Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկայի ցուցմունքը նույնությամբ արտատպվել է որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրության մեջ

Հուլիս 13,2018 13:30

Նախաքննության ընթացքում կորզվել է թվով 6 ցուցմունք, որից երեքը որպես վկա հարցաքննության արձանագրությամբ

Հարություն Գուլոյանի պաշտպանի` Արմինե Ղասաբողլյանի պաշտպանական ճառն արդեն պատրաստ է: Հուլիսի 19-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հավանաբար կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Հարությունը մեղադրվում է «խմբի» կազմում «Սոս-97» ՍՊԸ տնօրենի որդու, այս գործով երկրորդ ամբաստանյալ Արտյոմ Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ «Առուվաճառքի և ապրանքների մատակարարման» պայմանագրեր ու դրանց հանձնման-ընդունման արձանագրություններ պատրաստելու, դրանք Երևանի քաղաքապետարան ներկայացնելու համար:

Մեղադրող Է.Պետրոսյանը հանդես է եկել մեղադրական ճառով եւ պահանջել է 800 000 դրամ տուգանք:

Պաշտպանական կողմի պնդմամբ, մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ: Դատական նիստերից մեկի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մասամբ բավարարել էր պաշտպանի միջնորդությունը՝ ցուցմունքների անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ, որպես վկա տված ցուցմունքները համարել է անթույլատրելի, մինչդեռ պաշտպանական կողմը գտնում է, որ նախաքննության ընթացքում տված բոլոր ցուցմունքները պետք էր համարել անթույլատրելի, քանի որ Հ. Գուլոյանից որպես վկա կորզած ցուցմունքը հետագայում նույնությամբ արտատպվել է որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրության մեջ :

Գուլոյանը մեղադրվում էր հանրորեն վտանգավոր արարք կատարելու մեջ:

Որպես ապացույց գործում դրվել են փորձաքննության եզրակացությունները, ինչի կապակցությամբ, պաշտպանը նշում է, որ. «Առաջին փորձաքննության եզրակացությունը կատարվել է դատավարական նորմերի խախտումներով, այն է՝ պաշտպանյալս զրկվել է փորձաքննությանը մասնակցելու իր բացառիկ իրավունքն իրականացնելու հնարավորությունից, ինչպես նաև փորձագետին հարցեր առաջադրելու, իր ցանկությամբ փորձագիտական հիմնարկ ընտրելու և փորձաքննությունն այնտեղ իրականացնելու իրավունքից, Գուլոյանից չեն վերցվել ազատ ստորագրության նմուշներ, դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274 հոդվածի պահանջը:

Թեպետ դատարանի որոշման մեջ հիշատակված էր ամբաստանյալներին փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելը, այնուամենայնիվ, դատարանի որոշման պահանջը չի կատարվել, այդ կերպ կրկին զրկելով վերջիններին իրենց իրավունքն իրականացնելու հնարավորությունից»: Պաշտպանական կողմն իր միջնորդության մեջ հայտնել է, որ փորձաքննություն կատարելիս Հ. Գուլոյանից ազատ ստորագրության նմուշներ չեն վերցվել, հույս հայտնելով, որ կրկնակի փորձաքննությամբ այդ խախտումը կվերացվի, սակայն խախտումը ոչ միայն չի վերացվել, այլև շարունակվել է:
Ըստ էության, փորձագետը չի պատասխանել որոշմամբ առաջադրված այն հարցին` հնարավո՞ր է, որ պատճենների վրա դրված ստորագրությունները տարբերվեին բնօրինակի վրա դրված ստորագրություններից, դրանով իսկ բաց թողնելով գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հարցի պատասխանը:

Մի դեպքում փորձագետը վկաներից, մասնավորապես, Բուրաստան Գրիգորյանի մասով եզրահանգել է. «հնարավոր չի եղել պարզել ստորագրության պատկանելությունը՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով», մինչդեռ երկրորդ փորձաքննության եզրակացությամբ փորձագետը հետևություն է արել` «ստորագրությունը հավանաբար կատարվել է Հ. Գուլոյանի կողմից»:

Այս կապակցությամբ պաշտպանը նշում է. «Եթե առաջին փորձաքննության եզրակացության մեջ հիշատակված լիներ այլ պատճռաբանություն, պաշտպանական կողմը միգուցե կիսեր փորձագետի նման հավանական հետևությունը, բայց երբ խոսքը գնում է նյութի սակավության մասին, առավել ևս, որ փաստաթուղթը մեկ անգամ արդեն իսկ ենթարկվել է փորձաքննության, այդ կերպ վնասվելով, երկրորդ եզրակացությամբ արդեն իսկ վնասված և նյութի սակավության հետևանքով պարզելու անհնարինության դեպքում հանգել հետևության, թե ստորագրությունը հավանաբար կատարվել է իմ պաշտպանյալի կողմից, պարզապես անհեթեթություն է»:

Դատարանի ուշադրությունը հրավիրվեց նաեւ այն հանգամանքի վրա, որ փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի՝ առուվճառքի և մատակարարման պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի բնօրինակները պատճենների հետ համադրելու արդյունքում, մինչդեռ գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Գուլոյանը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել փաստաթղթերի պատճեններ, այլ ոչ թե բնօրինակները: «Բնօրինակները վարույթն իրականացնող մարմնի կողմից առգրավվել են քրեական գործ հարուցելուց հետո միայն, ամիսներ անց: Այսինքն, իմ պաշտպանյալը իրեն մեղսագրված հանցանքի կատարման ընթացքում օգտագործել է փաստաթղթերի պատճեններ, որոնք իրավունք վերապահող փաստաթղթեր հանդիսանալ չեն կարող, նկատի ունենալով որ ՀՀ -ում ցանկացած գործարք կատարվում է փաստաթղթի բնօրինակով, իսկ գործարքի կողմն էլ կրում է պատասխանատվություն դրանից բխող հետևանքներով»,-հայտնում է Ա. Ղասաբողլյանը: Նկատենք, որ պայմանագրի պատճենները չեն հանդիսանում պայմանագրերի բնօրինակների պատճեններ, պատճենների վրա առկա կլոր կնիքի դրոշմապատկերները և ստորագրությունները կարող են այսօրվա տեխնիկական հնարավորությունների մեծացման պայմաններում մեկ այլ նմանատիպ փաստաթղթից կամ փաստաթղթերից սկաների միջոցով անցկացվել համակարգիչ, ապա տեղավորվել էջի համապատասխան հատվածում և տպագրվել:

Պաշտպանի գնահատմամբ, այս գործով ձեռք բերված ապացույցները թերի են, եւ միջնորդում է խորհրդակցական սենյակում հաստատել վերոնշյալ փորձաքննության եզրակացությունների որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:

Ըստ նրա, ապացույցների անթույլատրելիության հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Արմեն Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ. «Որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով:

Ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում»:

Ըստ էության, քրեական գործում առկա թվով 8 պայմանագրերից 5-ի վրա դրված ստորագրությունները չեն պատկանում Հ. Գուլոյանին, պատճենի վրա առկա ստորագրությունները կարող էին փաստաթղթերից սկաների միջոցով անցկացվել համակարգիչ, բացի այդ, դրանց պատրաստման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել:

Պաշտպանը խնդրում է քրեական գործի քննության ընթացքում չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի և Հ. Գուլոյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031