Ըստ ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի՝ միանգամայն հասկանալի են նաև այն բոլոր ուժերի դիրքորոշումները, որոնք չեն ուզում միասնական դաշինքով գնալ:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմն իջեցնելը նպատակահարմար է, այլապես մի քանի հարյուր հազար ձայներ փոշիանում էին:
Հիշեցնենք՝ Հայաստանում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված կառավարությանն առընթեր հանձնաժողովն առաջարկել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը դառնա 4 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար 6 տոկոս՝ նախկին 7 տոկոսի փոխարեն։
«Առավոտի» հիշեցմանը՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ընտրություններում անցողիկ շեմի նվազեցումը Հայաստանի զարգացման տեսանկյունից ճիշտ չէ, իսկ կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ աշխարհի ամենաժողովրդավար 40 երկրներում, այնտեղ, որտեղ խորհրդարանը ընտրվում է համամասնական ընտրակարգով, անցողիկ միջին շեմը 3.9 տոկոսն է, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Միանշանակ անցողիկ շեմը պետք է իջեցնել, քանի որ շատ երկրներում այդ շեմը սահմանվում է այն բանի համար, որ արմատական, ծայրահեղական ուժերը կամ էլ ազգային փոքրամասնությունների հենքի վրա ստեղծված կուսակցությունները չանցնեն խորհրդարան: Օրինակ՝ Թուրքիայում անցողիկ շեմ է սահմանվել 10%-ը, որպեսզի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» չանցներ խորհրդարան: ՀՀ-ն նման խնդիր չունի. մեզ մոտ արմատական, ծայրահեղական կուսակցություններ քիչ կան, եղածներն էլ ազդեցիկ չեն, մեծ ընտրազանգված չունեն, իսկ զուտ ազգային փոքրամասնությունների հենքի վրա կուսակցություններ չկան: Այսօր ՀՀ-ի համար ցանկալի է, որ ինչքան քչացվի այդ շեմը, այնքան լավ: Հայաստանի պատմության ընթացքում, օրինակ՝ 2007թ.-ին, մոտ 300 000 ձայներ փոշիացվեցին: Այն ժամանակ մի քանի ընդդիմադիր կուսակցություններ ընտրություններին առանձին գնացին, բայց չկարողացան հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը, և այդ ձայները փոշիացան: Խոսքը ՀԺԿ, «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» և մի շարք այլ կուսակցությունների մասին է: Այն ժամանակ երեք հարյուր հազար ձայներ փոշիացվեցին: 3-4 տոկոսը մի քանի տասնյակ հազար ձայն է կազմում, և այդ ձայները պետք է ներկայացված լինեն խորհրդարանում»: Օրինակ՝ 2007թ. «Նոր Ժամանակներ» կուսակցությունը այն ժամանակ պաշտոնապես 47000 ձայն ստացավ (4%), բայց այդ ձայները կորան»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քննարկման հարց է նաև, թե քաղաքական ուժերն ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին: Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ համաժողովրդական շարժումն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին պետք է մասնակցի միասնական մեկ ցուցակով, որպեսզի ընտրությունները չդառնան կռվան այս կամ այն քաղաքական ուժի միջև։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ՝ եթե քաղաքական ուժերը գնան մեկ միասնական ցուցակով, ապա դա կնշանակի, որ գնում են ոչ թե ընտրությունների, այլ ցուցակ կազմելու: Այս համատեքստում Սպարտակ Սեյրանյանը հայտնել էր. «Եթե բոլոր քաղաքական ուժերը գնան մեկ միասնական ցուցակով, ուրեմն խոսքը ոչ թե ընտրությունների մասին է, այլ ցուցակ կազմելու. բա եկեք ուրեմն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերով խորհրդարանի մի հատ մեծ, ընդհանուր, համամասնական ցուցակ պատրաստենք ու էլ ընտրություններ չանենք, էլի, ժողովրդին ցույց տանք էդ ցուցակն ու ասենք՝ ժողովուրդ ջան, երջանիկ եղիր, մենք բոլորս մի հատ ցուցակ ունենք ու էդ ցուցակով գնում ենք ձեզ ղեկավարելու»։
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ «Ժառանգությանը» ձեռնտու է դաշինքով գնալը ՔՊ-ի և այլ ուժերի հետ, քանի որ նախկին ուժը չունի: Անդրադառնալով մյուս ուժերին՝ պարոն Վարդանյանն ասաց. «Ահա մյուս ուժերը, օրինակ՝ ՔՊ-ն, չեն ուզի գնալ միասնական դաշինքով. նրանք ավելի լավ պայմաններում են գտնվում: Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ մեր նախընտրական դաշինքները, որոնք անցել են խորհրդարան, հինգ տարվա մեջ չեն պահպանվել: Հիշենք «Միասնություն» դաշինքը, «Արդարություն» դաշինքը, «ՀԱԿ» դաշինքը և այլն: Օրինակ՝ ժամանակին «Արդարություն» դաշինքի հետ նման փորձ եղավ. ընտրություններին մեկ դաշինքով գնացին մի շարք կուսակցություններ, բայց հետագայում այն փլուզվեց: Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի են նաև այն բոլոր ուժերի դիրքորոշումները, որոնք չեն ուզում միասնական դաշինքով գնալ»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2018