Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խորությամբ չպատկերացնելով այս պահին Երեւանի առջեւ ծառացած խնդիրները՝ քաղաքապետ ունենալու հապճեպ հարց լուծելը, կարծում եմ, արկածախնդրություն է»

Հուլիս 13,2018 14:00

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց` չմեկնաբանելով հեռանալու պատճառները: Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը կարծում է, որ ՏԻՄ համակարգում լուռ հրաժարականն ընդունելի կարգ չէ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Շահինյանն ասում է` համայնքի ղեկավարին այդ մանդատը տալիս է քաղաքացին, տվյալ համայնքի բնակիչը, այս դեպքում` երեւանցին, եւ անկախ նրանց գործունեությունից, որի գնահատականը տվյալ դեպքում կտան իրավապահ մարմինները, մանդատը լուռ վայր դնել եւ գնալ առանց պատճառաբանության, առանց մեկնաբանության՝ կարելի է դիտարկել որպես ճնշում: Հովհաննես Շահինյանի խոսքով՝ եթե ճնշում չէ, կան խախտումներ, որոնց համար ստիպված է տալ հրաժարական, ապա այդ մասին նույնպես պետք է հասարակությունն իրազեկված եւ տեղեկացված լինի` ինչ պատճառներով է նա հրաժարական տալիս, կամ եթե հարուցված է քրեական գործ, նրա պաշտոնավարումը այլեւս նպատակահարմար չէ կամ անհնարին է:

«Ես մեկ օրինակ եմ ուզում բերել. եթե այսօր թոշակառուն, պետական պաշտոնյան սպասելիքներ ունի եւ պատրաստ է սպասելու թոշակի, աշխատավարձի բարձրացմանը, ավելի համբերատար է եւ պատրաստ է մի քանի ամիս կամ տարի սպասել, ապա վթարային վերելակով երթեւեկող քաղաքացին նույնիսկ տասը վայրկյան հոգեբանորեն պատրաստ չէ մնալու այդ իրավիճակում: Այսինքն` այդտեղ պետք են արագ, օպերատիվ լուծումներ: Մայրաքաղաքի բնականոն կյանքը, օրգանիզմը այսօր դնել հարցականի տակ, ոչ ստանդարտ, իրավիճակային լուծումներով գնալ նման հրաժարականների՝ ճիշտ չէ: Փառք Աստծո, որ այս պահին հրաժարական չեն տվել վարչության պետերը, համայնքի ղեկավարները, կոմունալ ծառայության պատասխանատուները: Ինչի՞ առաջ կկանգնենք այդ դեպքում»:

Արբակիրի նախկին ղեկավարը կարծում է, որ այս պահին պատասխանատվությունը պետք է դնել բազմամյա փորձ ունեցող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի վրա, որպեսզի քաոսի, կոլապսի առաջ չկանգնենք, քանի որ եթե ոչ հատուկ, ապա այդ իրավիճակը բնական ձեւով էլ կարող է առաջանալ` անձրեւի, կոյուղու վթարի, վերելակի խափանումների եւ մի շարք այլ խնդիրների տեսքով, եւ պատրաստվել Երեւանի, ոչ թե ավագանու, ինչպես ընդունված է ասել, այլ, ըստ Շահինյանի, Երեւանի պատգամավորների արտահերթ ընտրության. «Ավագանի բառն էլ կառաջարկեմ փոփոխության ենթարկել, քանի որ ընտանիքի ավագ, թիմի ավագ, ավագ զորամասում, այսօր ավագանի բառն այնքան էլ հարմար չի, լավ կլիներ` լինեին պատգամավորներ, եւ պատրաստվել Երեւանի խորհրդարանի ընտրություններին: Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնի իր ծրագիրը, այն ժամանակ արդեն կունենաք մեծամասնություն, նախորդ աշխատակազմը չեք ունենա, կլինեն կոալիցիոն դաշինքներ, այդպես կձեւավորվեն ինչ-որ պայմանավորվածություններ: Բայց ինչ-որ սիրողական մակարդակով դա անել` չունենալով այն փորձը, չպատկերացնելով այս պահին Երեւանի առջեւ ծառացած խնդիրները եւ գնալ դրան, կարծում եմ, արկածախնդրություն է: Պետք է գնալ Երեւանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին»:

Չնայած հնչող այն կարծիքներին, որ Տարոն Մարգարյանը կեղծիքներով է ընտրվել, եւ նաեւ համացանցում առկա տեսանյութերին, որտեղ ականատես ենք եղել, թե ընտրությունների օրերին ինչպես էին Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություն գործադրելով հեռացնում տարածքից, պարոն Շահինյանը կարծում է, որ միեւնույն է՝ 2017-ին գործող քաղաքական ուժերից Տարոն Մարգարյանը կհավաքեր առավել ձայները. «Այնպես որ, սա իրենց ծրագիրն էր, եւ պետք է մենք հնարավորություն տանք, որ իրենք էլ կրեն պատասխանատվությունը այնքան ժամանակ, քանի դեռ նոր ընտրությունների միջոցով նոր իշխանություն չի ձեւավորվել Երեւան քաղաքում»:

Որպես ՏԻՄ ոլորտի մասնագետ՝ պարոն Շահինյանից հետաքրքրվեցինք, թե արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքում ինչպիսի՞ բացթողումներ է նկատել: «Հիմնական խնդիրը քաղաքացի-համայնքի ղեկավար կապի բացակայությունն էր: Ժամանակին, երբ կային թաղային համայնքները եւ ավագանիները, նույնիսկ 1996 թվականին, կոնկրետ Արաբկիր համայնքում երեք ընտրատարածքի էր բաժանված եւ ըստ բնակչության թվի՝ ամեն ընտրատարածքից 5 հոգի էր ընտրվում, այն ժամանակ մենք տեսնում էինք, թե որ տարածքում են առավել ձայներ տվել, եւ ինտենսիվ աշխատանք էր գնում այդ հատվածում ապրող բնակիչների հետ, մենք ուզում էինք, նույնիսկ նրանք, որոնք մեզ ձայն չէին տվել, նրանք էլ հետագայում լինեին մեր ընտրողները, այսինքն` կապը շատ խորն էր, այսօր այդ կապը չկա: Քաղաքացի եւ վարչական շրջան, քաղաքացի-քաղաքապետարան կապը չկա»,- ի պատասխան ասաց պարոն Շահինյանը:

Ներկայումս քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմը միասին վերցրած՝ 2 հազար աշխատողից ավելի են, ինչը, Հ. Շահինյանի համոզմամբ, ուռճացված թիվ է. «Եթե նրանց 50 տոկոսը կրճատենք, եւ այդ 50 տոկոսը ինքն իր աշխատանքը պատկերացնելով՝ հստակ իր գործառույթներն իրականացնի, մենք կունենանք Երեւանի խնդիրներով զբաղվող 1000-ից ոչ պակաս պատասխանատուներ, մենեջերներ: Այսօր այդ պատկերը մենք չունենք: Վարչական շրջաններում կաբինետային աշխատողներ են հիմնականում, «նաչալնիկներ», որոնք շատ են, բայց փոխարենը քիչ են տեխնիկական աշխատողները, այսօր այդ հաշվեկշիռը պետք է փոխվի, տեխնիկական աշխատողները պետք է առաջ գան, նրանք պետք է համապատասխան կրթություն ստանան, որովհետեւ խնդիրներին նրանք են առնչվում, այլ ոչ թե կաբինետում նստած պաշտոնյաները»:

«Առավոտի» հարցին, թե երկար տարիներ է՝ մայրաքաղաքում չեն լուծվում վերելակների, տանիքների, հասարակական տրանսպորտի, բնակելի շենքերի վթարայնության եւ մի շարք կարեւոր հարցեր: Քաղաքային իշխանությունները պատճառաբանում էին, որ գումար չկա, բայց միեւնույն ժամանակ ականատես եղանք, թե ինչպիսի յուրացումներ էր արել օրինակ` թափառող կենդանիների վնասազերծման եւ ստերիլիզացման ծառայություն մատուցող «Յունիգրաֆ-իքս» կազմակերպությունը, հենց բյուջեի գումարներով: Քաղաքային նոր իշխանություններն ինչպե՞ս պետք է լուծեն այդ խնդիրները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ առաջին հերթին՝ չպետք է գողանան եւ պետք է լինեն ազնիվ, ոչ միայն այն անձը, որը կոորդինացնում է այդ աշխատանքները, այլեւ նրանք, որոնք կազմում են այդ նախահաշիվները: Ասում ենք` գումար չկա, այո, ես վստահաբար ասում եմ, որ բյուջեն իրատեսական չէ, բայց մենք արդյոք այդ վերելակի վերանորոգման համար, երբ միջոցներ ենք հատկացնում, հատկացնո՞ւմ ենք այնքան, ինչքան որ պետք է: Մենք փորձում ենք ինչ-որ խնայողություններ անել, բայց եթե տասը տարվա ընթացքում մենք ամեն տարի մեկ միլիոն ենք հատկացնում տվյալ վերելակի վերանորոգման կամ մասնակի վերանորոգումների համար, եթե 4 միլիոն հատկացնենք՝ այն կապիտալ վերանորոգվի, տասը տարի կարող է անխափան աշխատել, եւ հաջորդ տարին այդ խնդիրը չի առաջանա: Ստացվում է ե՛ւ գումար ես տնտեսում, ե՛ւ քաղաքացին գիտի, որ անվտանգ վերելակից է օգտվում: Այդ խնդիրը վաղուց պետք է լուծված լիներ, որովհետեւ մարդու կյանքի հետ է կապված անմիջաբար: Արտաքին ոլորտից բացի՝ մնացած բոլոր ոլորտներում անելիքները շատ են, եւ այնպես չէ, որ եկողը նույն օրը բոլոր խնդիրները լուծելու է: Բայց որ այդ խնդիրները կարելի է լուծել եւ անել ավելին, ես դրանում վստահ եմ»:

Ինչ վերաբերում է քաղաքացի-վարչական շրջանի կամ Երեւան համայնքի պատասխանատու կապին, ապա Հ. Շահինյանը կարծում է, որ Երեւանի խորհրդարանի պատգամավորները պետք է վարչական շրջաններում գրասենյակներ ունենան, հանդիպեն բնակիչների հետ, հաշվետվություններ տան, թե՝ քանի՞ հանդիպումներ են ունեցել, ի՞նչ խնդիրներ են քննարկել, ի՞նչ ժամանակահատվածում են այդ խնդիրները լուծումներ ստացել եւ այլն: «Ինչպես որ նախկին իշխանություններն էին կտրված ժողովրդից, այնպես էլ քաղաքային: Ժողովուրդն առանձին իր կյանքով էր ապրում, իշխանությունները` իրենց կյանքով: Ստեղծվել էր մի ֆեոդալական համակարգ, եւ այդ համակարգը խժռում էր իր բոլոր զավակներին: Երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ ընտրվում էր Ավան համայնքի ղեկավար, ես տեսել եմ ավանցիների ուրախությունը, ոգեւորությունը, մաղթանքներն ու ցանկությունները, բոլորս էլ ուրախ էինք, բայց այսօր տեսեք՝ ինչ է կատարվում` դժգոհություններ, խնդիրներ, բնակֆոնդ, տրանսպորտ, վերելակ, տանիք եւ ամենացավալի խնդիրներից մեկը` նախակրթարանները, որտեղ հազարներով երեխաներ հերթի մեջ են: Այնքան էր իջել այդ նշաձողը, որ երեխային հերթի միջից արտահերթ ընդունելու համար… այդ ծրագրերում փոփոխությունները միայն քաղաքապետի մակարդակով պետք է կատարվեին: Կներեք, այդ դեպքում ինչո՞վ են զբաղված տվյալ վարչական շրջանների կրթության բաժինների ղեկավարները, նրանց տեղակալները: Այդպես չի կարելի, ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի վրա: Իսկ ո՞րն է մյուսների գործառույթը, ինչի՞ համար են աշխատավարձ ստանում՝ ծաղիկ ցանել-ջրելո՞ւ: Եթե չեք պատկերացնում ձեր աշխատանքը, ուրեմն մի զբաղեցրեք ուրիշների տեղերը, որոնք այդ ոլորտի մասնագետներ են: Քաղաքը, համայնքը կենդանի օրգանիզմ է, յուրաքանչյուր ոլորտ իր մոտեցումն ունի, եւ պետք է շատ խիստ կադրային քաղաքականություն ունենալ, եւ այդ ժամանակ կլինեն տեսանելի արդյունքներ, խնայողություններ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031