Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում թե՛ Փաշինյանի հանդիպումները Բրյուսելում եւ թե՛ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ «Շատ էր քննարկվում՝ արդյոք պե՞տք էր մասնակցել ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին, մանավանդ ՆԱՏՕ-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Փաշինյանը ճիշտ է արել, որ մասնակցել է։ Սա նախ իր մասնակցությամբ առաջին գագաթնաժողովն է, հետո երկու այցերից հետո՝ Ռուսաստանի Դաշնություն, կարծում եմ՝ տրամաբանական է, որ նաեւ հարաբերություններ սկսենք խորացնել այլ միջազգային իրավունքի սուբյեկտների եւ խաղացողների հետ, մանավանդ՝ եթե Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարաբերությունները խորացնելու է բոլոր ուղղություններով։ Դրա համար կարծում եմ, որ այցը ճիշտ էր եւ տրամաբանական»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հռչակագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածին, ապա Սուրեն Սարգսյանը նախ ընդգծեց՝ ՆԱՏՕ-ն կամ միջազգային այլ կառույց որեւէ իրավասություն չունի արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ եւ կարող է ցանկացած բանաձեւ ընդունել։ «Երկրորդ, գիտեք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու ամենակարեւոր պետություններից մեկը՝ Ֆրանսիան, եւ ամենակարեւոր պետությունը՝ ԱՄՆ-ն, Մինսկի խմբի համանախագահ են՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այսինքն՝ նրանք բազմիցս հայտարարել են, որ արցախյան հակամարտությունը կարող են կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի շրջանակներում։ Այսինքն՝ էստեղ էլ որեւէ վտանգավոր բան չեմ տեսնում եւ չեմ էլ կարծում, որ էստեղ պիտի հեղափոխությունից հետո ինչ-որ պրոբլեմներ կամ դժվարություններ լինեին»,- նկատեց Սուրեն Սարգսյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում