Այն, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, անկասկած, դրական երեւույթ է: Նախորդ իշխանությունը շատ էր լճացել, մեծամտացել, չափից դուրս «արխային» էր, որ երբեք չի փոխվի, կորցրել էր կապը իրականության հետ, չէր զգում հասարակական տրամադրությունները: Կյանքի՝ նման ոչ ադեկվատ ընկալումը, ի վերջո, կարող է նաեւ վտանգավոր լինել՝ մանավանդ հաշվի առնելով մեր երկրի արտաքին մարտահրավերները: (Հատուկ չեմ խոսում ենթադրյալ հանցագործությունների մասին՝ հարգելով անմեղության կանխավարկածը):
Սակայն այն հանգամանքը, որ հեղափոխությունն, ընդհանուր առմամբ, բարիք էր Հայաստանի համար, չի նշանակում, որ դրա իրականացումից երկու ամիս անց պետք է դնել, փոխաբերական իմաստով, այդ հեղափոխության «բրոնզաձույլ արձանը»: Երեւի այդ հարցում չարժե շտապողականություն դրսեւորել եւ հեղափոխության «կանոնիզացիայի», դրա շուրջ պաշտոնական քարոզչական առասպելաբանություն հյուսելուց առաջ պետք է, հավանաբար, գոնե առաջին մոտեցմամբ գնահատել դրա դրական հետեւանքները:
Հայկական ԽՍՀ հեղափոխության թանգարանի մասին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը որոշում է կայացրել է 1921 թվականի հունիսի 8-ին՝ չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե երբ եւ ովքեր են Հայաստանում սոցիալիստական հեղափոխություն իրականացրել: Բայց եթե անգամ «հեղափոխություն» համարենք 11-րդ կարմիր բանակի ներխուժումը, ապա այդ իրադարձությունից մինչեւ Մյասնիկյանի որոշումն անցել էր մոտավորապես 6 ամիս: Այդ ընթացքում քիչ թե շատ պարզ դարձավ, թե ինչ է ուզում անել նոր իշխանությունը, եւ, ի դեպ, հաղթահարվեց ծայրահեղ հեղափոխական, «ամեն ինչ քանդելու եւ զրոյից նոր բան սարքելու» բոլշեւիկյան մոտեցումը:
Խորհրդային Հայաստանի հեղափոխության թանգարանում առանձնապես «մասունքներ» չկային՝ Մոսկվայից ուղարկած հրահանգ-հեռագրեր, այստեղից «կենտրոն» գնացած զեկուցագրեր, լուսանկարներ, նշանավոր հեղափոխականների գործունեության մասին պատմող փաստաթղթեր: Մոսկվայում եւ Լենինգրադում համանման թանգարաններում ցուցադրությունն ավելի հարուստ էր՝ ընդհուպ մինչեւ Լենինի կեպկան (առանց որեւէ մակագրության) եւ մանրակերտը այն հյուղակի, որտեղ հեղափոխության առաջնորդը, ըստ պաշտոնական առասպելաբանության, ապրել էր Ֆինլանդիայում՝ գրելով ապրիլյան թեզիսները:
Նոր Հայաստանում պաշտոնական «կանոնիզացիայի» եւ «մասունքների» ժամանակն առայժմ չի եկել: Կցանկանայի, որ այն որքան հնարավոր է՝ ուշ գար, որովհետեւ երբ հեղափոխության առաջնորդների մեջքից թեւեր են աճում, վտանգ կա, որ նրանք թռչելու են եւ այդպիսով դարձյալ հեռանալու են իրականությունից:
Այնպես որ, առաջարկում եմ գոնե կես տարով հետաձգել «հեղափոխության մասունքների» ցուցադրության որոշման իրականացումը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարզ է թէ որեւէ գործընթաց փառաբանել սկսելէ առաջ, նախ պէտք է տեսնել անոր վախճանական, էական արդիւնքները:
Սակայն այս խմբագրականի ներածական պարբերութեան մէջ ներկայացուած կարծիքը վիճելի է: Այսինքն նա հասկնալի է, այս օրերին, լուրջ Խմբագրի մը համար: Սակայն ամէն մտաւորական ենթարկուած չէ այդ հանգամանքին եւ – թերթի մը նկատմամբ – պաշտօնական պատասխանատվութեան վերաբերող՝ խոհեմութեան սկզբունքին: Առաւել, իմաստուն մարդ է Խմբագիրը… Երանի իրեն…
Սկսինք պարբերութեան վերջաւորութենէն: Նոյնիսկ եթէ լիովին անտեսենք անմեղութեան կանխավարկածը, ենթադրենք թէ մինչեւ օրս տեղի ունեցած բոլոր բացայայտումները, օրինական հետապնդումները, ամբողջովին հիմնաւորուած են, այդ ամէնը ի դէմ դնելով տեղի ունեցած քաղաքական երկրաշարժին, տակաւին հակազդեցութիւնը լինելու է՝ ի՞նչ… ա՛յս էր, միայն !! Այս ամէ՜նը տեղի ունեցաւ, այժմու վիճակը գոյացաւ, միայն այ՛դ անօրէն կամ անբարոյ արարքներին համար ?! Հետեւաբար, այստեղ եւս հարկաւոր է սպասել ամբողջական արդիւնքներին, եթէ լինեն:
Նախկին վարչակարգի մասին վերեւում արտայայտուած մնացեալ ընդհանուր արժեւորումն ալ կարելի է հակառակ ձեւով ըմբռնել ու ներկայացնել: Զուտ տեսականօրէն – եւ ամէն դէպքում նախորդ կէտի վերապահութեամբ անշուշտ -՝ կայացած, ամուր, խիտ ու զօրեղ վարչակարգ մը, որ ուժը ունի նաեւ հեռու մնալու աւելորդ յուզմունքներից, մերժելու մակերեսային ամբոխահաճութիւնը, առաջնահերթ կերպով լծուելու համար նորելուկ եւ դիւրաբեկ երկրի մը տարրական գոյատեւման գործին, նորածին Պետութեան մը կերտման աշխատանքին, եւ այդ ամէնն ալ, արտակարգօրէն դժնդակ պայմաններու մէջ՝ այս բոլորը վատ բաներ չեն:
Եւ ահա, այս հանգրուանին, դեռ ընթացիկ յեղափոխութեան նկատմամբ, հիմնական մակարդակի վրայ, միակ անհերքելիօրէն դրական գնահատանքի մը արժանի, խորապէս տպաւորիչ իրագործումը՝ շնորհիւ այժմու Վարչապետի շարժումին, յայտնաբերուեցաւ, փաստուեցաւ ու բանից դուրս եկաւ որ նախկին վարչակարգը կայացած չէր, ամուր ու զօրեղ չէր, խտութիւնն ալ իրեն թող մնար: Պատրանք մը, bluff մըն էր միայն: Մի բան, որ ուրեմն գոնէ նոյնքան վտանգաւոր էր երկրին համար, որքան այժմու վիճակը:
Այս վերջին կէտի կապակցութեամբ, ես ինքս յստակօրէն սխալած էի: Աւելի ճիշդ՝ խաբուած էի: Որովհետեւ հայրենասիրութիւնն ալ սիրահարութիւն է:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
http://www.shoushisummercamp.org
Համաձայն եմ պարոն Աբրահամյանի հետ: Որքան էլ մեր ժողովրդի համար կարևոր և հպարտության արժանի է մեր հեղափոխությունը, դեռ վաղ է թանգարանում կամ պատկերասրահում ցուցադրություն կազմակերպելը: Մեծ ցանկության դեպքում կարելի է Մաշտոցի այգում կազմակերպել ցուցադրություն: