Այսօր ԱԺ աշխատանքային խումբը քննարկում է «Ընտրական օրենսգրքի» նախագիծը: Կառավարության հանձնաժողովը մտադիր է կանանց քվոտան մեծացնել՝ դարձնելով 30 տոկոս՝ 20-ի փոխարեն:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Մենք կանանց քվոտան մեծացնում ենք՝ ցույց տալու համար, որ ՀՀ-ում որեւէ խտրականություն չկա եւ մենք հերոսաբար կարծրատիպե՞ր ենք հաղթահարում, հիմք ենք ստեղծում, որ հաղթահարե՞լ ենք, թե՞ իրոք ՀՀ քաղաքական-հասարակական կյանքում կուտակվել է կանանց ահռելի կապիտալ, որը օրենսգրքի պատճառով չի ռեալիզացվում: Իմ խորին համոզմամբ, ¼ քվոտան, որը կա, մի քանի անգամ գերազանցում է կանանց քաղաքական այն պոտենցիալը, որը կա ՀՀ-ում: Խորհրդարանում եթե լինի 50 տոկոս կանայք, 50 տոկոս տղամարդիկ, դրանից ի՞նչ է փոխվելու»:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եթե խոսքը ծանր ֆիզիկական աշխատանքի մասին է, բնական է, որ ենթադրվում է, որ այդ ոլորտում տղամարդիկ ավելի շատ պետք է լինեն, քան կանայք. «Քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ սկզբունքորեն պետք է ակնկալել, որ ՀՀ-ում այո, կլինի անհամեմատ ավելին շատ կանանց քաղաքական հայտ: Բայց քանի որ չկան, մենք ասում ենք, պետք է լրացուցիչ խթան, որ ավելի շատ կանայք լինեն ակտիվ քաղաքականությունում»:
Սեյրանյանը հարցրեց՝ որտե՞ղ է չափված, որ միայն քվոտայի սահմանափակման պատճառով է, որ կին քաղաքական գործիչները քիչ են, այնպիսի տպավորություն է, որ կանանց ուղղակի լավություն ենք անում: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ քվոտան չի պատճառը, որ խորհրդարանում քիչ կանայք կան, բայց քվոտայում արագ են լուծում այդ խնդիրը. «Այս ԱԺ-ում ունենք 18 տոկոս կանայք, նախորդ խորհրդարանում կար 10-11 կին: 131 պատգամավորներից 14-ն էր կին: Սրա պատճառը ո՞րն էր, ես չեմ հավատա, որ կանայք իրենց կրթվածությամբ ու մտավոր կարողություններով ավելի պակաս են, քան տղամարդիկ, ոչ: Հանրությունը քանի որ ունի կարծրատիպեր, չեն գնում քաղաքականությամբ զբաղվելու, գիտեն, որ հանրությունը ավելի շատ տղամարդկանց է ընտրելու: Երբ բերում ենք նրանց խորհրդարան, հանրությունը տեսնում է, որ կանայք կարող են լավ քաղաքական գործիչ լինել ու հանրությունը սկսում է դրան ընտելանալ»:
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քվոտավորումը այսպիսի կարծրատիպային հասարակությունում անհրաժեշտություն է, բայց դա չպետք է արհեստականացվի եւ անընդհատ լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ