչելի ընտրատեղամասի կիրառումը»:
Խոսելով ընտրությունների մատչելիության մասին՝ պարոն Ալավերդյանը վրդովվեց. «Չմոռանանք՝ անգամ ԿԸՀ շենքն է անմատչելի: Գոնե մեկ շենք կարելի էր մատչելի դարձնել, ամոթ է այդպիսի շենքը, ընդ որում, այնտեղ բոլոր պայմանները կան»: Անդրադառնալով ընտրությունների նկատմամբ հետաքրքրվածությանը՝ պարոն Ալավերդյանը նկատեց. «Մեզ մոտ ընտրությունները ձևական միջոցառում են դարձել: Դա գաղտնիք չէ, բայց որպես արդյունք ամբողջ բնակչության մոտ կա հիասթափություն ընտրությունների հանդեպ, կա հոռետեսություն: Այստեղ էլ ավելանում է հաշմանդամություն ունենալու փաստը, որ կան տեղաշարժման խնդիրներ, մոտիվացիա չկա մասնակցելու ընտրություններին»:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի փաստմամբ՝ բարձրացված խնդիրները նոր չեն. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գոնե Երևանում կամ քաղաքային համայնքներում ԿԸՀ-ն հրապարակում է այն տեղամասերի ցանկը, որոնք ունեն ավելի մատչելիություն և որ ֆիզիկական դժվարություն ունեցող անձինք ծանոթանան տեղամասերին և քվեարկությունը կատարեն հենց այդ տեղամասերում»:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ շատ դրույթներ որոշման մակարդակից պիտի անցնեն օրենսդրական մակարդակի: Օրինակ՝ օրենքի պահանջ պիտի լինի այն, որ հեռուստաընկերությունները, որոնք քաղաքական գովազդ են վաճառում, պիտի ապահովեն իրենց հետ սուրդոթարգմանություն: Ըստ տիկին Տիգրանյանի՝ եթե օրենքով է, հեռուստաընկերությունը միշտ միջոցներ կգտնի:
Հերիքնազ Տիգրանյանի վստահեցմամբ՝ խտրական մոտեցում կա նաև հաշմանդամություն ունեցող և ստացիոնար բուժում ստացող անձանց քվեարկության մատչելիությունն ապահովելու հարցում. «Տարբերակված մոտեցում կա. մարդիկ, որոնք հիվանդանոցում ստանում են ստացիոնար բուժում, կարող են շրջիկ ցուցակներով քվեարկել, բայց մարդիկ, որոնք տանն են, իրենց հիվանդության պատճառով գամված են անկողնուն, կասկածներ են առաջանում՝ ով տանի արկղը, ով ուղեկցի»:
Հարցին՝ հնարավո՞ր է օրենքում նման դրույթ մտցվի և կանանց մասնակցության նման քվոտավորում մտցվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց. «Լավ կլինի, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար քվոտավորում լինի, միայն ցուցակում ընդգրկվելու հարցով չեմ ասում: Կյանքն ու զարգացումը ցույց է տալիս, որ եթե չի լինում որևէ պահանջ ու պարտադրանք, էվոլյուցիոն զարգացումներին ուղղակի ապավինել, չգիտեմ, թե որքանով կլինի արդյունավետ: Օրինակ՝ պատկերացրեք՝ ինչքան ժամանակ պիտի անցներ, որ կանանց տեսնեինք խորհրդարանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի