Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետք է 15 տոկոսանոց կուսակցությունները միանան եւ իշխանությանը «քցեն», թող անեն». Ալեն Սիմոնյան

Հուլիս 13,2018 13:26

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքները՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման շուրջ:

Վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենց հանձնաժողովում դիրքորոշում են հստակեցրել կոալիցիաների ձեւավորման հետ կապված: Գործող օրենքով կոալիցիաների ձեւավորման սահմանափակումը, որը կար, որը ենթադրում էր, որ եթե ուժերից ոչ ոք չի հավաքում մանդատների մեծամասնությունը եւ ժամկետ է տրվում կոալիցիայի ձեւավորման համար, ապա կար սահամանփակում, որ կոալիցիա կարող է կազմել առավելագույնը 3 ուժ»:

ՀՀԿ-ականները մտահոգված էին, ասենք, մի ուժ 45 տոկոս ձայն հավաքեց ու չի կարող մեծամասնություն կազմել, ինչո՞ւ պետք է փոքր կուսակցությունները միանան եւ կազմեն մեծամասնություն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այսօր պետք է կաղապարներից դուրս գալ, աշխարհում ընդունված է, նույնիսկ 49 տոկոսանոց ընդդիմություն կա ու դա զարմանալի բան չի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քանի որ իրենց կուսակցությունում բազմակարծություն է, իր կուսակցի հետ համաձայն չէ, եթե սահմանափակումը վերացնեն, երկիրը կտանեն պերմանենտ ցնցումների: Եթե մի կուսակցություն 45 տոկոս ձայն է հավաքել, ժողովուրդը իրեն է ուզում տեսնել կառավարող ուժ, ժողովրդի կամքը անտեսել եւ 3-4 տոկոսանոց ուժերը միավորել, դարձնեն աջաբսանդալ ու երկիրը կառավարելու լիազորություն տալը երկիրը կտանի ցնցումների:

«Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Այնպես եք ուզում անել, որ չկարողանա՞ն բուրգին մոտենալ: Մեծամասնություն ես, գնա ժողովրդի մոտ այնպիսի մեծամասնություն հավաքի, որ չկարողանան փոքր կուսակցությունները միանան եւ քեզ իշխանություն չթողնեն: Հեշտացնո՞ւմ ենք ամենամեծ ուժի գործը: Մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ՔՊ-ն կամ «Ելքը» հավերժ մնա իշխանության: Եթե պետք է 15 տոկոսանոց կուսակցությունները միանան եւ իշխանությանը «քցեն», թող անեն: Մի տարի հետո թող մի հատ էլ ընտրություն լինի: Պետք է հասկանանք՝ նպատակը ո՞րն է»:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ հիմա խորհրդարանում ունենք ընդդիմություն, ով համարյա 50 տոկոս մանդատներ ունի, իրար միավորված ուժեր ունենք, այս պահին 3-ն են:

ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ քաղաքականությունը նրա համար չի, որ եթե չստացվեց մեծամասնություն ձեւավորել, պետք է ասել՝ լավ, տղերք, խառնենք, նորից բաժանենք: Քաղաքական ուժերը պետք է ավելի պատասխանատու լինեն, դա ավելի կարող է նպաստել կայացմանը: Ըստ նրա, եթե ինչ-որ սահմանում ենք անում, այդ դեպքում ոչ թե թիվը ֆիքսեն, այլ՝ խճանկարը պատկերացնելով՝ ամրագրվի՝ 8 քաղաքական ուժ են անցել, ինչ հարաբերակցությամբ կարող են ձեւավորել, 10 քաղաքական ուժ է ձեւավորվում, ինչպես կարող են հարաբերակցություն լինել: Եթե թիվ ենք սահմանում, մենք սահմանափակում ենք, իսկ երկրորդ պարագայում մենք խաղալու տեղ ենք թողնում, ազատություն ենք տալիս»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ երբ ընտրողները ձայն են տվել կուսակցություններին, գուցե չեն ուզում, որ իրենց պատկերացրած ընդդիմադիր կուսակցությունը միանա մեկ այլ ուժի հետ, ընտրողների կամքը ո՞նց հարցնեն: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձեց, այդ դեպքում գործող օրենքով էլ ՀՀԿ-ն ամրագրել էր, որ 3 ուժեր կարող են կոալիցիա կազմել, նրանք ընտրողներին հարցնո՞ւմ էին, որ կոալիցիա կազմելու լինեին:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ սահմանափակումը վերացնելը նվազեցնում է երկրորդ փուլի հնարավորությունը, որը համամասնական սկզբունքի խախտում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031