Գործընթացներն ավելի աշխույժ փուլ կմտնեն աշնանը
2020 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Արցախում արդեն որոշակի քաղաքական աշխուժություն կա: Նախօրեին Արցախում էր նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը դիմավորելու էին եկել նրա բարեկամներն ու ընկերները՝ մոտ 400-450 մարդ: Ի դեպ, այդ հանդիպումից առաջ Սամվել Բաբայանի կողմնակիցները տեղեկություններ էին տարածում, թե հանդիպմանը 10000-15000 մարդ է մասնակցելու, եւ որ Սամվել Բաբայանը հայտարարելու է իր քաղաքական ծրագրերի մասին: Սակայն, ի հեճուկս «յուրայինների», հանդիպման ընթացքում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, իսկ նախագահ Բակո Սահակյանի հետ իր հանդիպման ժամանակ հիմնականում Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել: Սամվել Բաբայանն առայժմ կսպասի Բակո Սահակյանի խոստացած փոփոխություններին:
Ի դեպ, ի սկզբանե նախատեսված էր, որ եղբայրական գերեզմանատանը ծաղկեպսակ դնելուց հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք կլինի: Սակայն հավաքի մասնակիցները սահմանափակվեցին եղբայրական գերեզմանատանը տեղի ունեցած համեստ միջոցառմամբ: Անդրադառնալով Արցախում որոշակի պարբերականությամբ տեղի ունեցող հավաքներին՝ Սամվել Բաբայանն ասել է, թե երբ 20-30 հոգի հավաքվում են ու որոշում, որ իրենք կարող են նախագահ լինել, դա արդեն ծիծաղելի է, ավելացնելով, որ եթե նույնիսկ իրեն խնդրեն, ապա ինքը չի համաձայնի առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ինչեւէ, Արցախում ժամանակից շուտ կարծես սահուն մուտք են գործում ընտրական փուլ, ինչն այս փուլում միգուցե այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ներքին եւ արտաքին ռիսկերն են մեծ:
Արցախի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա նախընտրական մթնոլորտին, ասաց՝ ՀՅԴ Արցախի կառույցի համար նախընտրական փուլը սկսվել է 2015-ի մայիսի 4-ից` ընտրություններից անմիջապես հետո: Այլ քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի եւ գործողությունների մասով դժվարացավ մեկնաբանություններ անել: «Բայց նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ 2020 թվականին ինքն այլեւս չի առաջադրվի, նկատելի է տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքական դեմքերի, անհատների ակտիվությունը եւ նախապատրաստական աշխատանքը 2020-ի ընտրություններին: Այս մեկնարկը, որ նախագահի հայտարարությունից հետո տրվել է, դեռեւս որոշակի փուլեր ունի անցնելու: Ես կարծում եմ՝ 2018-ի աշնանը եւ 2019- ի առաջին ամիսներին ավելի բուռն կլինեն զարգացումները, եւ արդեն ավելի կընդգծվի 2020-ի ընտրություններին հայտ ներկայացնող քաղաքական ուժերի պատկերը»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հավանաբար ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր, որովհետեւ նախաձեռնող խմբերի հայտարարությունների, որոշ քաղաքական քայլերի ակտիվություն կա: «Այդքանով հանդերձ՝ ես չէի ուզենա երեկվա հանդիպումը եւ հայտարարություններն առանձնացնել այդ ամենից»,- ասաց Դավիթ Իշխանյանը` նկատի ունենալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած միջոցառումը:
Վերջին շրջանում շատ խոսվեց, որ Հայաստանի եւ մասնավորապես Արցախի գլխին կախված արտաքին մարտահրավերները եւ Արցախի ներքաղաքական- նախընտրական իրավիճակը համահունչ չեն: Մեր զրուցակիցը առաջարկում է տարանջատել մարտահրավերները եւ նախընտրական փուլը: «Ուղղակի առումով որեւէ նախընտրական գործընթաց չկա: Ես չեմ տեսնում ուղղակիորեն նախընտրական քարոզարշավի մեկնարկ: Այն, որ կան ձգտումներ, որոշ դրսեւորումներ` ակնհայտ է, բայց այդ ամենը փորձել լայն տեսքով ներկայացնել, լայն պրիզմայով տեսնել` այլ խնդիր է: Ինչ վերաբերում է մեր առջեւ ծառացած մարտահրավերներին եւ անմիջական վտանգին, ապա այդպիսի իրավիճակներ մենք ունեցել ենք նաեւ նախորդ տասնամյակներում` սկսած զինադադարից մինչ այսօր ընկած ժամանակահատված: Մենք միշտ էլ կարողացել ենք մեր խոհեմությամբ, իմաստությամբ, քաղաքական կամքի դրսեւորմամբ հաղթահարել այդ մարտահրավերները: Ես հույս ունեմ, որ այս անգամ էլ մենք կարող ենք այդ ամենը հաղթահարել՝ մանավանդ նկատի առնելով, որ արդեն իսկ, կարծես թե, ախտորոշված է վերջին շրջանում Արցախի ներքին կյանքում ծավալված քաղաքական ակտիվությունը, որը կարող է վտանգել մեր ներքին կայունության, անվտանգության ընդհանուր բաղադրիչը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2018