Լիլիթ Մակունցի հետ հույսեր է կապում Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը
Հանրապետության որոշ մարզային թատրոններ պատկառելի կենսագրություն ունեն, ինչն այսօր մանրադիտակով է հնարավոր տեսնել: Այնքան չլուծված խնդիրներ կան մայրաքաղաքային թատրոններում, որ հերթը, գոնե վերջին 30 տարիներին, չի հասնում մարզայիններին: Հասել ենք մի կետի, որ երբ թատերարվեստի ճանաչված մեկ-երկու գործիչներից հետաքրքրվեցինք Ալավերդու թատրոնի մասին, մեր զրուցակիցները զարմացան, որ այդ թատրոնը դեռ գործում է, չնայած այն իրականությանը, որ 1970-ականների վերջերին Ալավերդու Ակներ գյուղում է հիմնադրվել «Թատերական Լոռի» փառատոնը, հետագայում «տեղափոխվելով» Ալավերդի:
«Առավոտը» քանիցս անդրադարձել է մարզային թատրոններին, բայց վերջին շրջանում մի իրավիճակ է ստեղծված, երբ ասում ենք մարզային թատրոն՝ պատկերացում է ստեղծվում երկուսի՝ Գյումրիի եւ Վանաձորի թատրոնների մասին:
Տեղին է հակիրճ ներկայացնել Ալավերդու թատրոնը, որի մասին ժամանակին հիացմունքով են արտահայտվել արվեստի մեր մեծերը, այդ թվում՝ Հրաչյա Ներսիսյանը: Ի դեպ, Ալավերդիում թատերական ներկայացումներ են խաղացվել մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը եւ անցյալ դարի 20-ական թվականներին Թիֆլիսից ժամանած շրջիկ խմբերը: 1934թ. Արմեն Արմենյանը հիմնադրում է բանվորական պետական թատրոնը, որի փակվելուց հետո 1965-ից շարունակվում են ներկայացումները շրջանային կուլտուրայի տանը: Իսկ 1959թ. նկատի ունենալով թատերախմբի բարձր մակարդակը, Ալավերդու թատրոնն առաջիններից էր, որը Հայաստանում ստանում է ժողովրդական թատրոնի կոչում, ինչն էլ այդ կարգավիճակում գոյատեւում է մինչեւ 1990-ականների սկիզբը: Հենց այդ թատրոնում են ստեղծագործել, հետագայում Սունդուկյանի թատրոն տեղափոխվել հայ թատերարվեստի երախտավորներ Վերջալույս Միրիջանյանն ու Գեւորգ Ասլանյանը, այդ թատրոնի կուլիսներում են մեծացել Վլադիմիր ու Ժասմեն Մսրյանները, որոնց հայրը՝ պարոն Հովհաննեսը, թատրոնի ռեժիսորն էր, իսկ մայրը՝ տիկին Արաքսյան՝ ճանաչված ու սիրված դերասանուհի:
Մեզ հետ հանդիպման ժամանակ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը նշեց, որ 1990թ. Վահե Շահվերդյանը հիմնեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի Ալավերդու մասնաճյուղը: Ռեժիսորն աշխատեց երկու տարի եւ մեր զրուցակցի խոսքերով՝ այդ ժամանակահատվածը եղավ ալավերդցիների համար իսկապես բարձրագույն մի «շկոլա»: Մենք էլ հիշում ենք, որ 1992թ. Վահե Շահվերդյանի եւ շրջխորհրդի գործկոմի հետ տարաձայնություններ եղան, գործկոմը տարեկան 30 հազար ռուբլի էր տրամադրում Ալավերդու թատրոնին՝ նոր բեմադրությունների համար, սակայն Շահվերդյանը Վանաձորի թատրոնի իր ներկայացումները «հարմարեցնում» էր Ալավերդու թատրոնի բեմին (շուրջ 500 հանդիսատես) եւ փաստորեն հատուկ բեմադրություններ չէր իրականացնում:
«Վերադառնալով» Ալավերդու թատրոն, մեր զրուցակիցը՝ Հրաչյա Պապինյանը, փաստեց, որ այդ թատրոնը, փաստորեն, 1993-ից նոր շնչառություն ստացավ՝ իր 13 դերասաններով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ մինչ օրս բեմադրվել է շուրջ 20 ներկայացում: Ռեպլիկին՝ 13 դերասանո՞վ, պարոն Պապինյանն ասաց. «Դերասանների խնդիր միշտ էլ ունեցել ենք: Ունենք տեղաբնակներ, որոնք ավարտելով թատերական ինստիտուտը, չեն վերադարձել: Միանշանակ, դերասաններ ենք հրավիրում «դրսից», հիմնականում՝ Վանաձորից»: Նշեց նաեւ, որ այս պահին ընթանում են Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» պիեսի փորձերը, զբաղված են թատրոնի բոլոր դերասանները եւ թատրոնին կից գործող ստուդիայի սաները (ղեկավար՝ Արթուր Սիմոնյան): Դիտարկմանը, թե իրենց թատրոնի այցեքարտը «Թատերական Լոռի» փառատոնն է, մեր զրուցակիցը, որը նաեւ փառատոնի տնօրենն է, առանց մանրամասնելու հայտնեց, որ նոր իրողությունների հետ պայմանավորված, առաջացել են որոշ փառատոնային հարցեր եւ այդ առիթով պատրաստվում է հանդիպել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Ռեպլիկին՝ իրենց բախտը բերել է, քանի որ նախարարը հայտարարում է, որ ինքը թատերասեր է, պարոն Պապինյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ նախարարը կկարեւորի փառատոնի անցկացումը, որը նախատեսված է նաեւ մարզի 5 քաղաքներում նույնպես: Փառատոնի բացման եւ փակման հանդիսությունները կանցկացվեն Դսեղում, իսկ միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից, կավարտվի հոկտեմբերի 6-ին: Օրինակ, Դսեղում փառատոնի փակման օրը կներկայացվեն նաեւ հայ եւ արտասահմանցի շուրջ 30 նկարիչների աշխատանքներ: Ասեմ, որ այդ օրերին Դսեղում անց է կացվելու նկարչական միջազգային փառատոնը: Ընդհանրապես «Թատերական Լոռի» փառատոնը տարբեր տարիների նվիրել ենք թատերարվեստի մեր երեւելիներին՝ Գալյա Նովենցին, Սոս Սարգսյանին եւ մյուսներին: Այս տարի փառատոնը նվիրված է Երվանդ Ղազանչյանի, Յուրի Երզնկյանի, Վլադիմիր Մսրյանի հոբելյաններին, ինչպես նաեւ Թումանյանի 150-ամյակին: Վերջինի առիթով թումանյանական հեքիաթները փառատոնի շրջանակներում կներկայացվեն Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից ժամանած թատերախմբերի կողմից: Առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ մշտապես մեր թատրոնի կողքին են եղել հայր եւ որդի Ղազանչյանները, երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանը…»:
Եթե չենք սխալվում՝ վերջին տարիներին մեկ անգամ եք հյուրախաղերով հանդես եկել մայրաքաղաքում, սա էլ հո ֆինանսական մեծ ներդրո՞ւմ չի պահանջում հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեկ անգամ 1995-ին ենք եկել Երեւան, խաղացել ռուսական թատրոնում: Բայց, օրինակ, Երվանդ Ղազանչյանը մշտապես հրավիրել է՝ շեշտելով, որ տրամադրում է Կոմեդիայի թատրոնի դահլիճը կամ Հակոբ Ղազանչյանը «հազար անգամ» ասել է՝ եկեք, խաղացեք Միության բեմում: Բայց հազար ու մի հարցեր կան…»:
Ժամանակին Ալավերդին ուներ շուրջ 25 հազար բնակչություն, հիմա հավանաբար մնացել է կեսը՝ եթե ոչ պակաս, հետաքրքիր է՝ դուք հանդիսատես ունե՞ք: «Չափազանցություն չթվա, բայց ունենք թատերասեր հասարակություն: Նրանք «հազար անգամ սիրով գալիս են դիտելու Աղասի Այվազյանի, Ժիրայր Անանյանի, Կարինե Խոդիկյանի, Թումանյանի, ժամանակակից ռուս դրամատուրգներ Գալինա Սոկոլովայի, Լյուդմիլա Ռազումովսկայայի, ինչպես նաեւ Գիլերմե Ֆիգեյրետոյի, Բոմարշեի, Էդուարդո դե Ֆիլիպոյի գործերը»: Հանդիսատեսը՝ հանդիսատես, բայց, օրինակ՝ ձեր դերասանների մոտ չե՞ք նկատում ընկճվածություն, քանի որ իրենց երեւանցի, գյումրեցի, վանաձորցի գործընկերները երբեմն գոնե մեկնում են հյուրախաղերի կամ նկարահանվում սերիալներում… Այս հարցին ի պատասխան՝ Հրաչյա Պապինյանն ասաց. «Հաճախ ապշում եմ՝ սոցիալական բեռը իրենց ուսերին կրելով, արտիստներս ո՞նց են կարողանում ուժ գտնել՝ գալ փորձերի, հետո արդեն խաղալ ներկայացումներ… Բայց մի բան ինձ էլ է ուժ տալիս. ալավերդցիներս՝ ոչ միայն թատրոնի դերասանները, լավատես ենք…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2018