Ճամփորդելը մշակույթ, իրեն՝ այդ մշակույթի կրողը համարող Արմեն Ավագյանը 6 տարվա ընթացքում հասցրել է լինել Հայաստանից դուրս 23 քաղաքում, 8 երկրում, որոնցից երկուսում՝ երկուական անգամ: Նա սեփական փորձով է հակադարձում այն կարծիքին, թե տարբեր երկրներում լինելը պարտադիր ենթադրում է մեծ գումարների ծախս:
Ի՞նչ և ինչպե՞ս անել Երկիրը «ոտքի տակ տալու» համար. Պատմում է երիտասարդ ճանապարհորդը:
– Ինչպե՞ս սկսվեցին ճանապարհորդական արկածներդ:
– Երբ նոր էի վերադարձել բանակից, ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ Լեհաստան՝ միջմշակութային փոխանակման ծրագրի մասնակցելու: Դիմեցի, գնացի ու էդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Սկզբում խուսափում էի, ինչի գլխավոր պատճառներից մեկն անգլերենին բավարար չտիրապետելս էր: Արդեն Լեհաստանում հասկացա, որ էնպես չի,որ եվրոպացիները լավ անգլերենով են խոսում ու, ընդհանրապես, անգլերենի իմացության մակարդակը հաստատ չի կարող չճամփորդելու պատճառ լինել: Ծրագրից հետո առաջին ճամփորդությունս կրկին եղավ դեպի Լեհաստան՝ Կրակով քաղաք, որին ես սիրահարված եմ մինչ օրս:
– Դու գիտես «ինչպե՞ս չլինել միլիոնատեր ու պտտվել ամբողջ աշխարհում» գրեթե առեղծվածային հարցի պատասխանը: Ուզում ենք իմանալ նաև մենք:
– Սկզբունքը պարզ է. ընտրում եմ ամենաէժան ուղղությունը ամենաէժան ժամանակ: Գնում եմ ինչ-որ քաղաք ու ոչ մի դեպքում հետ չեմ վերադառնում այդտեղից, այլ փորձում եմ իմ արկածները շարունակել այլ քաղաքում: Օրինակ՝ թռիչք եմ ունեցել Միլան և հետ չեմ եկել. գնացել եմ Ֆլորենցիա, Պիզա, Վենետիկ, հետո արդեն մտածում էի վերադառնալ Երևան, բայց քանի որ տոմսը շատ թանկ էր, որոշեցի, որ կգնամ ամենահարմար ուղղությամբ, այդ դեպքում՝ Բեռլին: Շատ մեծ ցանկություն ունեի տեսնել նաև Համբուրգը ու քանի որ էնտեղից մատչելի կարող էի վերադառնալ Երևան՝ հաջորդ ուղղությունս դեպի տուն էր:
– Երբեք չճանապարհորդած մարդը կարո՞ղ է գտնել այդ ամենաէժան ուղղությունները:
– Միանշանակ կարող է: Չեմ թաքցնում՝ դա համբերատարություն ու նյարդեր պահանջող գործընթաց է, պիտի շատ ուզես ու շատ զբաղվես դրանով: Տոմսերը անհրաժեշտ է գնել օնլայն տարբերակով: Շատերը հետ են կանգնում իրենց մտադրությունից՝ օնլայն գնումների նկատմամբ վստահություն չունենալու պատճառով, բայց իմ սեփական օրինակով կարող եմ փաստել, որ չկա որևէ տարբերություն օնլայն տարբերակով և թռիչքից երկու օր առաջ ավիաընկերության կայքից գնած տոմսերի մեջ: Ինքս միշտ պատրաստ եմ օգնել այս ոլորտում սկսնակներին: Բայց այս տարբերակով ճանապարհորդող մարդը չպիտի կենտրոնանա հստակ երկրի կամ քաղաքի վրա, ուզածդ տեղում հայտնվելու համար մի փոքր համբերություն է պետք, պետք է սպասել ամենաճիշտ ժամանակին:
– Բայց միայն սպասելը բավական չէ, ինչ-որ գաղտնիքներ, այնուամենայնիվ, կա՞ն:
– Ավելի շուտ՝ որոշ նրբություններ, ասեմ գլխավորներից մեկը. տոմսերը գնում ենք թռիչքից մինչև 1 տարի շուտ: Հիմնականում շարժվում ենք Վրաստանի Քութայիսի օդանավակայանից: Այսպիսով կարողանում ենք ճանապարհորդել ամենամատչելի կերպով: Թվերը շատ ավելի խոսուն են. Ամանորին Վրաստանից դեպի Լոնդոն երկկողմանի տոմսը 22.000 դրամ էր, նույն շրջանում Երևանից գնալու դեպքում՝ 220.000 դրամ: Մի քանի այլ ուղիներ ևս կարող եմ նշել, օրինակ՝ Վրաստանից Հունաստանի Սալոնիկ քաղաք՝ 15.000 դրամ, Սալոնիկից Հռոմ՝ 10.000, Վենետիկից Բեռլին՝ 9.000: Ողջ «Ճամփորդական կյանքիս» ընթացքում ամենաթանկ տոմսիս համար վճարել եմ 35.000 դրամ. Համբուրգ-Աթենք-Երևան ուղղությունն էր:
Ի դեպ, գնում ենք առանց ուղեբեռի: Վերցնում ենք 10 կիլոգրամանոց ճամպրուկ, որի մեջ տեղավորվում է անհրաժեշտ ամեն բան: Մի անգամ ճանապարհորդել ենք շուրջ 18 օր, ու վստահ կարող եմ ասել, որ ոչնչի պակաս չենք ունեցել:
– Իսկ ինչպե՞ս է լուծվում կեցության, սննդի հարցերը:
– Դրանք ևս պլանավորում ենք շատ շուտ, օնլայն տարբերակով: Ինչ վերաբերում է կացարանին, ապա մեծ խմբով գնալու դեպքում լավագույն տարբերակներից մեկը հոսթելում սենյակ վարձելն է: Գիտեմ՝ որոշ մարդկանց մոտ այս բառը բացասական էմոցիաներ է առաջացնում, բայց ուզում եմ բոլորին ասել, որ հոսթելը վատ բան չէ, հատկապես Եվրոպայում: Ընկերներով գնալու դեպքում կարելի է վարձել նաև բնակարան: Սննդի հարցում ևս օնլայն տարբերակներից ենք օգտվում: Համացանցում կան կայքեր, որոնք հուշում են, թե որտեղ անպայման պիտի լինել, նշում են ուտեստներ, որոնք պարտադիր պիտի փորձել՝ լինելով այդ քաղաքում: Օրինակ, եթե բախտ եք ունեցել լինել Իտալիայում, պիտի պարտադիր փորձեք պիցայի 10-ից ավելի տեսակներ, պաստա, սպագետի, լազանյա:
Առանց դրանց, կարծում եմ, չի լինի: Գտնում ենք տեղեր, որտեղ սնվում են հենց իտալացիները. իրենք հաստատ իրենց քիմքին հարիր ավելի համեղ տեղերում կսնվեն:
– Ո՞րն է եղել ամենատպավորիչ ճամփորդությունը:
-Դրանք մեկը մեկից լավն են լինում, բայց այս պահին ինձ համար Անգլիան մնում է անգերազանցելի: Ամենալավ երազներումս անգամ չէի կարող պատկերացնել, որ հինգ ամսվա մեջ 2 անգամ կհայտնվեմ այնտեղ: 3 օր Լոնդոնը ոտատակ տալուց հետո մեր ճանապարհորդությունը շարունակվեց դեպի Լիվերպուլ, որովհետև մեր ընկերներից մեկը բիթլոման էր, և Լիվերպուլը տեսնելը մեզ համար ամենակարևոր իրադարձություններից էր լինելու. քարերը, շենքերը, փաբերը, ընդհանրապես, ամեն ինչ շնչում էր բիթլզով: Անբացատրելի զգացողություն էր էնտեղ լինելը: Դե, լինել Անգլիայում ու չգնալ Մանչեսթր ու չմտնել այն ստադիոնը, որտեղ այդ ժամանակ դեռ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, ուղղակի հնարավոր չէր: Էնտեղից էլ գնացինք Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ, որը իմ ամենասիրած քաղաքներից է, ու որտեղ ես անպայման պիտի վերադառնամ:
Իսկ ամենատպավորիչի մասին խոսելիս պիտի նշեմ Ելիզաբեթ թագուհու նստավայրը՝ Բուքինհեմյան պալատը: Այնտեղ ամեն օր լինում է հերթափոխ, որ կատարվում է արքայական ձևով: Ամեն օր հարյուրավոր մարդիկ գնում են տեսնելու այդ արարողությունը: Ի դեպ, Միացյալ Թագավորություն 2-րդ ճանապարհորդության ընթացքում բացահայտեցի, որ Լոնդոնի գրեթե բոլոր թանգարաններն անվճար են:
– Ի՞նչ է պետք մարդուն նման տպավորիչ ճամփորդություններ ունենալու համար:
– Առաջին բանը, որ մտքիս գալիս է էս պահին ու միշտ՝ ցանկություն: Կարելի է ընդամենը կարդալ, իմանալ, թե ուր եք գնում, ինչ պիտի տեսնեք, ինչ պիտի ուտեք, որտեղ պիտի մնաք: Նախօրոք պլանավորել է պետք: Երբեմն ասում են, թե մենք չենք հանգստանում, բայց ամեն մարդ ինքն է ընտրում՝ 1 շաբաթ անցկացնել ծովում, կամ բացահայտել նոր մի քաղաք, նոր մշակույթ, նոր պատմություն: Ինձ համար վերջինը անհամեմատ հետաքրքիր է:
Ես մտածում եմ, որ ճամփորդելը մշակույթ է, որի կրողը պիտի լինի մարդ: Ուղղակի պիտի շատ ցանկանալ ու ամեն ինչ հնարավոր կլինի, բոլոր քաղաքները Երկիր մոլորակի վրա հասանելի են:
ԱՐՈՒՍՅԱԿ ԿԱՊՈՒԿՉՅԱՆ
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2018