Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի հաքեր դրա մոտով չի կարողանա անցնել». Դավիթ Հարությունյան

Հուլիս 13,2018 15:14

Այսօր ԱԺ աշխատանքային խումբը քննարկում է «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հարցը:

Էլեկտրոնային քվեարկության հետ կապված վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այդտեղ մտահոգություն ունեն քաղաքացիների քվեարկության գաղտնիության գիտակցման առումով. «Ընտրողը, այդ թվում՝ ինչ-որ հեռավոր գյուղի 80 տարեկան պապիկը պետք է վստահ լինի, որ քվեարկությունը գաղտնի է, իսկ էլեկտրոնային սարքով կարող է սա չերաշխավորվել: Կարող են լինել մարդիկ, որ կհամոզեն բազմաթիվ ընտրողների, որ այս սարքն իր հիշողության մեջ պահում է, թե որ ժամին, որ րոպեին ինչպես քվեարկվեց ու կիմանանք, թե ինչպես դու քվեարկեցիր»:

Բացի այդ, Իոաննիսյանն ասաց, որ այդ սարքերի ձեռքբերումը, սերտիֆիկացումը կարող է բավականին ժամանակ խլել ու չտեղավորվեն ժամկետի մեջ:

Իոաննիսյանին հակադարձեցին, որ էլեկտրոնային քվեարկությունը մի շարք խնդիրներ կլուծի, ժամը 20-ից հետո արագ կամփոփեն, իսկ կեղծիքները հենց այդ ժամերին են սկսում, չի լինի ծալված քվեաթերթիկ, գրիչների հետ կապված խախտումներ եւ այլն:

Իոաննիսյանը պատասխանեց, որ ընտրակարգի փոփոխությամբ եւ պարզ համամասնական ընտրակարգով անվավեր քվեաթերթիկների հարցը լուծվում է, առանց գրիչի կարող են քվեարկել՝ նախընտրած քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով:

Ինչ վերաբերում է ժամը 20-ից հետո թվանկարչությանը, նա ասաց, որ տեղամասերում ունենք քվեախցիկներ, դիտորդներ, վստահված անձինք, կա պատահականության սկզբունքով վերահաշվարկի ինստիտուտ: Եթե ընտրատեղամասի ներսում եկել են հանցավոր համաձայնության, չկա վստահություն, որ այդ պարկը չի բացվելու:

ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե էլեկտրոնային քվեարկության գաղտնիության հետ կապված մտավախություն կա, նույն ձեւով կարող են վախեցնել քաղաքացիներին, ասել, որ թաքնված տեսախցիկ կա. «Միշտ էլ կարելի է ընտրողին նման բաներ ասել, եթե այդ ձեւով ղեկավարվեն»:

Նա ասաց, որ էլեկտրոնային գրանցումը անհամեմատ ավելի հեշտ գործ է, քան պարզապես գրանցումը: Տեխնիկապես ՀՀԿ-ն ժամանակին ավելի բարդ խնդիր է լուծել. «Եթե մտքներիս լինի, արդեն այս աշնանը մենք կարող ենք փորձարկել այդ սարքը՝ փոքր համայնքներում ընտրությունների ժամանակ: Իդեալական տարբերակը, որը կարող ենք իրականացնել, եթե ID քարտը կարող է կապվել հեռախոսի հետ, քաղաքացին կարող է հեռախոսով քվեարկել, անգամ 10 անգամ կարող է քվեարկել, բայց հաշվարկվելու է մեկը: Մենք սկզբունքորեն այդ մեխանիզմը մշակել ենք: Եթե այդ քաղաքական կամքը եղավ, կարող ենք քննարկել այդ տարբերակը եւ մյուս ընտրություններին անցնել նորմալ, քաղաքակիրթ եղանակների»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ հաքերները կարող են կեղծել ընտրությունները, ուստի շատ դեպքերում, թեեւ համարվում է, որ թուղթ ու գրիչով ընտրությունը խոցելի է, բարձր տեխնոլոգիաներով ընտրություններն էլ իրենց խնդիրներն ունեն: Դավիթ Հարությունյանը արձագանքեց. «Անհամեստ չհնչի, այն տարբերակը, որը մենք ենք անելու, ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի հաքեր դրա մոտով չի կարողանա անցնել»:

Նշենք, որ 2012-ի ընտրությունների ժամանակ եղել է 56 հազար անվավեր քվեաթերթիկ, իսկ վերջին ԱԺ ընտրություններին՝ ընդամենը 6 հազար: Այնպես որ, անվավեր քվեաթերթիկների խնդիրը այնքան էլ մեծ չէ:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նախ պետք է ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը ամրագրել, նոր անցնել երկարաժամկետ լուծումների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031