Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանի համար տարակուսելի է ՀՀ իշխանությունների լռությունը` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ ակտում Հայաստանին վերաբերվող հատվածի մասով

Հուլիս 13,2018 16:11

Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրի` Հայաստանին վերաբերող ձեւակերպումներում 2014 թվականից ոչինչ չի փոխվում: Այս մասին այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը: Բանախոսը կարծում է, որ տեսականորեն կարելի էր ունենալ շատ ավելի ընդունելի փաստաթուղթ, բայց գործնականում դա այնքան էլ իրատեսական չէր, քանի որ ՆԱՏՕ-ն փորձում է հավասարակշռված մոտեցում գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այս ձեւակերպումները կարծես երկուսին էլ բավարարում են: Նաեւ, ըստ Արմեն Վարդանյանի, պետք է հաշվի առնել, որ ՆԱՏՕ-ում Ադրբեջանն ունի Թուրքիայի նման հզոր դաշնակից, եւ Հայաստանի համար ավելի ցանկալի ձեւակերպումների պարագայում Թուրքիան ուղղակի վետո կդներ այդ փաստաթղթին:

Հարավային Կովկասի համար բրյուսելյան գագաթաժողովի կարեւոր ուղերձն, ըստ Արմեն Վարդանյանի, այն էր, որ Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին: Ինքը կարծում է, որ Վրաստանն այսօր ավելի քան պատրաստ է անդամակցության, քան հավակնորդ մյուս երկրները. կատարել է բոլոր տնային առաջադրանքները, բայց խնդիրը քաղաքական է`սպասում են ՌԴ-ի արձագանքին, որը դեռ կոշտ է. «Առայժմ սպասողական վիճակ է»: Նա կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի`ռազմական ծախսերը մեծացնելու որոշումը: Ինքը կարծում է, որ ռազմական բլոկում անդամ երկրների տարաձայնություններն էլ ավելի են ուժեղացնելու կառույցը եւ ռազմական բալանսի ուժեղացումը ՌԴ-ի շահերից չի բխում:

«Մոդուս Վիվիենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն ուշադրություն է հրավիրում ՆԱՏՕ-ի դերակատարության փոփոխության վրա: Որոշումը`ստեղծել 30 գումարտակ, եւ 30 նավ, որպես ազատ արձագանքման ուժեր, ըստ նրա, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն դուրս է գալիս հինգերորդ հոդվածի շրջանակից: Նաեւ այն, որ քննարկվում է այդ տարածքում զորքերի ազատ տեղաշարժի հնարավորությունը, քաղաքագետի կարծիքով էապես փոխում է ՆԱՏՕ-ի դերակատարության հարցը: Նա կարծում է, որ առաջիկայում ականատեսը կլինենք, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում, Միջին Ասիայում իր դերակատարումը կավելացնի:

ՄԱՀՀԻ տնօրեն Ստեփան Սաֆարյանի համար տարակուսելի է ՀՀ իշխանությունների լռությունը` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ ակտում Հայաստանին վերաբերվող հատվածի մասով: Դրա փոխշահավետության մասին, ասում է, որ ՀՀ իշխանությունները լռում են: Եվ այն, որ բանաձեւում, Արցախին վերաբերվող մասում տեղ են գտել «Հելսինկյան եզրափակիչ ակտ» կամ «ՄԱԿ-ի կանոնադրություն» անվանումները, դեռեւս երաշխիք չեն վերաբերմունք ձեւավորելու համար: Հիշեցնում է`Ադրբեջանը բազմաթիվ անգամներ հղում է անում այդ փաստաթղթերին`իր տեսանկյունից եւ իր շահից մեկնաբանելով դրանք եւ փաստում. «Առայժմ այդ բանաձեւը Ադրբեջանն է կարողանում իր ուզած ձեւով ներկայացնել, բայց ոչ Հայաստանը»:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Հռչակագրի 67-րդ կետում նշված է. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում՝ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ Խարտիայի և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031