Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը որոշել է մի շարք՝ թվով յոթ կառույցի տալ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ:
Ընդ որում, դա արվել է առանց մասնագիտական եւ հանրային լայն քննարկման, ինչի անհրաժեշտության մասին նախկին ակտիվիստները, որոնք դարձել են նախարարներ կամ այլ պաշտոնյաներ, նման դեպքերում մի քանի ամիս առաջ փոթորիկ կբարձրացնեին լրատվամիջոցներում եւ սոցցանցերում: Սակայն հիմա դա տեղի չի ունենում՝ ո՛չ հանրային քննարկում, ո՛չ էլ դրա բացակայությունից դժգոհություն «ազատ» լրատվամիջոցներում:
Ինչեւէ, զերծ մնալով կարծիք հայտնելուց, թե վերոնշյալ կառույցներից որն էր արժանի նման կարգավիճակ ստանալու, որը՝ ոչ, անդրադառնանք միայն դրանցից մեկին՝ «Զվարթնոց» օդանավակայանի նախկին շենքին:
Կոնկրետ այս կառույցին նման կարգավիճակ տալը զուտ պոպուլիստական քայլ է՝ ուղղված մի խումբ ճարտարապետների անձնական հավակնությունների բավարարմանը, ինչպես նաեւ պատրանք ստեղծելուն, թե կառավարությունն ու «անձամբ սիրելի վարչապետը» լսում են «ժողովրդի» ձայնը:
Մինչդեռ իրականում կոնկրետ այս կառույցի վերաբերյալ որոշումն արմատապես հակասում է Հայաստանի անվտանգությանը, տնտեսական շահերին եւ ներդրումային միջավայրին:
Հիշեցնենք, որ օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայանների» նոր «մաստեր պլանի» համաձայն, նորակառույց օդանավակայանը պետք է ընդլայնվի: Ի դեպ, ընդգծենք, որ դրա կառուցման համար ընկերությունը անցած տարիների ընթացքում կատարել է ավելի քան 320 մլն դոլարի ներդրում:
Շնորհիվ Հայաստանում խոշորագույն ներդրումը կատարած արգենտինահայ գործարար, ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի, մենք ունենք ժամանակակից եւ հարմարավետ օդանավակայան, որը Հայաստանի անկախության շրջանի՝ թե՛ կարեւորությամբ, թե՛ ներդրումների ծավալով թերեւս ամենանշանակալի կառույցն է: Նրա ընդլայնումը, ըստ կառավարիչ ընկերության, հնարավորություն կտա տարեկան ընդունել ավելի քան 1 մլն ուղեւոր, ինչպես նաեւ դառնալ տարանցիկ օդանավակայան: Այդ նպատակով օդանավակայանի հին շենքը նախատեսվում է քանդել՝ քանի որ խանգարում է նոր օդանավակայանի ընդլայնմանը:
Սակայն հին շենքին մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալը՝ նրա կառուցումից 40 տարի անց, հնարավորություն չի տա ընդլայնել նոր օդանավակայանը: Այդ հանգամանքը հաստատապես իմացել են փորձագիտական հանձնաժողով կոչվող խմբի անդամնեը, բայց կայացրել են որոշում՝ թքած ունենալով ե՛ւ երկրի համար նոր օդանավակայանի, նրա ընդլայնման կարեւորության, ե՛ւ ներդրումներ կատարող ընկերության կարծիքի վրա:
Հիմա հարց է առաջանում. ի՞նչ է՝ հրաժարվելո՞ւ ենք նոր օդանավակայանի ընդլայնումից եւ Էռնեկյանին ասելու ենք՝ այլեւս ներդրումներ մի կատարի՞: Չմոռանանք, որ շրջափակման եւ պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք եւ որ մեր օդանավակայանն էլ պետք է համապատասխանի մեր այդ կացությանը:
Դա իսկապես բոլոր առումներով տիպիկ սովետական օդանավակայան էր, եւ երեւի չէր էլ ենթադրվում, որ հետագայում կարող է հավակնել մշակութային հուշարձան ստանալու կարգավիճակին: Մի խոսքով, որպես օդանավակայան՝ հին շենքը մաշված է եւ անգործածելի, չէր համապատասխանում տեխնիկական, անվտանգության եւ բազմաթիվ այլ չափանիշներին: Եթե այդպես չլիներ, ապա նոր օդանավակայան կառուցելու անհրաժեշտություն էլ չէր լինի:
Որպես հուշարձան պահելու մասով: Ի՞նչ հուշարձան է դա, ո՞վ է այցելելու այդ հուշարձանը, ի՞նչ տեսնելու համար, ի՞նչ գրավչություն ունի: Դա ո՛չ Գեղարդն է, ո՛չ օպերայի շենքը, ո՛չ Մատենադարանը:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում