Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի առաջին կիսամյակում հավաքագրել է 649 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, որից 496.8 միլիարդ դրամը հարկային մարմիններն են հավաքագրել, իսկ 152.9 միլիարդ դրամը՝ մաքսային մարմինները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Դավիթ Անանյանի խոսքերով՝ «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88.2 միլիարդ դրամ կամ 15.6 %»: Ըստ Անանյանի, այս հավաքագրված գումարների 32.3 միլիարդ դրամը հավաքագրվել է մայիս-հունիս ամիսներին, աճի տեմպը կազմել է 16.3%:
ՊԵԿ նախագահի վստահեցմամբ՝ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին բացահայտված պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքերով պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 միլիարդ դրամ: Այս բացահայտված հանցագործություններն, ըստ Անանյանի, վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը. Դրանք զբաղվում են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով»:
Դավիթ Անանյանն ասաց, որ հաջորդ տարվա պետական բյուջեում կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրման ժամանակ իրավապահ գործունեության արդյունքում հայտնաբերված կամ վերականգնված գումարները պետական բյուջեի եկամուտները պլանավորելիս հաշվի առնելն այնքան էլ ճիշտ չէ. «Որովհետեւ մենք պետք է գնահատենք, ոչ թե ինչքան գումար վերականգնվեց, այլ այս գործունեության արդյունքում արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսակետից»:
Անանյանը վստահեցրեց՝ բացահայտված չարաշահումների արդյունքում վերականգնված գումարները դրական են ազդելու պետական պարտքի սպասարկման վրա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ