Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկի մասին: Aravot.am-ը տիկին Հակոբյանից հետաքրքվեց՝ կա՞ն արդեն բարերարներ, որոնք կֆինանսավորեն հիմնադրամը: Տիկին Հակոբյանն ասաց.«Աջակցության եւ ֆինանսական ներդրումներ անելու պատրաստակամության մասին տարբեր մարդիկ զրույցներ ունեցել են եւ պատրաստակամություն հայտնել են: Այս պահին ձեռնպահ կմնամ անուններ տալուց, դրանք նախնական էին, եւ ես բոլորին խնդրել էի սպասել մինչեւ պաշտոնապես կտրվի հիմնադրամի մեկնարկը»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի՝ Արա Վարդանյանի դեպքը՝ հիմնադրամից գումարներ վերցնելն ու ձերբակալվելը հանրության՝ հիմնադրամներին աջակցելու եւ վստահելու վրա չի ազդի, տիկին Հակոբյանը պատասխանեց.«Այդ դեպքը, մեծ հաշվով, նորություն չէ: Լրատվամիջոցները բազմիցս, կոնկրետ մեր լրատվամիջոցը (Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է) բազմիցս անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տիրող իրավիճակին: Վերջին տարիներին այդ հիմնադրամն ուներ բազմաթիվ խնդիրներ, մենք գիտեինք, որ սփյուռքի բարերարները մեծ տոկոսով կրճատում էին իրենց հանգանակությունները: Եվ դա խոսում էր այն երեւույթների մասին, որոնք ջրի երես դուրս եկան: Հուսամ, որ դա չի ազդի, որովհետեւ դեռ աշխատանքները չսկսած` հակառակ պրոցեսն է տեղի ունենում»:
Տիկին Հակոբյանն անդրադարձավ «Արագիլ» հիմնադրամին, որն աջակցում է անպտղությամբ տառապող զույգերին: Այս ծրագրին աջակցում էր նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, եւ հիմա ծրագրի շարունակականությունը կասկածի տակ է, այստեղ չարաշահումների կասկածներ կան: Տիկին Հակոբյանն այս առնչությամբ ասաց.«Շատ տեղեկություններ չունեմ այդ ծրագրի մասին: Նախարարությունն էր զբաղվում այդ ծրագրով: Եթե պարզվի` պետությունը չի կարող աջակցել, ծրագրի շարունակականությունն ապահովել, ապա մենք մեր ուժերով կփորձենք օգնել»:
Aravot.am-ի հարցին էլ՝ ի՞նչն էր պատճառը, որ վարչապետի կինը երեկ ամուսնու հետ Բրյուսել պաշտոնական այցին չի մեկնել, Հակոբյանը պատասխանեց.«Բոլոր այցերին իմ մասնակցությունը՝ մեկնել-չմեկնելը, որոշում է արարողակարգը: Ենթադրում եմ, ինչ-ինչ պատճառներով ճիշտ չեն գտել իմ մեկնելը»: Մեր դիտարկմանը՝ այլ պետությունների ղեկավարներն իրենց տիկնանց հետ էին, Աննա Հակոբյանը պատասխանեց.« Գիտեմ, տեսել եմ, բայց այդ հարցն ինձ չէ ուղղված»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ