«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավորներից Արշակ Վարդանյանի որոշմամբ այսօր կալանքից ազատ արձակվեցին խմբի անդամներ՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած՝ Արցախյան պատերազմի մասնակից Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Թորոս Թորոսյանը:
Նրանց խափանման միջոց կալանքը փոխվել է գրավ կիրառելու պայմանով՝ Թորոսյանի դեպքում՝ կես, իսկ Գերավետյանի դեպքում՝ մեկ միլիոն դրամ: Այսօր դատավորը հրապարակել էր նրանց դատաբժշկական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ երկուսն էլ մի շարք հիվանդություններ ունեն, եւ բուժման կարիք կա:
Երբ գումարը փոխանցվի դատարանի դեպոզիտ-հաշվին, նրանք ազատ կարձակվեն դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ Գերավետյանը եւ Թորոսյանը մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պատանդառություն կատարելու եւ շենք-շինություններ զավթելու համար:
Խմբի անդամներից Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին նաեւ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ