ԱԺ աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքները՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ:
Այսօր նիստը վարում է ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:
Վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս ընթացքում իրենց հանձնաժողովը նիստ է հրավիրել եւ որոշ հարցերում, որոնց վերաբերյալ նախկինում դիրքորոշում չկար, այժմ ունի. «Ընտրողների ցուցակների հետ կապված մեր առաջարկները եւ ԱԺ ընտրակարգի անցողիկ շեմի հետ կապված մեր առաջարկները հաշվի առնելով, մենք եւս մի քանի կարգավորումներ ենք սահմանել, հայեցակարգում հստակեցրել: Նախ, կոալիցիաների ձեւավորման սահմանափակումը, որը կար, որը ենթադրում էր, որ եթե ուժերից ոչ ոք չի հավաքում մանդատների մեծամասնությունը եւ ժամկետ է տրվում կոալիցիայի ձեւավորման համար, ապա գործող օրենսդրությամբ կար սահմանափակում, որ կոալիցիա կարող են կազմել առավելագույնը 3 ուժ»:
Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե խոսում ենք խորհրդարանական կառավարման ձեւերի մասին, նախկինում մեխանիզմներ են դրվել, որ այն լինի համեմատաբար կայուն: Այն, ինչ արվում է՝ անցողիկ շեմի իջեցում, կոալիցիաների թվի սահմանափակման վերացում, իմ խորին համոզմամբ, բերելու է անկայուն կառավարման: Նայեք, ինչ պատկեր կարող ենք ունենալ: Ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ ավելի պակաս, որպեսզի ունենա մեծամասնություն: Մնացած ձայները բաշխվել են տրոհված ձեւով փոքրիկ քաղաքական ուժերի միջեւ, ստացել են 4-5 տոկոս: Արդյունքում, եթե բոլորին գումարենք, կլինի մեծամասնություն, բայց ինչքանո՞վ է այնտեղ լինելու միակարծություն, ձեւավորված իշխանությունը պետք է լինի կայուն»: Ըստ Դավիթ Հարությունյանի, փորձը ցույց է տվել, որ այն երկրները, որոնք քայլեր չեն ձեռնարկում՝ հնարավորինս կայուն իշխանություն ձեւավորելու համար, հայտնվում են պերմանենտ փոփոխությունների շրջափուլում, ինչը Հայաստանի համար վտանգավոր է:
Դավիթ Հարությունյանը գտնում է, որ 3 ուժերի միջեւ կոալիցիայի ձեւավորումը նորմալ է, նույնիսկ կհասկանա, եթե 3-ը քիչ է, դարձնեն 4, բայց իսպառ վերացումը սահմանափակման վտանգներ է պարունակում: Օրինակ, Իտալիայում միջինում մեկ տարուց պակաս են կառավարել կառավարությունները եւ դա է պատճառը: Կոալիցիայի փլուզվելու հավանականությունը մեծ է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք կողմ են եղել սահմանափակումները քչացնելուն դեռ ի սկզբանե, երբ խորհրդարանական կառավարման էինք անցնում: Նա համաձայն չէ, որ սահմանափակումը նպաստում է կայունությանը. «Մենք ունենք երկրորդ փուլի հանգամանքը, ժամանակ է տրվում, չի ձեւավորվում կոալիցիա, եթե 4-ը միանում է, մեծամասնությունը ձեւավորվում է, ի՞նչ իմաստ ունի երկրորդ փուլ ձեւավորել: Դրա համար թող սահմանափակումը հանվի, նոր ընտրություն չլինի, իմաստը ո՞րն է: Մենք գործող օրենքով ամեն ինչ տեղափոխում ենք երկրորդ փուլի վրա: Համախոհության ձգտելը կարեւոր է, մենք պաշտպանում ենք այդ առաջարկը, որ սահմանափակումը պետք է հանենք»:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի կուսակցություն կարող է հավաքել 45 տոկոս եւ 4 կուսակցությունների միջեւ ձայները բաշխվեն 10-15 տոկոս, կազմեն միասին մեծամասնություն, որքանո՞վ է նպաստելու խորհրդարանական կառավարմանը, կայունությանը. «Գուցե սահմանափակման թիվը դարձնենք 4, բայց ամբողջությամբ չհանենք, որովհետեւ քաղաքական դաշտում այնպիսի միավորում կարող ենք ստեղծել, որ անընդհատ «տուրբուլենտային» վիճակից երբեք դուրս չգանք: Իրականում 3-ը կայունությունը երաշխավորելու նպատակ ունի, սրբազան դրույթ չի, բայց ամբողջությամբ սահմանափակումը հանելու հետ կապված մտահոգություն ունեմ: Նույնիսկ արդարության տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ 45 տոկոսանոց կուսակցությունը դառնա ընդդիմություն, իսկ մյուսները միավորվելով՝ դառնան ընդդիմություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ