Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ: Պատմական փորձով հաստատված է, որ պետականության բացակայության պայմաններում նաև Եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները՝ գաղափարական հարկի տակ համախմբելով հայ ժողովրդի բեկորներին:
Հարգելով ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուրին վերապահված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները:
Երբևէ չնույնացնելով հայ և քրիստոնյա եզրույթները, գտնում եմ, որ այդուհանդերձ քրիստոնեությունը խորապես արմատավորվել է հայի գիտակցության մեջ՝ դառնով նրա արժեհամակարգի անբաժանելի մասնիկը: Այս համատեքստում իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հատկապես Հայաստանում հետզհետե արմատավորվող աղանդավորական շարժումների հետևողական զարգացման պայմաններում:
Ամուր եկեղեցի ամուր պետություն: Սա է 1700 ամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող մեր ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին:
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ