Հայաստանը չի լինելու հայցվորի, խնդրողի դերում, Հայաստանն իր ճանապարհը կառուցելու է, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են այն բոլոր փոփոխություններին, որոնք իսկապես գալիս են Հայաստանը հզորացնելու, իսկ մնացած մեր գործընկերները, եթե ցանկանում են ինչ-որ չափով ներդրում ունենալ եւ օգտակար լինեն, պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի ամենակարեւոր ամրագրումն էր: Համենայնդեպս, այդ կարծիքին է նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:
Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում անդրադառնալով վարչապետի բրյուսելյան այցին, Թեւան Պողոսյանն ասաց, որ այդ այցը ճանաչողական էր, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ եվրոպական ինստիտուտների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած իրավիճակը, նրանց հետ հարաբերություններ ձեւավորեց: «Ես ուրախ եմ, որ պարոն Փաշինյանը կարողացել է եվրոպական գործընկերներին ներկայացնել Հայաստանի բոլոր խնդիրներն այն ոճով, որ մենք մեր ճանապարհը գնում ենք, հիմա դուք էլ կարող եք նստել եւ վերանայել»,- ասաց բանախոսը:
Թեւան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Ասաց`Հայաստանն արդեն իսկ բավական փոփոխություններ կատարել է, մասնավորաբար, վիզաների ազատականացման գործընթացում, ուսումնասիրելով Վրաստանի եւ Ուկրաինայի փորձերը: Թեւան Պողոսյանը կարեւորում է, որ ցանկացած բարեփոխում լինի որակով եւ անշրջադարձելի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ