Ո՞րն է «Ելքի» փորացավը, ինչո՞ւ էին ցանկանում հենց օգոստոսի 8-ին անցկացնել քաղաքապետի ընտրությունը: Այդ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթից դա փոքրիշատե պարզ դարձավ: Նա ցանկանում է, որ Երեւանի ավագանին քաղաքապետ չընտրի, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս ըստ էության լուծարել գործող ավագանին ու նշանակել արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, ի դեպ, որ մայրաքաղաքի (ինչպես նաեւ արդեն մի շարք խոշոր քաղաքների) ավագանին ձեւավորվում է համամասնական ընտրակարգով:
Է՜հ, ավագանու արտահերթ ընտրություննե՞րը, էլի խնդիր չէ: Որքան շուտ՝ այնքան լավ: Բայց ոչ, արի ու տես, որ «Ելք» խմբակցության ղեկավարը կարծում է, որ ավագանու ՀՀԿ խմբակցությունը հատուկ է ուզում քաղաքապետի ընտրության, իսկ այս դեպքում, փաստորեն չընտրության (որ արտահերթի օրենսդրական հիմք ստեղծվի) օրը շուտ նշանակել, որ հնարավոր արտահերթ ընտրությունների նախապատրաստական շրջանը ամռան շոգերին համընկնի, իսկ ընտրահանձնաժողովներն ու նաեւ իրենք չկարողանան լավ պատրաստվել, որ… պետությունը լրացուցիչ ծախսերի տակ ընկնի եւ այսպես շարունակ:
Մի խոսքով, երիտասարդը մի ամբողջ դավադրություն բացահայտեց, ու թե. «Դա սաբոտաժ է պետության դեմ, որովհետեւ ընտրությունն այսպես թե այնպես կայանալու է, բայց ինչ գնով է կայանալու, դա որոշելու ենք մենք…»:
Այսինքն՝ Երեւանը մեկ ամիս անքաղաքապետ թողնելը սաբոտաժ չէ, օր առաջ նոր քաղաքապետ ընտրե՞լն է սաբոտաժ: Եվ առհասարակ, եթե «Ելքը» քաղաքական որոշում ունի՝ գործընթացները տանել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ հարուցելու հունով, ի՞նչ տարբերություն. հուլիսի 16-ից դրա հաշվարկը լինի՞, թե՞ օգոստոսի 8-ից: Ամռան տա՞պն է խանգարելու:
Ճիշտն ասած, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որակի ապահովման մասնագետ աշխատած, 4 տարի սրանից առաջ ՏՏ ոլորտում նախագահ Սերժ Սարգսյանի ամենամյա մրցանակաբաշխությանը որպես «Լավագույն բակալավր» պարգեւատրված 24-ամյա երիտասարդից կարելի էր ավելի հավասարակշռված ու լուրջ մոտեցում ակնկալել: Բայց Դավիթ Խաժակյանն ու նրա ելույթի շնորհիվ նաեւ «Ելքը» անլուրջ տպավորություն թողեց:
Ամենակարեւո՛րը, թե ինչո՞ւ է Դ.Խաժակյանի ու «Ելքի» մոտեցումն անլուրջ տպավորություն թողնում: Բանն այն է, որ տեւական ժամանակ «Ելքը» ձգտում էր Տարոն Մարգարյանի հրաժարականին: Մոտ 2 ամիս: Լավ, բա այդ երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ՞ր կոնկրետ մոտեցումներ ձեւակերպել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որոնց մասին այսօր մուննաթախառը տրտնջում են երիտասարդ թավշահեղափոխականները՝ քննությանը վատ պատրաստված ուսանողի նման:
Ավելին՝ այդքան դժվա՞ր է, որ իրենց խմբակցության շարքերից թեկնածու առաջադրեն, պայմանավորվածության գան գործող ավագանու մեծամասնության, այսինքն՝ ՀՀԿ-ի հետ ու ընտրեն քաղաքապետ կամ «միջանկյալ քաղաքապետ» ու անցնեն գործի, այսինքն՝ լծվեն աշխատանքի:
Գուցե թեկնածո՞ւ չունեն: Բայց չէ, նույն «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը երեկ ասում էր, որ մի քանի թեկնածություն դիտարկվում է:
Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքիր: Եթե թեկնածուներ եք դիտարկում, ապա արտահերթի չեք գնում, եթե արտահերթի եք գնում, ապա մյուսների հետ պայմանավորվում եք, որ թեկնածություն չառաջադրեն: Այլապես ստացվում է, որ «Ելք»-ում ճառ ասողների պակասություն չկա, ինչպես չկա «զանգ կախող»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում