Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Որդեգրած քաղաքականությունը հազիվ թե որևէ օտարերկրյա ներդրողի հետաքրքրությունը կշարժի». «Իրատես»

Հուլիս 13,2018 10:20

Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ: Սակայն բյուջե փաստացի վերականգնված է 800 միլիոն դրամ: Տնտեսական ցուցանիշներն այս օրերին, չգիտես ինչու, չափվում են թալանված միջոցների վերադարձով, հավանաբար այն պատճառով, որ հանրությունն այս երկու ամսվա ընթացքում տեսնում է միայն ԱԱԾ-ի գործողությունները: Սակայն թալանված միջոցների վերադարձով տնտեսություն չես պահի: Տնտեսական զարգացման ի՞նչ դինամիկա կա, վարչապետը խոստացել էր, որ ներդրումային բում կլինի, դրա միտումները կա՞ն, այս հարցերն ուղղեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

-Օբյեկտիվ գնահատելով իրավիճակը, պետք է ասել, որ եթե ներդրումներ անել ցանկացողներ էլ կան, իրական արդյունքներ այս կարճ ժամանակամիջոցում հազիվ թե երևան,- ասաց պատգամավորը։- Վիճակագրական տվյալներով եթե խոսենք, նման հիմքեր չկան: Նպատակ չունեմ որևէ մեկի հայտարարությունը կասկածի տակ դնելու, չեմ էլ ժխտում, որ Հայաստանի հանդեպ կա լուրջ հետաքրքրվածություն, բայց հետաքրքրվելը մեկ բան է, իրական ներդրումներ անելը՝ լիովին այլ: Ներդրումները, նախ, ժամանակ են պահանջում:

-Տնտեսական զարգացման կոնկրետ ծրագիր կամ դրա տեսլականը այսօր կա՞:

-Կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ իմ վերապահումներն ունեմ: Այդ ծրագրում թեպետ առաջնային էր համարվել երեք ոլորտ, բայց որդեգրած քաղաքականությունը հազիվ թե որևէ օտարերկրյա ներդրողի հետաքրքրությունը կշարժի: Այդ ծրագրային փաստաթուղթը չէր կարող որևէ ներդրողի համար դառնալ հիմք:

Հաջորդ էական խնդիրը. արտգործնախարարությունից կրճատվեց տնտեսական դիվանագիտության սեկտորը: Պարզվեց, որ արտգործնախարարությունն այդ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետևաբար ուզում եմ հասկանալ` օտարերկրյա ներդրողը ո՞ր խողովակներով պետք է հետաքրքրվի ու հասկանա, թե ինչ ենք ուզում անել:

Ո՞վ է ասել, որ աշխարհը Հայաստանով է ապրում, իսկ երկրագունդը Հայաստանի շուրջն է պտտվում: Գուցե հիմա Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան նախկինում, բայց դա պայմանավորված չէ տնտեսական նոր հնարավորություններով, այլ քաղաքակիրթ իշխանափոխությամբ, հանրային կյանքի ժողովրդավարացմամբ: Ընդամենը այդքանը:

Տնտեսական քաղաքականությունը, ներդրումներ բերելը կոնկրետ աշխատանք են, պոտենցիալ ներդրողի հետ կոնկրետ մարդ պետք է աշխատի: Ես նման աշխատանք չեմ տեսնում:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031