Թեև Հայաստանում մրցարշավորդների մասնագիտական դպրոց ու ավտոդրոմ չկա, հուլիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից ասֆալտապատ հրապարակում կանցկացվի «Ֆորսաժ՝ հայկական ոճով» ավտոշոու՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեցին STR ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը եւ մրցումների գլխավոր մրցավար Արմեն Տերողյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ-ին տարածք հատկացնելու համար:
Բանախոսները նշեցին, որ Հայաստանում վարորդներից շատերը, կարողանում են, թե ոչ, սիրում են մեքենան արագ վարել՝ բազմաթիվ վտանգներ առաջացնելով թե իրենց, թե շրջապատի մարդկանց կյանքի համար: Իսկ իրենց ակումբը նրանց հրավիրում է ադրենալինի պակասը լրացնել մեկուսի վայրում, ինչպես նաեւ վարորդներին սովորեցնել ճիշտ հասկանալ ավտոմեքենան եւ իրենց իրական կարողությունը:
Արսեն Մանուկյանը վստահեցրեց, որ դրիֆթինգի տասը մասնակցի պրոֆեսիոնալիզմը հաստատ կզարմացնի հայ հանդիսատեսին։ Կազմակերպիչները խոստանում են, որ կին մրցարշավորդների, թյունինգ արած մեքենաների. Սթրիթ վոկքաուտի մարզիկների, մոտոմրցարշավորդների մասնակցությունը անմոռանալի հաճույք կպատճառեն հանդիսականին։
Նշվեց նաեւ, որ արցախցիներն էլ ականատես կլինեն հայ ավտոսիրահարների «թրիլերին»։ Հուլիսի 26-ին 50 մրցարշավորդ, որոնք մասնակցում են դրագռեյսինգին, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ թյունինգ արած մեքենաների ցուցադրություն ու մանկական եռամարտի մրցումներ կանցկացնեն, իսկ ծրագիրը կեզրափակվի Ստեփանավանի օդանավակայանում կայանալիք դրագռեյսինգով։ Բանախոսները նշեցին նաեւ, որ միջոցառումներից ստացած ամբողջ գումարը կփոխանցվի Ստեփանակերտի մանկատանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ