«Վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը չի խուսափում որեւէ բացատրություն տալուց եւ պատրաստ է պատասխանատվություն կրել՝ ըստ իր վարքի»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով այն փաստին, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերջերս հարցաքննվել է Մարտի մեկի գործով (2008թ. եղել է ԶՈՒ ԳՇ պետ), ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դա ողջունելի է եւ ամեն մեկի չափանիշը պետք է լինի»,-համոզմունք հայտնեց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ ճշմարտության սլաքները պետք է ուղղվեն բոլորին. «Ինչպես Փաշինյանն է ասում, իր ընտանիքից սկսած՝ պետք է օրինականություն լինի: Սա վերաբերում է նաեւ նախկին նախագահներին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ԱԱԾ-ի վերջին աղմկոտ բացահայտումներն ու հակակոռուպցիոն գործողությունները դրական են, բայց ուշացած. «Պետական մարմինները վաղուց գիտեին, թե ով ինչ է թալանել: Հուսամ՝ այս ամենը կշարունակվի, բայց անմեղության կանխավարկածի պահպանմամբ»:
Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով. «Բանակից գողացողը պետք է պատասխան տա, բայց սա մեկ գեներալի հարց չէ, այլ համակարգի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ