Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունն այս տարվա 1-ին կիսամյակում հարուցել է մի շարք քրեական գործեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Օրինակ՝ մի շարք ընկերություններ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ են մտցրել, որոնց միջով հարկեր չեն վճարել եւ պետությանը մեծ ծավալների վնաս են պատճառել:
Այդ ընկերություններն են, ըստ ՊԵԿ-ի, «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն, որը 359 միլիոն 867 հազար 839 դրամի չափով պետությանը վնաս է հասցրել հարկ թաքցնելով: Նույն գործողություններն են կատարել ՝ «Քոնթուր գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, հասցված վնասը՝ 854 միլիոն 987 հազար 400 դրամ, «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ն, վնասի չափը՝ 1 միլիարդ 669 միլիոն 694 հազար 74 դրամ, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, վնասը՝ 427 միլիոն 903 հազար 695 դրամ: Այս ընկերությունների դեմ հարուցվել են քրեական գործեր
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ «Գրինպրոդուկտ»-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել նաեւ «Սպայկա» ՍՊԸ-ում:
Ըստ Դավիթ Անանյանի, ՊԵԿ քննչական վարչությունում 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 միլիարդ դրամ:
Բացի այս, ըստ ՊԵԿ-ի, նշված ժամանակահատվածում քննչական վարչությունում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց մերձավոր ազգականների կողմից ապօրինի հարստանալու եւ հայտարարագրման ենթական գույքը թաքցնելու դեպքեր: Այս դեպքերից Անանյանն առանձնացրեց ամենախոշորը. օրինակ՝ պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի ծավալած տնտեսական գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 800 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե: Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում խուզարկությամբ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել եւ առգրավվել են որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրած շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ