Եթե առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններ անցկացվեն (ավագանին պետք է քաղաքապետ ընտրի երկուշաբթի), չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը եւս կմասնակցի: «Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մենք ուժեղ դիրքեր ունենք նաեւ մայրաքաղաքում: Եթե մասնակցենք, կանցնենք, բայց այս պահին չունենք նման քննարկում: Իսկ թե ով է մեր նախընտրելի թեկնածուն, ժամանակը գա՝ կառաջարկենք»:
Հովհաննիսյանի խոսքով, եթե դաշինքով մասնակցեն ավագանու ընտրություններին, թեկնածուն կներկայացվի դաշինքից. «Կան նաեւ այլ թեկնածուներ, որոնց կարելի է զորակցել. «Ելք»-ում եւ «Քաղաքացիական պայմանագրում» կան համապատասխան թեկնածուներ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Ժառանգության» առաջնորդն ինչ կարծիքի է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից նախկին «ժառանգական» Զարուհի Փոստանջյանի՝ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին: «Փոստանջյանն ակտիվ քաղաքացի է: Նրա, ինչպես եւ «Ելք»-ի հնարավոր թեկնածուն, որը կարժանանա մեծամասնության քվեին, կարող է քաղաքապետ աշխատել: Ի վերջո, նոր ավագանի պետք է ունենանք, որը երեւանցու վստահությունը պետք է արտահայտի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ