Յոթ սարերի ետևում չէ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, և այդ առթիվ միջոցառումների շարք են սկսել Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Այդ մասին հայտարարեցին գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և միության նախագահ Սերգո Երիցյանը՝ կազմակերպված առաջին միջոցառման՝ Իրմա Սաֆրազբեկյանի «Օլգա Թումանյան» գրքի շնորհանդեսի ժամանակ: «Թվում է, թե Թումանյանի ողջ ստեղծագործությունը լիովին հասցված է մեր ժողովրդին,- իր ելույթի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- բայց Թումանյանի թողած գրականությունն այնքան բազմաշերտ է, պարզ, բայց և հազարումի գաղտնիքներով լեցուն, որ այն անընդհատ պետք է լինի ամեն մի հայի կողքին: Իսկ նման գրականությունը, ինչպիսին, օրինակ, «Օլգա Թումանյան» գիրքն է՝ Թումանյանի ընտանիքի կյանքի բացահայտումներով, անհրաժեշտ է, որ ավելի ու ավելի հասկանալի ընկալվի մեծ բանաստեղծը»:
Հաջորդ բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը ողջունելով Իրմա Սաֆրազբեկյանի այս կարևոր գիրքը, ասաց, որ հոբելյանը պետք է առիթ դառնա ինչպես Թումանյանի ստեղծագործությունները, այնպես էլ դրանց նվիրված ուսումնասիրությունները ընթերցողին հասցնելու համար:
«Օլգա Թումանյան» գիրքը ներկայացրեց Թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Իրմա Սաֆրազբեկյանը այնտեղ իր ոգին ու ջերմությունն է դրել, ձգտել ըստ արժանվույն, ամբողջական կերպով ներկայացնել իր տատիկին, ում կողքին ու խնամակալությամբ ապրել է երկար տարիներ: Այլ խոսքով գրքի ամեն մի տողում ընտանիքի կյանքի՝ ավանդույթների, սովորույթների գիտակի պարզ ու անկեղծ խոսքն է՝ նաև վերլուծությունների, խոհերի և մտորումների տեսքով:
Եվ այդ պատմություններից ամեն մեկը վեր է ածվել մի ճեպանկարի, որի հիմնական հերոսը Օլգա Թումանյանն է: Սրանով հանդերձ ցանկացած պատում առնչվում է մեծն Թումանյանին, որովհետև այդ բազմանդամ համերաշխ ընտանիքը ապրեց, պայքարեց հանուն Հովհաննես Թումանյանի:
Այս ամենը ցայտուն դրսևորվում է գրքի ողջ շարադրանքում, նաև նամակագրության մեջ, որը ներկայացված է նոր տպագրված գրքում:
Շնորհանդեսի ժամանակ խոսք ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյանը, ով պատիվ է ունեցել ռուսերենով գրված գիրքը թարգմանելու հայերենի՝ առաջիկայում այն մայրենիով հրատարակվելու համար: Նա ասաց, որ հետաքրքիր գիրք է, քանի որ ամեն մի տողում մեծն Թումանյանն է և նրա նկատմամբ իր ընտանիքի անսահման սերը:
Գիրքը ռուսերենով տպագրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ տպագրության է պատրաստվում գրքի հայերեն տարբերակը:
«Թումանյանի 150-ամյա հոբելյանի առթիվ մի քանի գրքեր ենք պատրաստել տպագրության,- ասաց նա,- ցավոք, այստեղ պակասում է պետության ակտիվ դերակատարությունը, եթե չեմ սխալվում, դեռ անգամ հոբելյանական հանձնաժողով չի ձևավորված»:
Ավարտին ելույթ ունեցավ հեղինակը՝ Իրմա Սաֆրազբեկյանը, ով շնորհակալություն հայտնեց գրքի ներկայացման և քննարկման համար, ասելով, որ ինչ-որ տեղ ինքը իր հոգու պարտքը կատարել է, և կուզենար, որ հայ ժողովուրդը լավ ճանաչեր Օլգա Թումանյանին, ով Թումանյանի հետ ամուսնացավ, երբ 17 տարեկան էր, իսկ բանաստեղծը 19 տարեկան: Կատակով Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը Թումանյանին անվանել էր Օլգայի 11-րդ զավակը՝ հաշվի առնելով այն հոգատարությունը, որ նա ուներ իր ամուսնու և մեծ բանաստեղծի նկատմամբ:
Եզրափակելով իր խոսքը՝ Իրմա Սաֆրազբեկյանը նկատեց, որ ձգտել է կերտել իր տատի իրական կերպարը՝ դրանով իսկ նաև Թումանյանին և նրա ընտանիքն ավելի հաստատուն ու իրական կերպարով: «Փաստորեն, այս միջոցառմամբ գրադարանը, հայրենակցական միությունը և հրատարակչությունը յուրովի կերպով սկիզբ են դնում «Թումանյան 150»-ի մեկնարկին,- ասաց Իրմա Սաֆրազբեկյանը,- հուսով եմ, որ նրանց կմիանան այլ կազմակերպություններ, որովհետև այս հոբելյանը առիթ է ոչ թե պարզապես մեծարելու Թումանյանին, այլև մեր գրական ազգային արժեքները, դրանց մոտիկ պահելու մեր նոր սերնդին, գուցե այն երիտասարդը, որը ոչ այդքան հաճախ գիրք չի կարդում, բայց կարող է նոր տեխնոլոգիաների միջոցով հասնել դրանց: Ուրեմն համակարգչային պետք է դարձնել Թումանյանի բոլոր ստեղծագործությունները: Հուսով եմ, որ առաջիկայում պետական հոբելյանական հանձնաժողով կստեղծվի և բազմաթիվ քայլեր կծրագրավորվեն և կկատարվեն Թումանյանին կրկին ու կրկին իր ժողովրդի բոլոր սերունդներին ներկայացնելու ճանապարհին»:
Այնուհետև հարցեր, կարծիքներ, տեսակետներ հնչեցին առաջիկա հոբելյանական և այլ հնարավոր քայլերի մասին, որ պետք է կատարվեն այդ առիթով: Իրմա Սաֆրազբեկյանն ասաց, որ հիմա տպագրության են պատրաստում Թումանյանի հատընտիրները՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: «Թումանյանը՝ քննադատ» և այլ գրքերը: Բայց դրանց տպագրության համար ֆինանսական միջոցներ են պետք: Նա հիշեց, որ դրական փոփոխություններ են կատարվել Երևանի և Դսեղի տուն-թանգարաններում, որը պետք է շարունակել… Սփյուռքը ևս շահագրգիռ է Թումանյանական հոբելյանը նշելու, բայց ազդակներ են պետք մայր հայրենիքից: Ինչպես և սպասելի էր, շնորհանդեսի ժամանակ հնչեցին նմուշներ Թումանյանի պոեզիայից, Թումանյանի ընտանիքի նամակագրությունից, և Իսահակյանի անվան գրադարանը երկար ժամանակ շնչում էր Թումանյանական ոգով ու էությամբ:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2018